Ինչպես տեսա «Տրամվայ «Ցանկություն»» ներկայացումը

Ինչպես տեսա «Տրամվայ «Ցանկություն»» ներկայացումը
> _Գրել վերացող ժանրով_



Երեւանի դրամատիկական թատրոնում փետրվարի 12-ին կայացավ «Տրամվայ «Ցանկություն»» ներկայացման պրեմիերան: Ներկայացման ռեժիսոր Սուրեն Շահվերդյանն առաջին անգամ չէր բեմադրում Թենեսի Ուիլյամսի «Տրամվայ «Ցանկություն»» պիեսը: Այս օրերին էլ Սունդուկյանի անվան թատրոնում շարունակում են խաղալ 1999 թվականին Շահվերդյանի բեմադրած ներկայացումը:



Հինը կամ նախկինը (շնորհալի դերասաններ Նելլի Խերանյանի եւ Մուրադ Ջանիբեկյանի խաղը) չեմ տեսել եւ, իբրեւ չնախապաշարված հանդիսատես, փորձեմ գրել օրերս տեսած ներկայացման մասին: Գրել վերացող ժանրով՝ դյուրին գործ չէ: Այսօրվա հանդիսատեսին ինչով էր հետաքրքիր 1947 թվականին գրված, հարյուրավոր բեմադրությունների ու ֆիլմերի հիմք դարձած, մինչեւ իսկ սցենարի համար «Օսկարի» արժանացած ամերիկացի դրամատուրգի պիեսը:



«Ցանկություն» ռոմանտիկ անվանումով տրամվայով (հետո կպարզվի, որ այսպիսի մանրուքները հերոսուհու համար նշանակալի են) քրոջ եւ ամուսնու համեստ կացարանում է հայտնվում ավագ քույրը՝ Բլանշ Դյուբուան (դերասանուհի Լուիզա Ղամբարյան)՝ ասելով, թե կարճ ժամանակով է եկել, քանի որ դպրոցում ջղերը տեղի են տվել, եւ տնօրենն արտահերթ արձակուրդ է տրամադրել: Անսպասելի եւ անորոշ ժամանակով:



«Այս ի՜նչ պայմաններում ես ապրում»,֊ կարեկցող զարմանքով դիմում է կրտսեր քրոջը: Ստելան (դերասանուհի Նարինե Պետրոսյան) տարիներ առաջ դատարկաձեռն ու անսպասելի հեռացել էր շեն ու բարգավաճ ագարակից՝ միմյանց հետեւից մահացող արյունակիցների ծանր բեռը թողնելով քրոջ փխրուն ուսերին: Ստելան չի դժգոհում կյանքից, հեռակա զգուշորեն ներկայացնում է ամուսնուն. Կովալսկին նման չէ իրենց շրջանակի տղամարդկանց, մի քիչ կոպիտ է, բայց լավ սիրտ ունի եւ իրեն շատ է սիրում: Ստենլի Կովալսկու (դերասան Ստեփան Ղամբարյան) մուտքն արդեն կոպիտ ու անքաղաքավարի տանտիրոջ հայտ էր՝ զգեստափոխվում է առաջին անգամ տեսած կնոջ ներկայությամբ: Եվ ամենեւին մտադիր չէ կնոջ պես հավատ ընծայել Բլանշի ամեն ասածին: Քողազերծումների ու ինքնաբացահայտումների մի շարան է սկսվում: Ժամանում է տիկինը եւ հայտարարում, որ կորցրել է ամեն ինչ, «Երազանք» անունով իրենց տունը, ագարակը: Ստելան հավատում է ու կարեկցում, Կովալսկին կասկածում է ու հարցեր տալիս:



> Բլանշ - Ձեռքներիցս գնաց, կորցրինք ամեն ինչ:



> Կովալսկի - Ի՞նչ է նշանակում կորցնել, վաճառել ես…



> Բլանշ - Այլեւս մերը չեն, հօդս են ցնդել…



> Կովալսկի - Որքանո՞վ ես վաճառել, ո՞ւր են փաստաթղթերը, չէ՞ որ կնոջ սեփականությունը նաեւ ամուսնունն է…



«Ազնվականության նշույլ չունեցող Կովալսկին» կոպտորեն զննում է տիկնոջ ճամպրուկի պարունակությունը եւ անցնում պսակազերծումի՝ այս թանկարժեք զգեստները, մորթիները, այս թանկարժեք մանյակը, վստահաբար, ձեռք չեն բերվել ուսուցչուհու համեստ աշխատավարձով: Մինչ Կովալսկին հետաքրքրվում է անսպասելի հյուրի անցյալ կյանքով, դժբախտ Բլանշին է սիրահարվում Սթենլիի ընկերը: Արամոյի դերակատարմամբ Միտչը դառնում է ներկայացման կարեւոր գործող անձ: Բլանշ - Լուիզա Ղամբարյանը պաթոսով ներկայացնում է իր անհաջող ամուսնության պատմությունը՝ եզրափակելով. «Կյանքիս լույսը մարեց»: Միտչ - Արամոն պարզ խոսվածքով նրան վերադարձնում է տվյալ իրադրության ու ժամանակի մեջ. «Ձեզ մտերիմ մարդ է պետք, ինձ էլ՝ Բլանշ»:



Արամոն ճանաչելի՝ իրեն հատուկ ֆրանտի կերպարից դուրս էր: Առաջին իսկ մուտքից երեւում է կերպարի կենսագրությունը, դանդաղաքայլությունը հուշում է՝ սկսվող կամ քրոնիկ հիվանդություն, զգուշավոր ու կասկածամիտ բնավորություն: Պիջակի մեջ սեղմված-քողարկված, վատ տեսնողի չսազող ակնոցով միջին տարիքի, մորը խնամող տղամարդ է Միտչը: Դյուրահավատ, դանդաղամիտ, բայց նաեւ՝ հաստատամիտ: Հավատարիմ ընկեր է, լավ որդի, երբ պարզում է, որ սիրած կինը խաբել է, հրաժարվում է նրան տանել մոր մոտ: Զուսպ, նյուանսներով դերակատարում էր, թեեւ դերը մեծ չէր:



Միայն սիրահարության պար-տեսարանում ճանաչելի ջազային Արամոն էր: Ներկայացման լավագույն տեսարաններից էր երկուսի (Արամոյի եւ Լուիզայի) հրաշալի ջազային պարը՝ իբրեւ սիրային երկխոսության բեմական պլաստիկ լուծում: Սա է ներկայացումը, եւ սա տեսնելու համար են գալիս թատրոն, այլապես կարելի է հանգիստ թիկնած՝ պիեսը կարդալ. սա չես տեսնի կարդալիս, սա է մտահղացումը եւ իրականացումը: Կոպիտ եւ ոչ էլ ծիծաղելի էին բռնաբարության, սիրախաղերի տեսարանները, գեղագիտորեն ճիշտ լուծված:



Ուշագրավ էր Նարինե Պետրոսյանի զուսպ ու հավաստի խաղը: Հավատում ես Ստելայի ներողամտությանը՝ այս կյանքին անպատրաստ ավագ քրոջ արարքների հանդեպ, նրա սիրուն ու կրքին, որը տածում է ամուսնու հանդեպ, ներկայացման վերջին տեսարանում նրա հուսահատությանը՝ սենյակի մի անկյունում հատակին նստած, պատին հենված. «Հիմա ես ո՜նց շարունակեմ ապրել նրա հետ, եթե քո պատմածը ճիշտ է»:



Ռեալիստորեն ճշգրիտ, բայց կոպտորեն միօրինակ էր Ստեփան Ղամբարյանի Ստենլին: Եթե կոպիտ մարդու էր խաղում, կարող էր գոնե ցույց տալ, թե որ կետում է նա զգայուն: Այդ ակնարկն զգացվում էր ընկերոջ հանդեպ տածած գորովալից վերաբերմունքի մեջ, եւ դա մարդկայնացնում էր նրան ավելի, քան շիրոտված ձեռքերը հագուստի վրա մաքրելը: Կոպիտ խաղը դեռեւս չի նշանակում հավաստի, եւ դերասանի այս խաղաոճում զգացվում է սերիալային «առաջավորի» շորշոփը:



Թատերական պայմանականությունը դժվար ընդունող եւ թատերային կեղծիքի հանդեպ զգայուն հանդիսականի համար գլխավոր հերոսուհի Լուիզա Ղամբարյանի խաղը չափազանցված զգացմունքային էր ու պաթետիկ: Ինքնասիրահարվածությունն ասես հերոսուհու գլխավոր ու միակ հատկանշող գիծն էր: Ինքնահիացքը կերպարին խոչընդոտում էր կենդանանալ, այլ շերտեր էլ բացահայտել, քանի որ կերպարը բազմապլան է: Ասես գործ ունես ոչ թե կերպարի, այլ դերասանական տիպի հետ:



> «Լուիզային տեսա այդ դերում». պրեմիերայից առաջ տված հարցազրույցում ասում է ռեժիսորը: Սա բենեսֆիսային ներկայացման տրամաբանություն է, ներկայացում՝ մասնակիցներից մեկի պատվին, այս երեկո պետք է փայլի այս դերասանուհին: Փայլեց հագուստով, կազմվածքով, նաեւ՝ պարով, իբրեւ Արամոյի պարընկեր:



Բլանշի մուտքը հետաքրքիր էր ու խոստումնալից՝ ներքին էներգիայով, աննկուն թվացող փխրուն էակ, նախկին կյանքը հուշող քրքիջով: Հագուկապի մեջ էլ գերակշռող տարրը մորթին է՝ իբրեւ հարստության ձգտումի, հին հարստության, ազնվականության խորհրդանիշ: Այստեղ նաեւ աշխարհից մեկուսանալու, իր ներաշխարհն ու գաղտնիքն անառիկ պահելու ատրիբուտ: Սակայն անորոշ խաղը, ինքնասիրահարվածությունը թույլ չտվեցին դերասանուհու խաղի այլ շերտեր տեսնել: Չէ՞ որ մարդը չէր կարող նույնը լինել ներկայացման սկզբում, երբ հայտարարում է, որ դպրոցի տնօրենը վաղ է արձակուրդի ուղարկել, եւ վերջում՝ 180 աստիճան պսակազերծումից հետո, երբ պարզվում է, որ գայթակղել է դպրոցականի եւ վտարվել դպրոցից: Նույն դիմախաղը, սեթեւեթանքը, երբ խոստովանում է վատահամբավ հյուրանոցում իջեւանելու մասին: Եվ արդարացում չէ «Իսկ ես ռեալիզմ չեմ ուզում, Կովալսկի» խոսքը:



Պսակազերծումները ցավոտ էին ու արմատական, եւ պիտի բան փոխվեր դերասանուհու վարքագծի, խաղաոճի մեջ: Ոչինչ չփոխվեց: Ինչպես մտավ բեմ (ներկայացումն սկսելիս արդեն բեմի վրա էր, տրամվայի մեջ, մորթիներով պարուրված), այնպես էլ հեռացավ՝ ռեժիսորի հետ թեւանցուկ:



**Գայանե Մկրտչյան- թատերագետ**



**Հրապարակ մշակութային հավելված**