«Երբ չափն անցնում եք, անչափ չեք դառնում»

«Երբ չափն անցնում եք, անչափ չեք դառնում»
Հ1-ի եթերում հեռարձակվող «Լավ երեկոն» գեներալ Սեյրան Սարոյանին հյուրընկալելուց հետո թվում էր, թե որևէ կուրիոզ բան չէր կարող անել։ Բայց, արի ու տես, որ գեներալի բարոյախրատական շուլուխները «были еще цветочки»։ Հերթը արդեն «Միս Արմենիայինն» էր։ Հասկանալի է, որ եթե հաղորդումը եթեր է հեռարձակվում մարտի 9-ին, հյուրը պետք է լինի կին, բայց մարտի 8-ին, որքանով որ տեղյակ ենք, կանանց նվերներ են տալիս, ոչ թե ծաղրում են։ Արամը այս անգամ իրոք կոտրեց կարծրատիպերը՝ ցույց տալով, թե ինչքան կարելի է ստորացնել ու նսեմացնել կնոջը։ «Ինչի՞ է հավասար 2 x 2», կամ «մի կիլո երկա՞թն է ավելի ծանր, թե՞ բամբակը»։ Զգացվում էր, որ Լիլի Սարգսյանը այս հարցերին պատասխանելու համար տանը նախօրոք «ռազմինկա» էր արել, ու նրա տված պատասխանները ոչ թե կոտրեցին, այլ ավելի ամրացրին այն կարծրատիպերը, որոնք Արամը ցանկանում էր կոտրել։



Գուցե Լիլի Սարգսյանը իրեն առանձնապես վատ չզգաց, կամ գուցե ինքն էլ հաղորդումը նայեց ու ծիծաղեց։ Ավետ Բարսեղյանն էլ նրա ֆոնին ընդգծեց իր երկաթյա ինտելեկտն ու «ինտելեկտուալներից» ստացած երկաթները, որոնք Արամը թվարկեց հաղորդման սկզբում։ Բայց Ավետի մտքի շեդևրը ընդհանրապես կաթվածահար արեց գեղեցիկի մասին մինչ այս եղած պատկերացումներս։ «Գեղեցիկը նաև խոսել գիտի»,- ահա և ձեզ նվեր սիրելի կանայք։ Բացահայտում, դեդուկցիայի հրաշք։ «Գեղեցիկ կանայք զուրկ են բանավոր խոսքի մշակույթից, տրամաբանությունից, անալիտիկ մտածողությունից»։ Կա՞ նման կարծրատիպ մեզանում։ Եթե կա, ապա Ավետը կոտրե՞ց այն, ի՞նչ եք կարծում։ Կամ հետևյալ հարցը՝ «Ի՞նչ պետք է ունենա տղամարդը՝ բացի բռաբուսից կամ փողի կտորներից, որ քո սիրտը գրավի»։ Կարելի է ենթադրել, որ առաջին երկուսը պարտադիր պայման են, կամ ի՞նչից ենթադրեց Ավետը, որ աղջիկը այդ արժեհամակարգի կրողն է։



Նյութի նպատակը բնավ հաղորդումը դատափետելը չէ։ Իրոք, հետաքրքիր ու դիտվող հաղորդում է։ Նամանավանդ վերոնշյալ թողարկման սկիզբը, երբ շոուբիզնեսի ներկայացուցիչները կատարում էին «մարտի 8» երգը, որը տոնից տոն ծաղրվում էր։ Սակայն պետք է չհատել հումորի ու ծաղրի սահմանը։ Նույնիսկ ինքնաբերաբար և ոչ կանխավ մտածված ծաղրը հանրային հեռուստաալիքում ու առհասարակ հեռուստաեթերում ընդունելի չէ։ «Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ» ասվածը ամենևին էլ պատահական չէ, եթե չկա գրոտեսկի նախապես պլանավորված միտում։ Ի վերջո Գալուստ Գրիգորիչի ոսկե խոսքերը կան՝ «Երբ չափն անցնում եք, անչափ չեք դառնում»։ Ոչ Արամը անչափ դարձավ, ոչ Ավետը, ոչ էլ «Միս Արմենիան»։



**Կորյուն Սիմոնյան**