Նվազագույն ռիսկ

Նվազագույն ռիսկ
Ցանկացած փոփոխություն մենք սվիններով ենք ընդունում։ Ցանկացած նորություն մեզ սթրեսի է մատնում։ Եթե անգամ մի կայքի թարմացումն այնպիսի ագրեսիվ հակազդեցության է արժանանում, ինչպես եղավ մեր դեպքում, երբ  փորձեցինք փոխել **hraparak.am** կայքը, ապա ինչքա՜ն մեծ հակազդեցության կարող են արժանանալ այն բոլոր կտրուկ փոփոխությունները, որոնք կատարվում են մարդկանց կյանքում, եւ որոնցից կախված են նրանց կյանքի որակը, ռիթմը, վերջապես՝ առողջությունը։



Ուստի բոլորովին զարմանալի չէ, որ դեղերի հետ կապված առողջապահության նախարարության վերջին նորամուծություններն այսքան շատ հակառակորդներ ունեցան, եւ դրա հետ կապված աղմուկն էլ ոչ մի կերպ չի լռում։ Ժամանակին նույնքան ծանր եղավ ավտոմեքենաների պարտադիր ապահովագրությունը, որը լրացուցիչ բեռ էր ավելացնում շարքային վարորդների ուսերին։ Բայց այսօր հանրությունը, մեծ հաշվով, համաձայն է, որ դա ճիշտ, օգտակար քայլ էր, որ բազում խնդիրների լուծման հնարավորություն ընձեռեց մեզ։ Ինչ վերաբերում է դեղերը դեղատոմսերով վաճառելուն, ապա դա հայկական նոուհաու չէ՝ ողջ աշխարհում է այդպես։ Մարդը չպետք է զբաղվի ինքնաբուժությամբ, եւ դեղերի վաճառքը պետք է կառավարելի լինի։ Բայց ամբողջ հարցն այն է, որ սրանից բխող այլ հետեւանքներ կան, որոնք բարդացնելու են շարքային քաղաքացիների կյանքը եւ ավելացնելու նրանց ուսերին ընկած ֆինանսական բեռը։



Ցանկացած դեղատոմս իր ետեւից բերելու է շղթայական գործողություններ՝ գրագետ ու անգրագետ բժշկի մոտ վճարովի խորհրդատվություն, բարեխիղճ ու անբարեխիղճ լաբորատորիաներում ստուգումներ, որոնց մի մասն արդարացված է լինելու, մյուս մասը՝ ոչ։ Ժամանակի ավելորդ կորուստ։ Այլ չարաշահումներ, որոնց միայն մի մասն է այսօր նկատելի։ Այս ռիսկերը պետք է նվազագույնի հասցնել։