Մեծ սպասում

Մեծ սպասում
**ԳՈՎՔ ՋԱՀԵԼ ՕՐԵՐԻ**



Ջահել էինք ու միշտ հարբած –



գինի էինք օդից քամում՝



ընծայելով անցորդ քամուն



սրտիկները մեր դռնբաց։







Ջահել էինք մենք ու սիրուն՝



աճած անհոգ անցյալի մեջ.



Չխունացող անցյալի էջ՝



Դու հիշվում ես միշտ ու սիրվում...







Ջահել էինք մենք ու սիրուն.



Հագենալ ու հոգնել չկար...



Հիմիկվա այս կյանքը տկար



Հեչ չի ձգում ու չի սիրվում։







**ՉԵՄ ՏԵՍՆԻ**



Ես իմ մաշկի մեջ բնավ չեմ մրսում։



Էլ ես իմ մաշկից դուրս չեմ գա արդեն,



որ տեսնեմ՝ ի՞նչ է կատարվում դրսում՝



իմ մաշկից ու իմ պատյանից անդին։







Ես իմ պատյանից չեմ սողոսկի դուրս,



որ տեսնեմ՝ ո՞նց է տաքացնում արևն



այն ճամփորդներին՝ ովքեր արդարև



անապաստան ու մերկ են ի վերուստ։







**ՍՊԱՍՄԱՆ ՕՐԵՐ**



Մոլորված չենք առաջվա պես։



Մեզ շտկեց այս նոր տարին։



Մենք կսիրենք իրար այնպես,



Ինչպես սիրում ենք օտարին։







Հաա՜փ-չիի՜, ահա, այսքան էլ ճիշտ,



վերադառնանք, իրար ներենք,



որ հասկանա օտարն առմիշտ՝



մենք վախից չենք սիրել իրեն։







**ՆՐԱ ՀԱՄԱՐ**



Տեր, փնտրել եմ քեզ ամեն տեղ



այս բազմազան օրերի մեջ։



Այս առօրյա շորերի մեջ



Իմ հոգին է մրսում։ Օ, տե՜ր,



այնպես արա, որ ջերմանա



այս ժամկետանց շորերի մեջ...



Այս անհամար օրերի մեջ



մի օր գտիր նրա համար։







**ԴԱՐՁ Ի ՇՐՋԱՆՍ ՅՈՒՐ**



Մագլցեցիք վեր ու վեր,



հասաք բախտի գավաթին,



սակայն խորշեց բախտը ձեր



անհավատի հավատից։







Բան չմնաց ձեր նսեմ



հավատից ու ձեր օրից։



Ձեզ մնում է սկսել



Նորից – դարձյալ զրոյից։







**ՔԻԹ ՉԽՈԹԵԼ**



Մենք՝ անհասցե ու ընկեցիկ,



էլ չենք զորում նոր թափ առնել։



Տարիներով ծամծըմեցինք



դժվարամարս գաղափարներ...







Բա՛վ է։ Հոգին չկեղտոտենք



անզոր ու զուր փորձերի մեջ։



Հեռանանք ու քիթ չխոթենք



մեր որդկերանց գործերի մեջ։







**ՎԵՐ ՈՒ ՎԵՐ**



Էլ չենք մուրա հաց ու փող



մարդուկներից անհավատ։



Կորցըրել ենք փառք ու հող –



գտել ենք հույս ու հավատ



և չենք իջնի այս կետից –



կմագլցենք վեր ու վեր...



և կխլենք տգետից



իրավունքն ու կյանքը մեր։







**ԹԵԹԵՎԱԿԻ ՃՇՏՈՒՄ**



Եթե մենք ենք մեր փնտրած



բարոյական չափանիշն,



ապա երբեք մեր ընտրած



այսօրինակ թափանիվն



արագ ընթացք չի առնի



դեպի առաջ ու առաջ –



մեր փափագած ապառնի



ժամանակին ընդառաջ։







**ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ**



Ես փորձում եմ ողջը հիշել



և փորձում եմ ողջը քննել...



Իսկ դստրիկս ամբողջ գիշեր



Լացել է- չի թողել քնեմ։







Այս է ամբողջն ու բոլորը։



Մղձավա՞նջ է, թե՝ ցնծություն։



Հասկանում է, որ իր հորը



սպասում է լուրջ փորձություն։







**Արմեն Շեկոյան- բանաստեղծ**



**Լուսանկարը՝ Սամվել Սեւադայի**



**Հրապարակ մշակութային հավելված**