Թանգարանը՝ որպես նոր պառլամենտ և փոփոխությունների գործակալ

Թանգարանը՝ որպես նոր պառլամենտ  և փոփոխությունների գործակալ

«Ինստիտուտը սեփականության գործիք չէ, այլ՝ երաժշտականության։ Ցանկացած մեկը, ով վստահ է դրանում, կարող է նվագել այդ գործիքով, բայց կյանքի հավերժական Հրաժեշտի Սիմֆոնիայի ժամանակ նա պետք է վստահ լինի, որ հանձնում է գործիքն իր հաջորդին լավագույն վիճակում»։

Աբի Վարբուրգ

Թանգարանի՝ որպես պառլամենտի մասին պատկերացումը նոր չէ։ Արվեստի պատմության տարածք և անցյալի գործերն ու պրակտիկաները դասակարգող պահարան համարվելուց զատ՝ թանգարանը հաճախ է ընկալվել որպես կառավարման, ինքնակառավարման և ինքնավարության մոդել։ Այսօր թանգարանը՝ աշխարհով մեկ իր աճող դերակատարմամբ, այն տեղերից ու հավաքատեղիներից մեկն է, որտեղ մեզ շրջապատող աշխարհի մասին ամենատարբեր պատկերացումները նյութականանում են, շրջանառվում, հորինվում և բանակցվում։

Թանգարանը պետք է շարունակի՞ մնալ արվեստի օբյեկտների, մշակութային և հնագիտական արտեֆակտերի, հոսուն պրակտիկաների արխիվացման և հետազոտման վրա հիմնված ինստիտուտ, թե՞ պետք է դառնա քաղաքացիական մասնակցություններ, միջազգային համագործակցություններ և համայնքաստեղծ նախագծեր խթանող կենտրոն։ Հոլանդիայի քաղաքներից մեկում՝ Այնդհովենում, գտնվող Վան Աբբե թանգարանն իր գործունեությամբ և կուրատոր Չարլզ Էշեի տնօրինությամբ ոչ միայն ավելացնում է թանգարանի հավելյալ արժեքները, այլև իր օրինակով ցույց է տալիս, որ այս բանավեճը մասամբ կեղծ է։ Ի՞նչ հավելյալ արժեք, եթե չկա նախնական արժեքը. թանգարանի դեպքում՝ փոփոխության և վերադասավորման ենթակա մշտական հավաքածուն։ Շվեդ կուրատոր Պոնտուս Հուլթենը, ով անցյալ դարում թանգարանային գործի ամենակարևոր մասնագետներից էր՝ Եվրոպայում ու Ամերիկայում մի քանի թանգարաններ հիմնադրելու, տնօրինելու և համադրելու փորձով, թանգարանում մշտական հավաքածուի և ժամանակավոր ցուցադրության տարածությունների միջև հարաբերության մեջ էր տեսնում ամենակարևոր հանդիպումների հնարավորությունը։

Վան Աբբեն հյուրընկալ թանգարան է, հասանելի և ներառական։ Հյուրընկալությունը նույնքան կարևոր սկզբունք է այս թանգարանի համար, որքան արմատականությունը և փորձարարությունը։ Թանգարանը բազմաթիվ ծրագրեր ունի հասարակության համեմատաբար մեկուսացած խմբերի համար՝ հատուկ կարիքներ ունեցող ծերերի, հաշմանդամություն ունեցող մարդկանց, որոնց փորձում է ներգրավել ամենատարբեր ինստիտուցիոնալ համատեքստերում։ Թանգարանի «Հատուկ հյուրեր» ծրագրի նկարագրական տեքստում ասվում է. «Նույնիսկ եթե գամված եք անկողնում, թանգարանը կայցելի ձեզ»։ Իհարկե, ցանկության դեպքում։ Տեսողության հետ կապված խնդիրներ ունեցող այցելուներին թույլ է տրվում դիպչել ցուցադրվող գործերին, որոնք կենդանանում են՝ թարգմանվելով երաժշտության, տեքստի և հոտի։

Թանգարանի մեկ այլ ծրագիր՝ «Սկզբում նայիր, հետո տես», խաղային սեմինարների շարք է, որի մասնակիցները մեկնաբանում են, թե ինչ են տեսնում արվեստի գործերում՝ այդպես մարզելով իրենց վիզուալ գրագիտությունը և համեմատելով այն մյուս մասնակիցների դիտարկումների հետ։ Իսկ «Փոփոխության գործակալները» թանգարանի հետ իրականացվող այն ցանցային ծրագրի մասնակիցներն են, ովքեր հավատում են, որ քաղաքային և սոցիալական փոխակերպումները հնարավոր են նաև թանգարանի միջոցով։ Համադրված ծրագրերից մեկը, օրինակ, Այնդհովենում անցկացվող հեծանվային զբոսանքների շարք է, որն օգնում է տեսնել քաղաքի այլընտրանքային վայրերը, երթուղիները և ստեղծարար նախաձեռնությունները։ Վան Աբբեում եղել եմ մի անգամ, բայց այն ինձ ոգևորում է իր քաղաքականությամբ, որոշումներով, ցուցադրություններով, քննարկումներով, հայտարարություններով, երազանքներով և տեսիլներով։ Վան Աբբեն միակը չէ, բայց աշխարհի քարտեզի վրա տեղակայված այն թանգարաններից է, որի կարևոր հաղորդագրությունները հասնում են Երևան կամ այնտեղ, որտեղ գտնվում եմ։

Վան Աբբեն նաև այն հավատն է, որ Հայաստանի թանգարաններն էլ մի օր կփոխվեն ու կդառնան փոփոխության գործակալներ։ 2018 թվականի մարտն է, Հայաստանի մշակույթի նախարարության նոր-հին թիմը՝ նախարարի, փոխնախարարների և խորհրդականների գլխավորությամբ, ոչինչ չարեց Հայաստանի թանգարաններում տարվող քաղաքականությունը փոխելու, ավելի ճիշտ՝ քաղաքականության բացակայությունը չեղարկելու ուղղությամբ։ Արվեստի տեսաբանները, հետազոտողները, կուրատորները, ճարտարապետները, արվեստագետները շարունակում են մնալ թանգարանից օտարված։ Հայաստանի թանգարանները բացակայում են ոչ միայն աշխարհի թանգարանային քարտեզից, այլև հաճախ իրենց քաղաքներից, համայնքներից, իրենք իրենցից։ Պարզ է, որ այս արդյունքներով հայաստանյան թանգարանը ոչ միայն չի կարող լինել փոփոխության գործակալ, այլև ստատուս քվոյի՝ իրերի ներկա դրության գլխավոր պահապաններից է։

Ո՞րն է թանգարանի դերն այսօր, նրա երկարաժամկետ նպատակահարմարությունը թվանշային և փոխկապակցված աշխարհում։ Ինչպե՞ս օգտագործել թանգարանը և վերջինիս հավաքածուն՝ որպես պատմող սարք, որպես ակտիվ կրթության վայր և փոփոխության գործակալ։ Էլեկտրոնային նամակներիցս մեկն ասում է՝ մի քանի օրից՝ մարտի 17-ին, Վան Աբբեում բացվելու է թանգարանի առաջին պառլամենտը։ Վան Աբբեի պառլամենտը, որ հանրային խորհրդարանի ձևերի փորձարկում է թանգարանի ներսում, նվիրված է Հյուսիսային Սիրիայի Դեմոկրատական Դաշնությանը՝ հայտնի որպես Ռոջավա (Արևմտյան Քրդստան)։ Նամակի հայտարարության մեջ կարդում եմ.

«Ռոջավան, որ ավելի նման է «անպետություն ժողովրդավարության», քան անկախ պետության, միտված է տեղական ինքնակառավարման՝ շեշտը դնելով գենդերային հավասարության և համայնքային տնտեսության վրա։ Չնայած «Իսլամական պետության» կողմից շարունակական սպառնալիքներին և Թուրքիայի կողմից վերջին հարձակումներին՝ Ռոջավայի ժողովուրդը կարողացել է ստեղծել նոր սոցիալական մոդել՝ համալսարաններով և մշակութային կենտրոններով, որոնք արտացոլված են «Նոր աշխարհի գագաթնաժողով - Ռոջավա» ինտերնացիոնալ համագործակցության մեջ»։

Ի՞նչն է ապրում և ապրելու այս թանգարանում՝ անցյալի ստվերների հետ Այնդհովենի բնակիչների հատուկենտ հանդիպումնե՞րը, արվեստից հեռու լինելու անթաքույց ցանկությո՞ւնը, կյանքի և քաղաքականության շքե՞րթը, այլընտրանքային պետության կամ սոցիալական նոր մոդելների ստեղծման փորձի հետ ծանոթությո՞ւնը, թե՞ բոլորը միասին։ Մի բան պարզ է՝ Վան Աբբեն այս անգամ էլ հնչելու է Այնդհովենում և այդ քաղաքից շատ հեռու, այս անգամ էլ արդարացնելու է թանգարանի՝ այդ ինստիտուտի գոյությունը՝ ինքն իրեն և մեզ հավելյալ արժեքներ առաքելով։

Սեդա Շեկոյան- կուրատոր, արվեստաբան

Հրապարակ մշակութային հավելված