Մեդալը ուղտ մի սարքեք

Մեդալը ուղտ մի սարքեք
Ամեն անգամ՝ մեդալների բաշխման հերթական արարողությունից հետո, հայ հասարակությունը շոկ է ապրում, վաշ-վիշ դնում՝ ինչպե՞ս կարելի է Արմենչիկին վաստակավոր արտիստի կոչում տալ, իսկ Դիանա Գրիգորյանին՝ Մովսես Խորենացու մեդալ։ Բայց ո՛չ մեդալ տվողն է այդ աղմուկից հետեւություն անում, ո՛չ մեդալաշնորհմանն ականատես հասարակությունը։ Մինչդեռ արժեր, որ երկու կողմն էլ վերանայեին իրենց վերաբերմունքը։



Իշխանությունը՝ հանձինս Սերժ Սարգսյանի, գիտակցեր, որ այդ կոչումներն ու մեդալները որեւէ անձի՝ անգամ ՀՀ նախագահի սեփականությունը չեն, դրանք պետության կողմից մարդու վաստակն ու արժանիքները գնահատելու միջոց են։ Նախագահները կգան ու կգնան, իսկ այդ կոչումները հավետ կմնան՝ հիշեցնելով, թե մեր պետության մեջ 2008-2018 թթ․ ինչն է արժեւորվել, ով է արժեւորվել։ Եվ ապագա սերունդը նաեւ կկարողանա ուսումնասիրել ու հասկանալ, թե արվեստի այդ որ գլուխգործոցն է ստիպել, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ոմն երգիչ Արմենչիկի վաստակավոր արտիստ համարի, իսկ սերիալների հեղինակ ոմն Դիանա Գրիգորյանի՝ Մովսես Խորենացու մեդալի արժանի անձ։ Ուստի անգամ կարեւոր էլ չէ, թե այսօր հանրությունն ինչպես է վերաբերվում մեդալների բաշխման այս գործընթացին, սա նաեւ գործող իշխանության արժեհամակարգի, արվեստի ընկալման, լավը վատից տարբերակելու ունակության մասին է խոսում։



Ինչ վերաբերում է հանրությանը, ապա 1-2 անգամ նման գործընթացի մասին լսելուց, այն քննարկել-քննադատելուց հետո՝ վաղուց ժամանակն է, որ մարդիկ դադարեն լրջորեն վերաբերվել մեդալաբաշխման արարողություններին եւ ավելորդ նյարդեր չծախսեն մի բանի վրա, որն իրենց կառավարումից դուրս պրոցես է։ Դե, եթե կան մեդալներ, կան մեդալ տվողներ, ուրեմն կլինեն նաեւ մեդալ ստացողներ։ Թեթեւ տարեք։