Գավառի բնակիչները վախեցած են

Գավառի բնակիչները վախեցած են
Վերջին մեկ տարում Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում սպանություններն ու կրակոցները շատացել են: Գավառցիներն ասում են, որ Գավառում փողոց դուրս գալը վտանգավոր է դարձել, մանավանդ գիշերը, որովհետեւ բացակայում է գիշերային լուսավորությունը: Իսկ 54-ամյա Հայրապետ Հերգնյանի սպանությունից բնակիչները ցնցված են: Սպանվածի հարազատներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ սպանվածի տղան բանակում է ծառայում, Հայրապետն էլ շուկայում  արտարժույթի առքուվաճառքով էր զբաղվում, լուծելով օրվա հացի խնդիրը.  «Արդեն վախենում ենք փողոց դուրս գալ, մեկ էլ տեսնես մի տեղից կրակոց ա հնչում: Նրբանցքներ կան, որ չունեն գիշերային լուսավորություն, ահ ու վախով ենք աշխատանքից հետո տուն հասնում:  Անցած տարի հենց քաղաքի կենտրոնում փոխմարզպետի որդուն սպանեցին»,- ասում է զրուցակիցս: 



Հիշեցնենք, որ մարտի 4-ին՝ ժամը 22-45-ին, Գավառ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել ամուսնու՝ 1963թ. ծնված  Հ. Հերգնյանի անհայտ կորելու վերաբերյալ: Հերգնյանը Գավառի շուկայի տարածքում զբաղվում էր տարադրամի փոխանակմամբ: Սպանության մեջ կասկածվողը համագյուղացի Միշա Մխիկյան է, ով կալանավորված է: Քննություն է գնում։ Բացի այդ, դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ 2017թ. նոյեմբերի 2-ին Միշա Մխիկյանի վերաբերյալ դատական նիստ է կայացել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը:



Գավառցիները մեզ պատմեցին, որ ուղիղ մեկ ամիս առաջ էլ կրակոցներ են հնչել քաղաքում, որի ժամանակ հրազենային վնասվածքներ ստացած Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ, 31-ամյա Հայրապետ Հարությունյանը տեղափոխվել է հիվանդանոց. «Գավառը կրիմինալ քաղաք է դարձել: Մեկը մյուսից վրեժ ա  լուծում, խմում են, մի քիչ գլուխները տաքանում, կռիվը պատրաստ է»:



Ըստ  դատալեքսի, 31-ամյա Հայրապետ Հարությունյանը եւս դատապարտված է եղել է ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, առողջության ծանր վնաս պատճառելը: 



**Նելլի Կարապետյան**