Իրանի դեմ ուղղված վերացական «հատուկ ռազմական օպերացիայի» պատասխանատվությունը կարող է կրել Ադրբեջանը

Իրանի դեմ ուղղված վերացական «հատուկ ռազմական օպերացիայի» պատասխանատվությունը կարող է կրել Ադրբեջանը

Իրանագետ Գարիկ Միսակյանը գրում է.

Թեհրանում Բաքվի դեսպանատանը տեղի ունեցածը ևս մեկ անգամ ապացուցեց, որ չնայած տեսանելի մակարդակում արվող հայտարարություններին՝ Իրանի և Ադրբեջանական Հանրապետության հարաբերությունները չեն կարող որակվել բարեկամական։ 

Իրանում բավական բացասական և կարելի է ասել թշնամական կերպով գնահատվեցին ադրբեջանական կողմից հնչող հայտարարություններն ու մեղադրանքները։ Բավական արդարացի իրանական վերլուծական դաշտում արձանագրվեց նաև այն, որ դեպքին Բաքվից արագ արձագանքեցին Թուրքիան և Իսրայելը։ Բաքվում Իսրայելի դեսպանը կայծակնային արագությամբ հանդիպում ունեցավ Հիքմաթ Հաջիևի հետ՝ Թեհրանում տեղի ունեցած դեպքերը քննարկելու համար։

«Փոքր եղբորն» ամեն ինչում աջակցելու վերաբերյալ Անկարայի հայտարարությունը և Ալիևի «ինքնավստահ» պահանջներն Իրանին առ այն, որ Թեհրանը հրաժարվի խոչընդոտել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի ծրագրի» իրականացմանը և Հայաստանի վերջնական շրջափակմանը, ինչպես նաև Իսրայելի ջանքերը, նոր՝ ավելի լուրջ տարաձայնությունների ձևավորում են խոստանում այս երկու պետությունների հարաբերություններում։ 

Իրանում որոշ խիստ ազգայնական շրջանակներ նշում են, որ Բաքուն, ոգևորված եղբայրական պետությունների աջակցությունից, կարող է դեսպանատանը տեղի ունեցած դեպքերը օգտագործել և Իրանի հետ հարաբերությունները տանել փակուղի։ Այս պարագայում էլ ավելի է մեծանալու Հայաստանի կարևորությունն Իրանի համար և նախաձեռնողական լինելու պարագայում կարելի է հրաշալի կերպով օգտագործել Թեհրան-Բաքու հարաբերություններում առաջացող բացերը։

Իրանի դեմ ԱԹՍ-ների հարձակման պարագայում պետք է մի քանի կարևոր փաստ հաշվի առնել՝ 

Նախ այդ հարձակումները տեղի են ունենում Իրանում Ադրբեջան կոչվող բռնապետության դեսպանատան վրա տեղի ունեցած դեպքերի ֆոնին՝ էլ ավելի մեծացնելով երկու պետությունների հարաբերություններում ստեղծված թշնամանքը։ 

Հարձակումները տեղի են ունենում Իրան-Արդրբեջան և Ադրբեջան-Իսրայել ամենաբարձր մակարդակներում տեղի ունեցած հեռախոսազրույցներից հետո, ինչն Իրանում արդեն իսկ, մեղմ ասած, կասկածելի են որակել։ 

Ուշագրավ է, որ նմանատիպ՝ գուցե և առավել հաջողված, ԱԹՍ հարվածներ հասցվել են Իրանին նաև նախկինում, սակայն վերջին դեպքերը բավական հաջողված և ուռճացված մեդիա գրոհով են ուղեկցվել՝ որակելով դեպքեր որպես Իրանի դեմ «հատուկ ռազմական օպերացիա»:  

Հաշվի առնելով նաև նախկին փորձը և Ալիևի հանդգնության աճն, Իրանում ամենևին էլ չեն բացառում, որ այս պարագայում ևս ԱԹՍ-ները կարող են օդ բարձրացած լինեն Ադրբեջանական Հանրապետության տարածքից։ Իսկ նման պարագայում Իրանի դեմ ուղղված վերացական «հատուկ ռազմական օպերացիայի» պատասխանատվությունը կարող է կրել Ադրբեջանը։