«Rights for women» կամ «Շնորհավոր մարտի 8» (տեսանյութ, լուսանկարներ)

«Rights for women» կամ «Շնորհավոր մարտի 8» (տեսանյութ, լուսանկարներ)
Մարտի 8-ին Դիլիջանի միջազգային դպրոցը Ազատության հրապարակում տոնի առթիվ համերգ էր կազմակերպել, որն իր մեջ նաև բողոքի ելևեջներ ուներ։ Դպրոցի սաները, ովքեր Հայաստան են եկել աշխարհի տարբեր ծայրերից, բողոքում էին Հայաստանում կանանց իրավունքների խախտումների դեմ։ Բայց, այդուհանդերձ, տրամադրությունը տոնական էր։ Դպրոցի սաները նախ սկսեցին լատինամերիկայն ռիթմներով, խմբակային «Կիզումբային» հետևեցին նաև այլ պարեր՝ աֆրիկյան և իսպանական ռիթմերով։



Այան, ով Հայաստան սովորելու է եկել Մոնակոյից, կարծում է, որ Հայաստանում կանանց իրավունքները այնքան էլ պաշտպանված չեն, և դա հատկապես երևում է օտարերկրացիների աչքերով․



-Հիմնական խնդիրը, որ կարող եմ առանձնացնել, հայերի մտածելակերպն է, այն առումով որ կանայք չեն կարող իրենց պաշտպանել, իրենց իրավունքների համար պայքարել՝ որոշ դեպքերում, ինչպես նաև ընդունված է, որ տան գլուխը պետք է տղամարդը լինի, նա պետք է որոշումներ ընդունի, նա պետք է անի ամեն ինչ, ու դրանով կանանց կարևորությունը մեր կյանքում նվազում է։



**-Բայց կարծես ժամանակները փոխվում են, կանաց ու տղամարդկանց իրավունքները հավասարվում են, նոր օրենքներ են ընդունվում կանանց իրավունքները պաշտպանելու նպատակով։**



-Գիտեք, կարևոր է այն փաստը, որ դուք՝ որպես հայ, որպես ներքին խոհանոցի մարդ, կարող եք այդ խախտումները չնկատել, բայց մենք արտասահմանից ենք եկել, և մեզ համար ավելի երևելի են կանանց և տղամարդկանց իրավունքների տարբերությունները։ Եվ վերլուծելով այդ տարբերությունները՝ կարծում եմ, որ Հայաստանում կանայք այնքան էլ մեծ դեր չունեն հասարակական կյանքում։



Դերասանուհի Մարիետա Խուջարյանն էլ կարծում է, որ չնայած, այնուամենայնիվ կանանց իրավունքները ոտնահարվում են, բայց վերջին ժամանակներում այդ ուղղությամբ դրական տեղաշարժ կա․



**-Ըստ Ձեզ՝ Հայաստանում ավելի հաճախ կանանց ո՞ր իրավունքներն են խախտվում։**



-Առանձնապես չեմ ցանկանում մասնավորեցնել, բայց կան գլոբալ հարցեր՝ և՛ աշխատանքի հետ կապված, և՛ ընտանիքում։ Ուսման առումով հիմա ոչինչ չեմ կարող ասել։ Բայց, իսկապես, ունենք սահմանափակումներ՝ հիմնականում տարիքային։ Հիմա բոլորիս քաջ հայտնի է, որ բավականին շատ դեպքեր կան, որ տարիքային սահմանափակումներ կան՝ աշխատանքի տեղավորելու հետ կապված ՝ հաշվի չառնելով ո՛չ մասնագիտական հմտությունները, ո՛չ կրթությունը։ Բայց կարող եմ ասել, որ նաև բավականին շատ դրական փոփոխություններ կան, դա ակնհայտ է։



**-Իսկ ո՞ւմ կողմից են խախտվում կանանց իրավունքները, միայն տղամարդկա՞նց, թե՞ կանաց կողմից նույնպես։**



-Ավելի ակնառու է տղամարդկանց դերը, բայց վստահ չեմ, գուցե նրանց ետևում կանայք են կանգնած ( ծիծաղում է), բայց, իհարկե, չեմ ցանկանում ողջ մեղքը դնել տղամարդկանց ուսերին։



**-Մեր՝ հայերիս մեջ գաղափար կա, որ կինը մեզ համար սուրբ է։ Ի՞նչ եք կարծում նմանատիպ վերաբերմունքը կնոջը ավելի չի՞ բարձրացնում։**



-Ետե խելացի, հասկացող և խորագետ կին է, ապա չեմ կարծում նման որակավորումները նրա համար գերադասելի կլինեն։ Այո, կինը ընտանիքում մեծ դեր ունի, բայց եկեք նաև չնսեմացնենք տղամարդկանց։ Նրանց դերը ընտանիքի կայացման գործում անփոխարինելի է։  Ես կողմնակից եմ փոխադարձ սիրո, հարգանքի ու վստահության։



**-Ես մի պաստառ նկատեցի, որտեղ գրված էր՝ «Ապագան կանացի է», համաձա՞յն եք այս մտքի հետ։**



-Ես մի փոքր համամիտ չեմ պաստառի բովանդակության հետ։ Ապագան մարդունն է, բարությանն ու սիրոնը։ Գուցե այստեղ մի քիչ տարիքային մաքսիմալիզմ կա, բայց, ես կարծում եմ, ապագան փոխհասկացողությանն է։



Միջոցառումը ավարտվեց երթով։ Դպրոցի սաները Հայ բարեգործական ընդհանուր միության թմբկահարուհիների ուղեկցությամբ Ազատության հրապարակից «rights for women» և «շնորհավոր մարտի 8»  վանկարկումներով շարժվեցին դեպքի Հանրապետության հրապարակ։ Վերջում կազմակերպիչները մասնակիցներին տեղեկացրին, որ կազմակերպվում են սեմինարներ՝ կանաց իրավունքների թեմայով։



 



**Կորյուն Սիմոնյան**