Մեկական կակաչ՝ գյումրեցի անցորդ կանանց․ որքան գումար է ծախսել Գյումրու համայնքապետարանը

Մեկական կակաչ՝ գյումրեցի անցորդ կանանց․ որքան գումար է ծախսել Գյումրու համայնքապետարանը
Այսօր՝ կանանց միջազգային օրվան ընդառաջ Գյումրու համայնքապետարանի նախաձեռնությամբ քաղաքի կենտրոնական փողոցներում պատանիները մեկական կակաչ էին նվիրում անցորդ կանանց: Անակնկալն իհարկե հաճելի էր կանանց համար: Ուշագրավ էր, որ լուրը, թե քաղաքապետարանի տարածքում եւ Ռիժկովի փողոցում ծաղիկ են բաժանում, արագ տարածվեց եւ շատերն անգամ ուղղությունը փոխեցին, որպեսզի նույնպես ուշադրության արժանանան:



Համայնքապետարանի բյուջեից մարտի 8-ի՝ կանանց միջազգային տոնին նվիրված միջոցառման կազմակերպման ծախսերի համար հատկացվել է 3մլն դրամ, որից 2 մլն 100 հազար դրամի չափով քաղցրավենիք (տորթեր) է գնվել, 400 հազարի՝ շամպայն, 300 հազար դրամի՝ բացիկներ եւ 200 հազարի՝ ծաղիկներ: Սակայն քաղցրավենիք ու շամպայն ճաշակեցին քաղաքի շուրջ 260 պետական կառույցի աշխատող կանայք, իսկ չաշխատող կանանցից նրանք, ովքեր հայտնվեցին ճիշտ ժամանակին ու տեղին, բավարարվեցին մեկական կակաչով: