Նրանք «կացնի են կոչում»

Նրանք «կացնի են կոչում»

Նոր քարոզչակաղապար է շրջանառվել, իբր Արցախում մրցակցում են ֆինանսական եւ հանրային վստահության ռեսուրսները, եւ արցախյան հանրության պատվի հարցն է, թե ով կհաղթի: Ֆինանսների մասին ավելի լավ է լռել, որովհետեւ թանկ քարոզչություն են անուն նաեւ նրանք, որ ներկայանում են Ավետարանի «աղքատ Ղազարոս»: Իսկ թե հանրային վստահություն ով ունի՝ ցույց կտան քվեարկության արդյունքները:

Արտառոց է, որ որոշ շրջանակներ հանրություն ասելիս նկատի են ունենում բացառապես նախագահի իրենց նախընտրած թեկնածուի համակիրներին: Իսկ մարդիկ, որ այլ նախասիրություն եւ կողմնորոշում ունեն կամ առհասարակ անտարբեր են եւ քվեարկությանը չեն մասնակցելու՞: Նրանք հանրությու՞ն չեն: Սոսկական զանգվա՞ծ են, մարդկանց մեխանիկական գումա՞ր: Երբ հինգ-վեց հոգով հավաքվում եւ պահանջում են Բակո Սահակյանի հրաժարականը, դա հանրայի՞ն կարծիք է, իսկ երբ տասնյակ հազարավորներն ամոթանք են տալիս նմաններին՝ ո՞չ: Երբ ֆեյսբուքում մեկը Մասիս Մայիլյանին «փրկիչ» է անվանում եւ նրան տափակ բանաստեղծություն ձոնում, դա «հանրային վստահությու՞ն» է, իսկ երբ հազարավոր օգտատերեր Արայիկ Հարությունյանին են վստահում՝ վարձահրավիրվածությու՞ն: Վերջապես չի կարելի ընտրողներին բաժանել «գիտակից հանրության» եւ «զոմբի-զանգվածի»: Դա ծանր վիրավորանք է ժողովրդի հասցեին: Այդպես են մարդկանց բաժանում «յուրայինների» եւ «օտարների»:

Ով Մասիս Մայիլյանի համակիրն է՝ քաղաքակիրթ է, ազատամիտ, նույնիսկ՝ հեղափոխական,ով՝ ոչ, ապա  հետադիմական է, անգիտակից, կաշառված, հակահեղափոխակա՞ն: Սա ի՞նչ աղանդավորություն է: Մի՞թե մարդիկ կյանքի կեսը Երեւանում ապրելով միայն արցախյան հանրությունը «տեսակների բաժանելու գիտությունն» են սերտել: Ասում են՝ սա ընտրություն չէ, տեսակների պայքար է: Ի՞նչ տեսակների՝ չեն մանրամասնում: Լուրջ մարդիկ վեց ամիս առաջ էին Երեւանում ինձ զգուշացրել, որ ընտրություններին կարող են ցնցումներ հաջորդել: Ես վստահաբար բացառելի էի նման հեռանկարը: Մի քանի որ առաջ  Դանիել Իոաննիսյանը պարզ հասկացրեց, որ եթե իրենց նախընտրած թեկնածուն չհաղթի, հետընտրական զարգացումներն անխուսափելի են: Արցախյան կուսակցություններից մեկն արդեն տարակուսանք է հայտնել այդ մարդու, մեղմ ասած, իր կարգավիճակին անհարիր եւ ոչ կոռեկտ պահվածքի կապակցությամբ: Հարկ է նրան ուղղորդել իրեն վերապահված՝ դիտորդական առաքելության դաշտ: Հակառակ դեպքում պիտի ահազանգենք, որ նա հետընտրական ցնցումների սցենարներ է նախապատրաստում:

Ավելի կոնկրետ՝ «տեսակների բախում»: Արցախյան հանրությանը պատվախնդրության կոչելու ենթատեքստն էլ դա է: Ռուս դասականի ասած՝ նրանք «կացնի են կոչում» Արցախը: Իրավիճակն այսօր վստահորեն վերահսկվում է: Վաղվա պատասխանատուն իշխանությունների հետ հավասար պետք է հանրությունը լինի: Եւ ապացուցի, որ սեփական ընտրության տերն է: