Մեսչյանի հեղինակած նախագիծը շատ թանկ է

Մեսչյանի հեղինակած նախագիծը շատ թանկ է
«Արցախ, ի՛մ սեր. աջակցենք Ստեփանակերտի թատրոնին» ծրագրի շրջանակում հայաստանյան մի շարք թատրոններ իրենց ներկայացման տոմսերի վաճառքից ստացված ամբողջ հասույթը կփոխանցեն Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի վերանորոգման աշխատանքների համար:



Թատրոնի տնօրեն **Արմեն Հարությունյանը** մեզ հետ զրույցում ասաց, որ հիմա թատրոնի շենքը վթարային վիճակում է, շինարարությունը դեռ չի սկսվել, այն իրականացնելու համար էլ դրամահավաք են նախաձեռնել։



Դեռ 2 տարի առաջ մենք գրեցինք, որ 1932-ին հիմնադրված Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը վերականգնվելու է երգահան, ճարտարապետ Արթուր Մեսչյանի նախագծով։ Թատրոնի տնօրենից հետաքրքրվեցինք՝ Մեսչյանի նախագիծն ուժի մե՞ջ է, ինչին ի պատասխան նա ասաց, որ Մեսչյանի նախագիծը շատ թանկ է, հովանավորն էլ որոշեց ներդրում անել թատրոնի անմիջապես կողքին կառուցվող մարզամշակութային համալիրի վրա․ «Արդյունքում թատրոնը հայտնվեց հետին պլանում։ Թատրոնի համար էլ որոշել ենք դրամահավաք կազմակերպել, ոչ թե մի հովանավոր գտնել։ Մարդիկ, ովքեր ուզում են մասնակցել այդ դրամահավաքին, այդ գումարը կտան, կտեսնենք՝ ինչքան գումար է հավաքվում, որ նորոգման աշխատանքներն սկսվեն։ Հիմա դեռ ստույգ բան չկա, մինչեւ դրամահավաքը չլինի, չտեսնենք ինչքան գումար է հավաքվում»։



Արմեն Հարությունյանը տեղեկացրեց, որ հնարավոր է Մեսչյանի նախագծով թատրոնը չվերականգնեն, այն մեծ գումարների հետ է կապված, ըստ դրա՝ պիտի հիմնովին նորոգվի շենքը, նախատեսված են նաեւ կցակառույցներ՝ հյուրանոց, ավտոկայանատեղի, բացօթյա սրճարան, բայց հիմա ուղղակի շենքը կոսմետիկ կվերանորոգեն․ «Վերջնականապես դեռ հաստատված չէ, հնարավոր է ուրիշ նախագիծ լինի, բայց եթե որոշեն Մեսչյանի նախագծով անել, պարտադիր պետք է Մեսչյանի հետ համաձայնեցնեն եւ իր հետ միասին իրականացնեն»։



Համաձայն Մեսչյանի նախագծի՝ միայն թատրոնի վերանորոգումը, առանց տեխնիկական վերազինման, կարժենա մոտ 2 մլն դոլար, մինչդեռ ընդհանուր նախագիծը կազմում է շուրջ 8 մլն դոլար։



Թե կոսմետիկ նորոգումը որքանով կլուծի թատրոնի առջեւ ծառացած խնդիրները, ապա խնդիրներն իսկապես շատ են․ «Տանիքը պարտադիր պետք է փոխվի, որովհետեւ վթարային վիճակում է, պատերի հին շտուկատուռկան պետք է քանդվի, նորը լինի, հատակը պետք է փոխվի, որովհետեւ անձրեւը վերեւից թափվել եւ վնասել է այն»։ Երկհարկանի թատրոնի շենքն ունի 450 տեղանոց դահլիճ, որը նոր նախագծի դեպքում հնարավոր է փոփոխության ենթարկվի՝ թիվը կա՛մ կավելանա, կա՛մ կպակասի։ «Նոր նստարաններ են լինելու, որոնք հարմարավետության համար մի քիչ լայնոտ են, դրա համար կարող է նստատեղերը քչանան»,- ասում է նա ու ընդգծում, որ թատրոնի կոլեկտիվը մեծ է, կա 70 աշխատող, որից 35-ը դերասաններն են։ Թեպետ շենքն անմխիթար վիճակում է, բայց թատերախումբը ներկայացումներով հանդես է գալիս երիտասարդական պալատի փոքրիկ դահլիճում։



Ինչպես տեղեկացրեց Հարությունյանը, բացի հայաստանյան թատրոնների ֆինանսական աջակցությունից, դրամահավաք կանեն նաեւ Ռուսաստանի հայ համայնքում՝ ի աջակցություն Ստեփանակերտի թատրոնի։



Ինչ վերաբերում է վերջնաժամկետներին, ապա, որպես այդպիսին, դրամահավաքի համար վերջնաժամկետ չի դրվել․ «Եթե դրամահավաքը նորմալ արդյունքներ չբերի, հնարավոր է երկարաձգենք մի տարի էլ, որ բավարար գումարը հավաքվի։ Չնայած պահանջվող գումարի մասին էլ կոնկրետ բան չենք կարող ասել, որովհետեւ դեռ նախահաշիվ չկա, հենց եղավ՝ կերեւա, թե ինչքան գումար է պետք նորոգման համար, բայց կարեւորը՝ գործն սկսված է»։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**