Գասում Քերիմովի ուրվականը

Գասում Քերիմովի ուրվականը
Խոջալուի դեպքերով քրեական գործի նյութերում կա մի ուշագրավ հանգամանք: Ադրբեջանի պաշտպանության նախարարության հատուկ հանձնարարուություններով սպա, գնդապետ Ինթիգամ Մամեդովին քննիչը հարց է ուղղում, թե ի՞նչ գիտի նա Գասում Քերիմովի եւ Ֆահմին Հաջիեւի միջեւ թշնամանքի մասին: Մամեդովը պատասխանում է, որ մանրամասնություններին տեղյակ չէ, բայց ներկա է եղել միջադեպի, երբ Քերիմովը Հաջիեւին մեղադրել է դավաճանության, այն է՝ Նախիջեւանում զենք վաճառելու մեջ, ինչին ի պատասխան Հաջիեւն ասել է, թե դա զրպարտություն է, պատրաստ է Ղուրանի վրա երդվել, որ այդ ամենը սուտ է, իրեն պարզապես անվանարկում են:



Ո՞վ է Գասում Քերիմովը: Նա խորհրդային Ադրբեջանի ամենահայտնի մարդկանցից մեկն է, եղել է Աղդամի քարհանքի եւ շինարարական կոմբինատի տնօրենը, Գերագույն խորհրդի պատգամավոր: Աղդամում հանդիսացել է ամենահեղինակավոր անձը, որի համաձայնությամբ էին նշանակվում շրջանի ղեկավարները, ՆԳ բաժնի պետը, դատախազը: Քերիմովը մեծ հեղինակություն է վայելել հարեւան շրջաններում: Նրան գիտեին նաեւ ԼՂԻՄ-ում՝ որպես գործարար եւ մեծ կապեր ունեցող մարդու: Եւ ահա Խոջալուի դեպքերին նախորդած օրերին, ավելի ստույգ՝ փետրվարի 21-22-ին Աղդամում հրավիրվում է հեղինակավոր մարդկանց հավաք, որտեղ որոշվում է առկա զինված խմբավորումների ընդհանուր հրամանատար ընտրել Գասում Քերիմովին: Ելույթ ունենալով՝ Քերիմովն ասում է, որ ինքը նախկին զինվորական է, Գերագույն խորհրդի պատգամավոր եւ կարող է ի մի հավաքել տեղական զինված ջոկատներին:



Ըստ երեւույթին, այդ հողի վրա էլ նա ընդհարվում է Ֆահմին Հաջիեւի հետ, որը պաշտպանության նախարարության լիազոր ներկայացուցիչն էր Աղդամում եւ ուներ բոլոր ստորաբաժանումների գործունեությունը համակարգելու լիազորություն: Փաստացի Գասում Քերիմովին ընդհանուր հրամանատար ճանաչելու մասին որոշումը նշանակում էր, որ տեղական ուժերը վստահում են նրան, ոչ թե Ֆահմին Հաջիեւին:



Կարելի է ենթադրել, որ Քերիմովը որոշակի քաղաքական շահեր է սպասարկել, բայց թե ու՞մ՝ մնում է չպարզված: Ադրբեջանական աղբյուրներում որոշ ակնարկներ կան, որ Գաթիր Մամեդ կամ Ալա Յագուբ մականունով դաշտային հրամանատար Յագուբ Ռզաեւը գործում էր Քերիմովի անմիջական ցուցումներով: Այդ տեսակետի օգտին վկայակոչվում է Ռզաեւի կենսագրությունը. տարիներ շարունակ նա աշխատել է Քերիմովի ենթակայության արհեստանոցում, եղել է քարգործ-վարպետ: Ռզաեւը մեկն է դաշտային հրամանատարներից, որ փետրվարի 25-ին հրաժարվել է մասնակցել Խոջալուի «ապաշրջափակման» ռազմագործողությանը՝ հիմնավորելով, որ այդ մասին գրավոր հրաման ձեւակերպված չէ:



Ո՞րն է դրանում Գասում Քերիմովի դերը՝ դժվար է պարզել: Կա տեսակետ, որ Քերիմովը ձգտել է այսպես կոչված «Ղարաբաղյան գոտում» Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցչի պաշտոնին, դրա համար էլ հակադրվել է Մութալիոբովի կողմից Աղդամ գործուղված բաքվեցի պատասխանատուներին, ամեն կերպ խոչընդոտել նրանց: Որոշ աղբյուրներ նույնիսկ պնդում են, որ Քերիմովն է փետրվարյան օրերին Աղդամում մի քանի բազմամարդ հանրահավաքներ կազմակերպել, որոնց մասնակիցները հայտարարել են, թե կկռվեն, եթե Հեյդար Ալիեւը վերադառնա իշխանության եւ ստանձնի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը: Քերիմովի հետագա ճակատագրի մասին աղբյուրները լռում են: Բայց իրողություն է, որ նա Խոջալուի դեպքերին նախորդած օրերին Աղդամում ստվերային լայն գործունեություն է ծավալել: Ու՞մ համար է Քերիմովն աշխատել: