Հրազդան-Սեւան ավտոբուսը վտանգավոր է

Հրազդան-Սեւան ավտոբուսը վտանգավոր է
Հնամաշ, դարն ապրած ՊԱԶ մակնիշի ավտոբուսն սպասարկում է Հրազդանի եւ Սեւանի բնակիչներին։ «Այս ավտոբուսը պիտանի չէ ուղեւորափոխադրման համար: Մինչեւ ավտոբուսով տեղ ենք հասնում, սրտխառնոց ու գլխացավ ենք ունենում: Մյուս ավտոբուսներն էլ լավ վիճակում չեն, բայց երբ նստում ենք, որ Սեւան գնանք, լարված ենք, մտածում ենք՝ հանկարծ մի բան չլինի: Հենց մի փոքր արագություն է վերցնում ավտոբուսը, էնպես է թափ տալիս, որ քիչ է մնում ասես՝ պահի, իջնենք:



Շատ դեպքերում փչանում է, մնում ենք ճանապարհին: Դրել են, մտածում են՝ յոլա կտանի, մինչեւ մի օր էլ մի փորձանք կլինի, հա՛մ իրենց հոգին կազատվի, հա՛մ էլ՝ մեր»,- ասում էին ուղեւորները: Ուղեւորներից մեկն էլ կատակելով ասաց. «Թող մի օր Յուրան չգա, տես ոնց եք կարոտելու»: Յուրան վարորդն է։ Կատակը՝ մի կողմ, սակայն ուղեւորների բողոքն արդարացի է:



Հետաքրքիրն այն է, որ Հրազդան-Սեւան երթուղին սպասարկող կազմակերպությունը չի մտածում բնակիչների անվտանգության մասին: Խնդրի հետ կապված՝ զանգահարեցինք Կոտայքի մարզպետարանի տրանսպորտի բաժնի պետ Ալեքսան Եղիշյանին: Բաժնի պետն ասաց, որ իրենք սպասարկում են միայն Կոտայքի մարզին, իսկ մարզից դուրս երթուղիներն սպասարկվում են տրանսպորտի եւ կապի նախարարություն կողմից: