Սեւան ժամանած զբոսաշրջիկների մեծ մասը իրանցիներ են

Սեւան ժամանած զբոսաշրջիկների մեծ մասը իրանցիներ են
Անցած տարի՝ 2017 թ.-ի հոկտեմբերի 14-ի դրությամբ Սեւան քաղաք է այցելել 83 հազար 44 արտասահմանցի զբոսաշրջիկ: Սեւան քաղաքի զբոսաշրջային տեղեկատվական շարժական գրասենյակի պատասխանատու Դավիթ Թորոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ 2017թ.-ին զբոսաշրջիկների թիվը դեպի Սեւան կրկնապատկվել է, իսկ երկրներից առաջատարը Իրանն է, որտեղից միայն 2017թ.-ին ժամանել է 16 հազար 156 զբոսաշրջիկ. «Եթե համեմատենք 2016թ-ի նույն ժամանակահատվածի հետ, կրկնակի աճ է գրանցվել: 2016թ.-ին Սեւան այցելել է 32 հազար 870 զբոսաշրջիկ, իսկ 2015-ին՝ մոտ 25 հազար զբոսաշրջիկ:



Սեւան ժամանում են տարբեր երկրներից: Մենք ունենք ստատիստիկա, թե որ երկրներից են շատ զբոսաշրջիկներ ժամանել Սեւան: Եթե մենք համեմատում ենք Ծաղկաձորի հետ, Ծաղկաձոր ավելի շատ ռուսներ են գնում, իսկ մեր մոտ, ավելի շատ իրանցիներ: Կարծում եմ դա պայմանավորված է հետեւյալ գործոնով. ռուսները ավելի ապահովված են, նրանց ավելի թանկ բաներ է ձգում՝ դահուկ, ճոպանուղի եւ այլն, իսկ իրանցիները չունեն այդ նույն հնարավորությունները: Իրանցիներին ավելի շատ ծովն է հետաքրքրում: Մեզ մոտ իրանցիներն առաջին տեղում են: Երկրորդ տեղում եվրոպական երկրներից ժամանած զբոսաշրջիկներն են՝ 12027, 8512 զբոսաշրջիկ ժամանել են այլ պետություններից, Լեհաստանից եկած զբոսաշրջիկները՝ 7387-են, 5637 զբոսաշրջիկ եկել է Ֆրանսիայից, 4307 –ը՝ Ռուսաստանից, 4019-ը՝ Իտալայից, 3088-ը՝ ԱՄՆ-ից եւ այսպես շարունակ»,- նշեց Դավիթ Թորոսյանը:



Ըստ նրա՝ աճին զուգահեռ նաեւ կան երկրներ, որտեղից զբոսաշրջիկների հոսքը Սեւան տարեցտարի պակասում է. «2017 թ.-ին Իսրայելից մեզ մոտ եկել է 70 զբոսաշրջիկ, Ուկրաինայից՝ 67: 2016թ-ի համեմատ՝ 60 զբոսաշրջիկ պակաս: Եթե այս տրամաբանությամբ նայենք, ապա այս տարի հնարավոր է, որ այդ երկրներից 20-30 զբոսաշրջիկ այցելի Սեւան»:



**-Որպես ոլորտի պատասխանատու՝ ի՞նչ չկա Սեւանում, որը ավելի կգրավեր զբոսաշրջիկներին:**



-Սեւանում չկան բարձրակարգ հյուրանոցներ: Զբոսաշրջիկները սեզոնային գներից հաճախ բողոքում են: Գների պրոբլեմը առաջանում է, քանի որ տնտեսվարողը աշխատում է 2-3 ամիս, եւ քոթեջի գինը սկսվում է 25հազար դրամից: Քոթեջի տերը գինը չի իջեցնում՝ պատճառաբանելով, որ աշխատում է ընդամենը 3 ամիս եւ պետք է կարողանա հարկեր վճարի եւ աշխատավարձ տա: Որպեսզի զբոսաշրջիկները գների թանկ լինելու պատճառով չգնան Սեւանից, այս տարի քաղաքում գտանք 15 տուն եւ վարձակալությամբ տվեցինք զբոսաշրջիկներին:



Իսկ եթե հյուրանոցներ լինեն, ապա նրանք կաշխատեն ողջ տարին եւ կունենան կայուն գին: Դավիթ Թորոսյանը նշեց, որ իրանցիները Սեւան այցելում են տարվա բոլոր ամիսներին՝ թե իրենց ազգային տոներին, թե ամառային հանգստի ընթացքում, նաեւ տարվա այլ ամիսներին. «Մարտի 21-ին մեծ հոսքով իրանցիներ կայցելեն Սեւան: Իրանցիները նշում են իրենց Նոր տարին՝ Նովրուզը։ Հատկանշական է, որ վերջին տարիներին շատերն այդ տոնը գերադասում են անցկացնել Հայաստանում»։