Մի քիչ համբերեք, էլի

Մի քիչ համբերեք, էլի
Խոստովանեմ, որ ես այնքան էլ լավ չեմ հասկանում, թե ինչու են Հայաստանում բոլորը` կարկառուն ընդդիմադիր գործիչներ, քաղաքագետներ, վերլուծաբաններ, դեռափթիթ լրագրողներ, թերթ ու կայք, այդքան վստահ, որ ՀՀԿ-ն վարչապետի պաշտոնի համար ներկայացնելու է հենց Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Ես, իհարկե, չեմ բացառում, որ թեկնածուն իսկապես կարող է լինել Սերժ Սարգսյանը, բաց չեմ հասկանում, թե ինչու են բոլորը 5 րոպեն մեկ հանդես գալիս այդ մասին հայտարարությամբ, ֆեյսբուքյան գրառումներով կամ խեղկատակության նմանվող հոդվածներով ու հարցազրույցներով:



Ամոթ չլինի հարցնելը` Սերժ Սարգսյանին շատ սիրելուց չէ՞, պատահաբար, այս իրարանցումը: Մեկն էլ ողբ է դրել` բա գիտե՞ք, ինքն ասել է, որ վարչապետ չի դառնա, բայց ուզում է դառնալ: Եղբայր, որտեղի՞ց քեզ այդ տեղեկությունը, որ Սերժ Սարգսյանն ուզում է վարչապետ դառնալ: Ու այնքան էլ վստահ են ասում, որ քիչ է մնում հավատաս:



Եկեք ՀՀԿ-ին մի պահ թողնենք իր որոշելիքի հետ ու գնանք Չինաստան: Սի Ցզինպինի կուսակցությունը որոշել է Սահմանադրությունից հանել երկրի ղեկավարի պաշտոնում մնալու բոլոր սահմանափակումները: Մեր տրամաբանությամբ` կարելի է պնդել, որ այդկերպ Սի Ցզինպինը ցանկանում է ցմահ կառավարել: Բայց, սիրելի հայեր, խնդրում եմ չվիրավորել Սի Ցզինպինին եւ նրա փոխարեն չորոշել, թե ինչ կանի նա, եթե նույնիսկ ցմահ ղեկավարելու հնարավորություն ստանա օրենքով: Ի վերջո, նույնիսկ երկրի ամենաբարձր պաշտոնն ավելին չէ, քան մարդու սկզբունքները, առողջական վիճակը կամ մի այլ անձնական պատճառ, որոնք կարող են ստիպել նրան հրաժարվել հետագա պաշտոնավարումից:



Ի դեպ` Չինաստանի Կոմկուսի կենտկոմի որոշման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է. «Ցմահ նախագահ` դա հրաշալի է»: Ճիշտ է, լսողները տարակուսանքի մեջ են` լո՞ւրջ է ասել Թրամփը, թե՞ կատակել, բայց հարկ են համարել ընդգծել, որ «եթե ԱՄՆ-ում նման բան տեղի ունենա, Ջորջ Վաշինգտոնը դագաղի մեջ շուռումուռ կգա»:



Մենք հազիվ թե մեր անցյալների մեջ գտնենք մի մարդու, որը դագաղում շուռումուռ գա, եթե Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ, որոշի վարչապետ դառնալ: Այնպես որ, շատ անհանգստանալու պատճառ էլ չունենք: Մեր շուրջն այնքա՛ն հավերժական մարդիկ կան… Որ կողմը նայում ես` նույն դեմքերն են, նույն գեներալները, նույն երգիչ ու լրագրող պատգամավորները, նույն հետույք մտնողները, նույն կեղծ ընդդիմադիրները, նույն օլիգարխները, վերջապես՝ նույն տափակ վերլուծաբաններն ու քաղաքագետները, նույն տհաս լրագրողներն ու երեսպաշտ լրատվամիջոցները: Այս միապաղաղ նույնության ֆոնին նույնիսկ Գալուստ Սահակյանն է հեղափոխական թվում, որ թողեց ԱԺ նախագահի պաշտոնն ու դարձավ հասարակ պատգամավոր: Հիմա ինչ, շատ ներողություն, մեջների «կյաժը» Սերժ Սարգսյա՞նն է, որ պետք է հեռանա, ինչ է թե մի առիթով, ով գիտի՝ մի քիչ էլ խմած, հայտարարել է, որ վարչապետ չի դառնալու: Իսկ ո՞վ դառնա, եթե շուրջն ամայություն է բառիս բուն իմաստով: Ով եկավ` ոչնչացրինք տեղում, ում բերեցին՝ պոչուպոզ կպցրինք, ով փախավ` հետեւից բամբասեցինք. կասե՞ք, վերջապես, հայեր ջան, ի՞նչ ենք ուզում: Իսկապե՞ս դեմ էինք Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուն: Այդ դեպքում ինչո՞ւ միլիոնով ձայն տվեցինք նրա կուսակցությանը: Չգիտեի՞նք, որ նրա կուսակցությունը կկարողանա համոզել Սերժ Սարգսյանին դառնալ վարչապետ:



Թող այս հոդվածը կարդալուց հետո որեւէ ընդդիմադիր ուժի առաջնորդ հայտարարի, որ ԱԺ ընտրություններում իր կուսակցության հաղթանակի դեպքում ինքը չէր լինելու վարչապետի թեկնածուն: Այս առումով, կարծում եմ, արտառոց բան չկա, եթե ՀՀԿ-ն առաջադրի, այո, հենց Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Ավելին, աննորմալ կլինի, եթե վարչապետի պաշտոնում իրենց կուսակցության ղեկավարի թեկնածությունը չառաջադրեն նախեւառաջ: Մնացածը, ինչպես ասում են, թեկնածուն կորոշի` դառնա՞լ, թե՞ չդառնալ:



Թող ինձ ներեն ՀՀԿ-ականները, բայց ՀՀԿ-ում այնպես չէ, ինչպես Դաշնակցությունում, որտեղ (Վահան ջան, լույս իջնի շիրիմիդ) եթե որոշում են, որ Գեղամ Մանուկյանը պետք է դառնա լողի չեմպիոն, ուրեմն պետք է դառնա: Սերժ Սարգսյանը կարող է, ներողություն, ոլորել ՀՀԿ-ի որոշումն ու չդառնալ վարչապետ, եթե նույնիսկ մի փոքր վստահ չէ իր ուժերին: Եվ, ուրեմն, կարիք չկա նրան ավելորդ անգամ «թասիբի գցել», որ ստանձնի պաշտոնը:



Մի քիչ համբերեք, էլի:







**Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ**