Մոսկվային և Վաշինգտոնին չի հաջողվում Լավրով-Թիլլերսոն հանդիպում կազմակերպել

Մոսկվային և Վաշինգտոնին չի հաջողվում Լավրով-Թիլլերսոն հանդիպում կազմակերպել
Ռուսական կողմը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի հանդիպման մասին հարցումն ուղարկել է մարտի 2-ին, սակայն պատասխան չի ստացվել, հայտարարել է Վաշինդտոնում ՌԴ դեսպանատունը:



Ավելի վաղ, երեքշաբթի, Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Հեզեր Նաուերտը ճեպազրույցում հայտարարել էր, որ ամերիկյան կողմն այդ հարցով որևէ հրավեր կամ զանգ չի ստացել:



«Մենք, սովորաբար, չենք մեկնաբանում դիվանագիտական հանդիպումների աշխատանքային ընթացակարգերը, սակայն, քանի որ Նաուերտը խեղաթյուրում է իրականությունը, ստիպված ենք հայտարարել` Ռեքս Թիլլերսոնի և Սերգեյ Լավրովի հանդիպման հետ կապված հարցումը մենք ուղարկել ենք Պետդեպ մարտի 2-ին: Մի քանի անգամ փորձել ենք հասկանալի պատասխան ստանալ, բայց, ավաղ, դա մեզ չի հաջողվել»,- հայտարարել է ՌԴ դեսպանատունը:



Հայտնի է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այս օրերին շրջագայում է աֆրիկյան երկրներով: Առաջիկայում նա այցելելու է նաև Եթովպիա, ուր ժամանելու է նաև Ռեքս Թիլլերսոնը:



«Այդ պատճառով էլ ամերիկյան կողմին առաջարկվել է երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպում կազմակերպել Եթովպիայում»,- մանրամասնել են ՌԴ ներկայացուցչությունում: