Նախարարի կողմից պարբերաբար հարձակումները թույլ չեմ տա, որ խոչընդոտեն համալսարանի զարգացմանը

Նախարարի կողմից պարբերաբար հարձակումները թույլ չեմ տա, որ խոչընդոտեն համալսարանի զարգացմանը

Մի քանի օր առաջ Արսեն Թորոսյանը գրառում էր կատարել, որտեղ կրկին մեղադրանքներ կային՝ ուղղված բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանին։ 

Առողջապահության նախարարը գրել էր․ «Քանի որ այսօր համացանցում կրկին հիշեցինք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի հավելագրումների հայտնի դեպքը, կարծում եմ պատմական էքսկուրսի և ոչ վաղ անցյալի հիշողությունների թարմացման կարիք կա:

Ստորև աղյուսակում ներկայացնում եմ նշված կենտրոնի, ինչպես նաև Ուռուցքաբանության ազգային կենտրոնի պետական պատվերով ֆինանսավորման չափսերի վերջին 5 տարիների ժամանակագրությունը` նշելով նաև պատասխանատու նախարարների անունները:

Վերջին 5 տարիների ընթացքում ԲԿ-ի ֆինանսավորման աճը, երբ տեղի են ունեցել հազարավոր ուսուցիչների «կեղծ» բուժումները, համընկնում է նախարար Արմեն Մուրադյանի պաշտոնավարման շրջանի հետ:

Այնուհետև դա շարունակվում է նախարար Լևոն Ալթունյանի պաշտոնավարման շրջանում, սակայն հանուն արդարության պետք է նշեմ, որ նա իր պաշտոնավարման 2-րդ օրացույցային տարվանից սկսում է պայքարել տվյալ ԲԿ-ի հավելյալ ու անհիմն ֆինանսավորման դեմ: Առաջին օրացույցային տարում դա նրան չի հաջողվել անել:
Իմ պաշտոնավարման 1-ին օրացույցային տարվա վերջում ԲԿ-ի ֆինանսավորումը ընկնում է և 2-րդ օրացույցային տարվա սկզբում այն դառնում է ամենացածրը վերջին 5 տարիների ընթացքում: Այս փոփոխությունը պայմանավորված է 2018թ.-ի օգոստոսին տնօրենի փոփոխությունով, որից հետո հավելագրումները իսպառ վերանում են: ԲԿ-ի հետագա ֆինանսավորման աճը 2019թ.-ի կեսերից արդեն իսկ պայմանավորված է պետական պատվերի շրջանակներում մատուցվող ծառայությունների իրական ծավալի աճով, ինչպես նաև ծառայությունների փաթեթի ընդլայնումով, ինչպես ամբողջ երկրում:

Նաև երկրորդ սյունակում ներկայացնում եմ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի պետական ֆինանսավորումը, որը սկսում է աճել իմ պաշտոնավարման ընթացքում»:

Մենք հարց ուղղեցինք Արմեն Մուրադյանին․ «Ըստ էության Ձեզ մեղադրում են կոռուպցիոն գործարքների, ԲԿ-ում հավելագրումներին նպաստելու, «ուսուցիչների կեղծ բուժումներին» մասնակցություն ունենալու մեջ, որը կարող է նաեւ քրեական մեղադրանքի հիմք հանդիսանալ։ Նախ՝ ինչու չեն հարուցվում այդ քրեական գործերը, երկրորդ՝ կարելի՞ է արդյոք այս գրառումը որպես «հաղորդում հանցագործության մասին» դիտել։ Եւ չի՞ խանգարում արդյոք նախարար-ռեկտոր հակամարտությունը աշխատանքին՝ եւ Ձեր, եւ նախարարի, եւ բուհի»։

Բժշկական համալսարանի ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը պատասխանեց․ 

«Նախ ասեմ, որ տվյալ պաշտոնյայի կողմից արված ցանկացած գրությունով զբաղվում է փաստաբանս, այդ թվում նաև այդ գրությամբ նույնպես, կարծում եմ պետական պաշտոնյայի խոսքը պետք է լինի առաջին հերթին կշռադատված, փաստարկված և զուսպ: Ինչ վերաբերվում է աշխատանքային հարաբերություններին, ապա նշեմ, որ երբևէ թույլ չեմ տա, որ պաշտոնյայի կողմից պարբերաբար հարձակումները իմ անձի նկատմամբ, որևէ կերպ խոչընդոտեն բժշկական համալսարանի միջազգայնացմանը և զարգացմանը, այդքան փորձ ու պրոֆեսիոնալիզմ ես ձեռք եմ բերել աշխատանքային տարիներիս ընթացքում»։