Ո՞ւր գնացին ժողովրդի փողերը

Ո՞ւր գնացին ժողովրդի փողերը
Սիրելի ընթերցող, խորապես ըմբռնելու համար այսօրվա մեր պատմության ողջ լրջությունը` ձեր ուշադրությունը կուզենայի հրավիրել 4-5 տարիներ առաջ տեղի ունեցած դեպքերին:



Բոլորիս քաջ հայտնի է, որ Նիդերլանդների Մաաստրիխտ համայնքի «Սուրբ Կարապետ» եկեղեցին, որտեղ տեղի են ունենում հայ առաքելական եկեղեցու ծիսակատարությունները, ցավոք, մեզ է պատկանում միայն մասնակի, այն է՝ վարձակալությամբ: Երկար տարիներ վարձակալելուց հետո եկեղեցու ծիսական խորհրդի առաջարկն էր` նվիրատվությունների միջոցով վերջապես հասնել համայնքի վաղեմի երազանքին եւ վայելել սեփական եկեղեցի ունենալու բերկրանքը` սեփական կուտակած միջոցներով:



Մեծագույն ոգեւորությամբ առաջին գումարներն սկսեցին հավաքվել, սակայն կանգ առանք ընդամենը 40 հազար եվրո նվիրատվությունների վրա, որն իրական գնի անգամ 20%-ը չէր կազմում (եկեղեցու շինության իրական արժեքն է 250 հազար եվրո): Անշուշտ, տրամաբանական է, որ այլեւս նվիրատվություններ չստանալուց հետո գումարը պետք է նույնությամբ հետ վերադարձվեր բոլոր նվիրատուներին: Սակայն փաստը մնում է փաստ, որ գումարների մասին խոսակցություններն արագ մոռացության մատնեցին, քանի որ դատապարտելի ճանապարհներով եւ անարդարորեն այն բաժանվեց վարչության իսկ անդամների միջեւ:



Ցայսօր համայնքը համառորեն պահանջում է այս տհաճ իրավիակի արդարացի լուծում, որն է` սեփական գումարների հետվերադարձը, սակայն արի ու տես, որ վարչությունը մնում է անդրդվելի:



Հարկ է, որ նմանատիպ ամոթալի գումարային շորթումների խնդիրները լուծվեն համայնքի ներսում եւ բարվոք կերպով, այլապես դժվար չէ համբերատարորեն լուծում ակնկալելուց եւ չստանալուց հետո դիմել տեղական դատական մարմիններին եւ օրենքի ուժով ստանալ այն, ինչը պետք էր նախօրոք կազմակերպել խղճի ձայնով:



Մեր հստակ պահանջն է՝ տեսնել վարչության կողմից ճշգրիտ հրապարակումները, որտեղ պարզ կլինի, թե որտեղից կամ ումից են որքան գումար վերցրել եւ որքան եւ ում են հետ վերադարձրել: Կարիք չկա բորբոքել առանց այն էլ համայնքում բավականաչափ շիկացած այս իրադարձությունները եւ ընթացք տալ մի այնպիսի գործընթացի, որի արդյունքը կլինի արդարացի, սակայն անպատվաբեր քրիստոնեական եկեղեցու համար: