«18 60»․ Էքզիստենցիալ ապրումներ եւ գույների առատություն 

«18 60»․ Էքզիստենցիալ ապրումներ եւ գույների առատություն 

Մայիսի 21-ին՝ Նկարիչների միության առաջին հարկի ցուցասրահում տեղի կունենա մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, UNESCO-ի, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ և Հայաստանի նկարիչների միության անդամ, Արցախյան ազատամարտի մասնակից Արթուր Մարտիրոսյանի «18 60» անհատական ցուցահանդեսը։  

Բնության հանդեպ սերը և գույների առատությունը, ինչպես նաև էքզիստենցիալ ապրումներն առանցքային դեր են խաղում Մարտիրոսյանի ստեղծագործություններում:

Իսկ թե ինչու՞ է հեղինակը ցուցահանդեսի համար ընտրել «18 60» խորագիրը, այցելուները կպարզեն տեղում՝ ցուցահանդեսի ժամանակ, ուր ներկայացված են լինելու շուրջ 100 ինքնատիպ բնանկարներ, կոմպոզիցիաներ և լանդշաֆտային աբստրակցիաներ։

Արթուր Մարտիրոսյանն ունեցել է բազմաթիվ ցուցահանդեսներ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ  Հայաստանից դուրս այլ երկրներում։ Նրա արվեստը բարձր են գնահատել շատ արվեստաբաններ, ինչպես օրինակ՝ 

«Ա․ Մարտիրոսյանի երևակայությունը մշտապես դեգերում է հոգևոր ապրումների սահմաններում, ժամանակակից ուղղությունների, ոճերի լաբիրինթոսում ապավինելով իր ներաշխարհում ի սկզբանե բուն դրած զգացումների, հույզերի նախնական անաղարտությանը»։ - Սարո Սարուխանյան, արվեստաբան։
 
«Ա․ Մարտիրոսյանը գույնի վարպետ է։ Նրա ձեռագիրը յուրատիպ է, խիստ անհատական։ Նրա բնանկարները հայկական են ու անսահման տպավորիչ»։ - Հրավարդ Հակոբյան, արվեստագիտության դոկտոր-պրոֆեսոր։