ՎՏԲ բանկից հոգնածները

ՎՏԲ բանկից հոգնածները
Այսօր առավոտից Հրազդան քաղաքի որոշ բանկերում հերթեր էին գոյացել: Հրազդանցիները բանկից բանկ էին գնում՝ փորձելով կատարել բանկային գործարքները։ «Հասկանում ենք՝ դեմը շաբաթ, կիրակի է եղել, բայց էսպես բան դեռ չէր եղել: Ժողովուրդը վարկերն ու տոկոսներն է վճարում, որ սեւ ցուցակ չընկնի, քանի որ 3-4 օր ոչ աշխատանքային է», -բողոքում էին քաղաքացիները:



Իսկ Հրազդան քաղաքի միկրոշրջան թաղամասում գտնվող ՎՏԲ բանկում գործարք կատարելու համար մարդիկ 2 ժամից ավելի սպասում էին բանկում: Բանկում գործում է հերթային համակարգ, բայց արի ու տես սա էլ կրկին «ծանոթով է»: Քաղաքացին ներս է մտնում, կտրոնը քաշում ու սպասում, թե երբ է գալու իր հերթը: Բանկում տեղադրված փոքրիկ բազմոցի վրա մարդն այնքան է նստում ու սպասում իր հերթին, որ մեկ էլ ահա աչքը «կպնում է», ու երբ աչքը բացում է, տեսնում է, որ հերթն անցել է:



Մարդիկ դժգոհում էին սպասարկումից, նյարդայնանում, անգամ քաշած կտրոնը դեն գցելով հեռանում. «Ինչ նորություն եք մտցրել, կտրոնը քաշում ենք, ժամերով սպասում, ով ծանոթ կամ բարեկամ ա ունենում բանկում, սկզբից իրեն են սպասարկում, արդեն 2 կես ժամ է կանգնած եմ»,-ասում էր զրուցակիցս:



Նկատեցինք, որ բանկում 4 համակարգիչ է, իսկ աշխատակիցները 3-ն են: Թե ինչո՞ւ չեն կարողանում կարգավորել այս հարցը, աշխատակիցներ չունե՞ն, թե՞ ուղղակի մարդկանց հոսքն է շատ բանկում, հարց ուղղեցինք բանկի կառավարչին. «Մեր աշխատակիցները անում են հնարավորը, որ հերթը չլինի: Հիմա Հայաստանում մեկ բանկերում է հերթ, մեկ` դեղատներում: Այս պահին աշխատակցի պակաս ունենք: Ունենք պրակտիկանտ, սովորում է, մի քանի օրից աշխատանքի կանցնի, հերթերը կկարգավորվի»,-ասաց կառավարիչ Խաչատրյանը:



**Նելլի Կարապետյան**



#####