Շնացեք, հարևանի կնոջ վրա աչք դրեք, բայց մի՛ գողացեք

Շնացեք, հարևանի կնոջ վրա աչք դրեք, բայց մի՛ գողացեք

Ընդհանրապես Հայաստանում հղումներ տալ չեն սիրում: Շատերը, երևի թե չգիտեն էլ, թե ինչ է դա կամ էլ գիտեն, բայց չեն կարևորում դրա անհրաժեշտությունը: Տեքստը որպես այդպիսին ինքնաբավ ու ինքնուրույն համակարգ չէ: Այն անպայման պետք է կառուցված լինի ինչ-որ ճշմարտությունների կոնցեպտուալ հիմքի վրա և՝ փաստարկված համապատասխան աղբյուրներով: Խոսքն ավելի շատ գիտական և լրագրողական տեքստերի մասին է: Այսինքն՝ առանց հղումների գիտական տեքստը կորցնում է իր գիտականությունը, իսկ չփաստարկված լրագրողական գրույթը դառնում է պարզապես հիմնազուրկ բառերի ինչ-որ ամբողջություն: Նույնիսկ գեղարվեստական, փիլիսոփայական և հրապարակախոսական տեքստերը հղումներ ունեն, պարզապես դրանց պարագայում օրինաչափությունն է մի փոքր այլ: Եթե գիտական և լրագրողական գրվածքների հղումները պետք է անպայման նշված լինեն, ապա գեղարվեստական և փիլիսոփայական տեքստերի հղումները կարող են լինել անուղղակի և աներևույթ: Որևէ կամայական վեպ կարդալիս մենք, ամենայն հավանականությամբ, գլխի ենք ընկնում, թե ինչ անտեսանելի հղումների վրա է հեղինակը կառուցարկել իր տեքստը:

Բայց Հայաստանում վերոհիշյալ կանոնը ոչ միշտ է գործում, այդ իսկ պատճառով պարբերաբար ստիպված ենք լինում գործ ունենալ հիմնազուրկ բառակույտերի հետ: Հղում տալը միայն տեքստային մեխանիկական աշխատանք չէ, այն առաջին հերթին պատասխանատվություն է և մտքի անբեկանելի հիմնավորում: Ոչ պակաս կարևոր է նաև բարեխղճության խնդիրը: Այսինքն՝ տեքստի հեղինակը, ոչ միայն պատասխանատվություն է ստանձնում իր գրվածքի համար և հիմնավորում դրա անշփոթ ճշմարտացիությունը, այլ նաև՝ չի զբաղվում պարզունակ գողությամբ՝ բարեխղճորեն նշելով բոլոր օգտագործված աղբյուրները: Սա այն դեպքն է, երբ մարդկային որակներն ու մասնագիտական կարողությունները մեկտեղվում են ու միահյուսվում:

Հասկանալի է, գործ ունենք գայթակղության չափազանց մեծ չափաբաժնի հետ: Ի դեպ ես էլ անմասն չեմ այդ մոլորությունից: Երբեմն գիշերները ինչ-որ «հանճարեղ» մտքեր են ինձ հյուր գալիս, բայց առավոտյան պարզվում է, որ այդ հավակնոտ նորարական մտքերը արտահայտվել են շատ ավելի վաղ ժամանակաշջաններում և ինձնից շատ ավելի զիլ տղերքի կողմից: Սկզբում իրավիճակն այս հիասթափեցնող էր, իսկապես նյարդայնանում ու նախանձում էի. Ինչու՞ պետք է այդ միտքը Թոյնբին ասած լինի, այլ ոչ թե՝ ես: Դե հիմա բնականաբար հաշտվել եմ այդ իրողության հետ՝ հասկանալով, որ հղում տալով ամենևին էլ չեմ նսեմացնում իմ գրվածքի արժեքը: Իմ պրոֆեսորը իր դասախոսությունների ժամանակ հաճախ է կրկնում. «Չեմ հիշում ես եմ ասել, թե Հեգելը, բայց…»: Այսինքն ուզենք, թե չուզենք, միևնույնն է կրկնում ենք իրար, բայց կրկնելու դեպքում հղում տալ պարտավոր ենք:

Զավեշտալին այն է, որ նույնիսկ լուրջ կոչումներ ունեցող գիտնականներն են առանց պատշաճ հղումների հետազոտություններ գրում: Եթե գիտաշխատողներն են այսպիսի վարքագիծ դրսևորում, ապա ի՞նչ պահանջենք ուսանողներից: ԱՄՆ-ի և Եվրոպայի գիտնականները Հայաստանում գրված շատ հետազոտություններ տեսնելիս պազապես բարի ժպտում են՝ ներքուստ զվարճանալով չհիմնավորված ու անպատասխանատու, բայց մարտնչող ու հավակնոտ պնդումների վրա: Պրոֆեսոր Ա. Ստեփանյանը, որը Համաշխարհային պատմության ամբիոնի վարիչն է, որևէ կամայական գիտական աշխատանք կարդալուց առաջ, նախ նայում է հղումներին: Եթե դրանք պատշաճ կերպով դրված չեն, ապա գրվածքը շպրտում է մի կողմ:

Լավ, գիտական աշխարհը թողնենք մի կողմ, բայց հուսով եմ պատկերացում կազմեցիք, թե որքան կարևոր նշանակություն ունեն հղումները տեքստի գիտականության համար:

Վերադառնալով ժուռնալիստիկայի ոլորտ՝ նշենք, որ այստեղ հղումները ոչ պակաս կարևոր են, քան գիտական ոլորտում: Եթե իհարկե գործ չունենք գաղտնի աղբյուրների կամ էլ տեղեկատվության արտահոսքի հետ, բայց խոսքը վերոհիշյալ իրավիճակների մասին չէ:

Լրագրողների մի ստվար զանգված սիրում են ձրիակերությամբ զբաղվել: Նրանք ինչ-որ լրատվամիջոցից տեղեկատվություն են վերցնում՝ սեփականացնելով այն, առանց որևէ հղման և ծանոթագրության: Օրինակ՝ «Հրապարակ» օրաթերթի լրագրող Լուսինե Պետրոսյանը մի ուշագրավ հետաքննություն էր իրականացրել՝ հիմնավորելով արդեն ընտրված նախագահ Արմեն Սարգսյանի նախագահ ընտրվելու հակասահմանադրականությունը: Մի շարք լրատվամիջոցներ օգտագործել էին այդ հետաքննությունը որպես տեղեկատվության աղբյուր, բայց որևէ հղում չէին տվել:

Եվ խոսքը միայն մեր թերթի մասին չէ: Նմանատիպ դեպքերը բազմաթիվ են ու անընդհատ, ամեն օր կարող ենք ականատես լինել գրագողության բազմաբնույթ տարակերպերի, որոնք բույն են դրել լրատվական միջավայրում:

Յուրաքանչյուր լրագրող իր կյանքում գոնե մի քանի անգամ պետք է գրագողություն անի, դա անխուսափելի է: Գրել սովորելու համար մի քանի անգամ իսկապես արժի գնալ այդպիսի չարաճճիության, բայց երբ այդ վարքագիծը մշատական կարգավիճակ է ստանում, ապա բանը բուրդ է:

Վերջաբանի փոխարեն միայն կարելի է ավելացնել հետևյալը. ավելի քան կանխատեսելի է, որ ակնարկն այս տարատեսակ խոսակցությունների առիթ է դառնալու: Իբրև թե՝ ես գովազդում եմ «Հրապարակը» և ամենևին էլ խնդիրը գրագողությունը չէր: Ճիշտն ասած, ես կեղծ համեստությամբ չեմ տառապում և չեմ կարող թաքցնել, որ այո՛, իսկապես և՛ գովազդում եմ և՛ առաջնային պլան մղում գրագողության հիմնախնդիրը, որը սպառնում է նաև մյուս լրատվամիջոցներին: Բայց, եթե անկեղծ լինենք, հո Պողոսենց թերթը չէի՞ գովազդելու: Պողոսենցից աշխատավարձի բարձրացում չի սպասվում: Կատակը մի կողմ, բայց մի գողացեք: Շնացեք, հարևանի կնոջ վրա աչք դրեք, բայց մի՛ գողացեք: