Մածունը սեւ է, շրջանը քառակուսի, իսկ խնձորը բանան է

Մածունը սեւ է, շրջանը քառակուսի, իսկ խնձորը բանան է
Երեկ եւ նախօրեին ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ պրն. Արմեն Սարգսյանը ՀՀ ԱԺ-ում հանդես է եկել ելույթով եւ պատասխանել է հարցերի` համարյա մածունը սեւ է, շրջանը քառակուսի է կամ, ինչպես CNN է վերջերս ծաղրում` «խնձորը բանան է» բանաձեւերով:







**Կրկես դարձված հայրենիքը**



Սերժ Սարգսյանը ժամանակին ասում էր «Մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք»: Դա դեռ գործո՞ղ մոտեցում է, թե՞ արդեն մոռացված:



Ինչո՞վ կրկես չէ, դիցուք, ԱԺ ամբիոնից ստեր տարածելը, այն էլ ոչ թե տնտեսական ցուցանիշների մասին, ինչը ՀՀ տնտեսական բլոկի նախարարների ժառանգական իրավունքն ու զբաղմունքն է, այլ սեփական կենսագրության: Ես մարտի 1-2-ի ԱԺ նիստերից ընդամենը պրն. Արմեն Սարգսյանի մի ելույթն եմ լսել` երեք րոպե տեւողությամբ, «Ելքի» պատգամավորի հարցին պատասխանելիս, եւ երեք րոպեում երեւի մի տաս ստախոսություն հաշվեցի:



Երեք րոպեում, պատասխանելով պատգամավորին, պրն. Սարգսյանն ասաց, թե Eurasia House International-ը հիմնադրամ է: Ինչպե՞ս է հիմնադրամ, եթե կազմակերպության վկայականի վրա գրված է. CERTIFICATE OF INCORPORATION OF A PRIVATE LIMITED COMPANY Company No. 4451865: Կույրերի աշխարհում հո չե՞նք:



Հետո սրտաճմլիկ հեքիաթ պատմեց, իբր Eurasia House International-ը հիմնադրվել է հայ ուսանողներին չգիտես ուր տանելու համար: Հայ ուսանողներին չգիտես ուր տանելու համար Դեգիրա Նազարբաեւան հիմնադրման օրվանից` 30/05/2002-ից ստանձնում էր Eurasia House International-ի տնօրենի պաշտո՞նը: Կարո՞ղ է Արմեն Սարգսյանը Լոուրենս Օլիվյեն է, Դեգիրա Նազարբաեւան էլ` Վիվիեն Լին, ուսանողական կրթաթոշակներն էլ՝ Օսկարի արձանիկը։



Հաջորդիվ Սարգսյանն ասաց, թե Eurasia House International-ը փակվել է 2012-ին: Ինչպե՞ս է փակվել 2012-ին, եթե իր`Արմեն Սարգսայնի ձեռամբ գրված եւ ստորագրված Eurasia House International-ի լուծարման դիմումը CH ներկայացրել է 27/12/2014-ին, իսկ լուծարվել է կազմակերպությունը 2015-ին: Պրն. Սարգսյանի մոտ հիշողության ամնեզիա՞ է:



Այնուհետեւ նույն երեք րոպեում Սարգսյանն ասաց, թե Eurasia House International-ում հաշվապահ կամ այլ աշխատակիցներ են եղել, ովքեր իբր 2012-ից հետո շարունակել են փաստաթղթեր ներկայացնել հարկային մարմիններին, դա ինքը չի արել: Իրականում Eurasia House International-ը 2012-13-14թ.-ին ունեցել է միայն տնօրեն, այն է Արմեն Սարգսյանը, ով էլ ստորագրել է բոլոր փաստաթղթերի ներքո մինչեւ 27/12/2014թ: 2013-ին Eurasia House International քարտուղար է եղել Սարգսյանի որդին` Վարդան Արմենի Սարգսյանը, բայց նա CH ներկայացվող թղթեր չի ստորագրել:



Արմեն Սարգսյանը հասցրեց նաեւ ասել, իբր 2012-ին Eurasia House International-ը փակել է, փոխարենը 2013-ին հիմնադրել է Yerevan - My Love բարեգործական հիմնադրամը: Դարձյալ հիշողության ամնեզիա է կամ գիտակցված խեղաթյուրում, քանի որ 2010թ փետրվարին Վինձորյան ամրոցում Արքայազն Չարլզը կազմակերպել էր երեկո, որին ՀՀ նախագահը եւ Ամենայն Հայոց կաթողիկոսն էին մասնակցում եւ այդ երեկոն կազմակերպվել էր Արմեն Սարգսյանի Yerevan My Love ծրագրի հետ համագործակցությամբ: Պրն. Սարգսյանն էլ դեռ այն ժամանակ`2010-ին տարածել էր, իբր ինքը նախկինում էլ ծրագրեր է իրականացրել Արքայազն Չարլզի հետ, ինչը բրիտանական արքայական ընտանիքի կողմից հերքվեց` Հայաստանում ՄԹ դեսպանատան միջոցով:







**Մեծ Բրիտանիան խեղաթյուրումներ չի հանդուրժում**



Այսքանը դեռ մի կողմ, ամենաէականը` այդ երեք րոպեում պրն. Արմեն Սարգսյանը հասցրեց ԱԺ ամբիոնից հայտարարել, իբր բրիտանական քաղաքացիության հրաժարումը նշանակում է այդ քաղաքացիության դադարում, մանավանդ եթե այլ երկրի քաղաքացիություն արդեն ունես:



Սուտ է, բացարձակ ստախոսություն:



ՄԹ-ում Բրիտանական քաղաքացիությունից հնարավոր է հրաժարվել երկու դեպքում` կամ եթե արդեն ունես այլ երկրի քաղաքացիություն կամ եթե ունես համոզիչ ապացույցներ, որ առաջիկա վեց ամսում ձեռք ես բերելու այլ երկրի քաղաքացիություն: Երկու դեպքում էլ քաղաքացիության դադարման ընթացակարգը բացարձակապես նույնն է: Անձը Declaration of Renunciation (Հրաժարման մասին հայտարարություն) RN ձեւաթղթով դիմում է Home Office, այնտեղ որոշակի ժամանակահատված դիմումն ուսումնասիրվում է (նվազագույնը մի քանի ամիս), դրական ելքի դեպքում հայտարարությունը գրանցվում է եւ դիմողին է վերադարձվում Declaration of Renunciation-ի իր օրինակը (Applicant copy-ն)` պաշտոնական ստորագրությամբ, կնիքով եւ այն ամսաթվի, օրվա նշումով, որից դադարում է անձի Բրիտանական քաղաքացիությունը:



Անգլերեն բնագրով մեջբերում եմ Բրիտանական քաղաքացիության մասին օրենքով (British Nationality Act) սահմանված եւ Home Office-ի կողմից կիրառվող ՄԹ քաղաքացիության դադարման կարգը: Այդ փաստաթուղթը բաց է եւ հասանելի է համացանցից Guide RN Declaration of Renunciation անվան ներքո:



If you are a British citizen, you may renounce your citizenship or status if:



EITHER you already have some citizenship or nationality other than the British nationality that you wish to renounce,



OR you can satisfy the Home Secretary, or Governor if you wish to renounce British overseas territories citizenship, that you will acquire another citizenship or nationality after renouncing.



You can renounce your British citizenship, by completing the declaration of renunciation on form RN. You will cease to be a British citizen, on the date your declaration of renunciation is registered by the Home Secretary. This date will be shown on your copy of the form.



If your declaration is registered in the expectation of your acquiring another citizenship, but you do not do so within 6 months of the registration, the renunciation will not take effect, and you will be considered to have remained a British national as before.



A person who renounces their British citizenship will lose their right of abode in the United Kingdom, unless they also have that right as a Commonwealth citizen. If you renounce British citizenship and want to live in the UK you will need to apply under the Immigration Rules.



After the declaration has been registered, the ‘Applicant’s Copy’ of the form, officially signed and stamped, will be returned to you, together with the documents that you sent. This copy will be formal evidence that your declaration of renunciation has become effective.



Պրն. Սարգսյանը այսքանը չգիտե՞ր: Գուցե այժմ ծանոթանա եւ իր մտքերը, շահերն ու ցանկությունները չվերագրի բրիտանական օրենսդրությանը: Իսկ խնդրի բուն լուծումն այն կլինի, որ պրն. Արմեն Սարգսյանի ոչ լեգիտիմության եւ ՀՀ սահմանադրության կոպտագույն ոտնահարմամբ ընտրության հարցը տեղափոխվի ՀՀ սահմանադրական դատարան, որտեղ արդեն կծավալվի փաստերի եւ կեղծիքների բանական եւ առարկայական քննություն եւ կբացահայտվի ճշմարտությունը: Հուսանք, իրավասու սուբյեկտները դա կանեն:



Այսքանը անձի առնչությամբ, սակայն ԱԺ-ում խաղարկված կրկեսով պրն. Արմեն Սարգսյանը նաեւ ավելի խորը խնդիր բացահայտեց Հայաստանի համար, որ արդեն անձերի հարց չէ, այլ համակարգի:







**ՀՀ պետական մարմինների պատասխանատվությունը**



Հայաստանում նախագահի հավակնորդների բարեհուսության համար պե՞տք է պետական պատասխանատվություն գործի թե ոչ: Ի՞նչ է նշանակում անձնագրային բաժանմունքի շարքային աշխատակիցը տեղեկանք տա անձի` միայն ՀՀ քաղաքացի լինելու վերաբերյալ: Այդ խեղճուկրակ աշխատակիցը, որ գուցե հայերենից բացի այլ լեզու չգիտի եւ դիցուք մի քանի երկրի էլ անուն գիտի, ինչպե՞ս պետք է իր առջեւ կանգնած անձի` այլ երկրի քաղաքացի չլինելու իրողություն ճշտի: Պա՞րզ չէ, որ դա ոստիկանության կամ ազգային անվտանգության մարմինների շատ ավելի բարձր մակարդակի պաշտոնյաների խնդիր է, որոնց հասանելի տեղեկություններն ու տիրապետած լծակները թույլ կտան արտերկրից տվյալներ ճշտել:



Սթափ բանականությամբ ՀՀ նախագահի, Աժ պատգամավորի, կառավարության անդամի` միայն ՀՀ քաղաքացի լինելու կամ այլ երկրի քաղաքացի չլինելու վերաբերյալ տեղեկանք պետք է տրվի ՀՀ ոստիկանության կամ ԱԱԾ-ի պետի, կամ նրանց տեղակալների մակարդակով, նվազագույնը մի քանի օրվա ուսումնասիրություն եւ տվյալների ճշտում կատարելուց հետո: Ոչ թե երկրի Ազգային ժողովը կրկեսի վերածվի, որտեղ Ջորջ Օրուելի «Անասնաֆերմայի» ոչխարների նման մկկան, թե մեզ ոչ մի իրական տվյալ ճշտել հարկավոր չէ, մենք ինչ տեղեկանք ուզենք կգրենք եւ կհամարենք, թե իրականությունը դա է: Ասենք գրեցիք եւ համարեցիք, հետո՞…



Նույն հաջողությամբ Ալիեւն էլ համարում է, թե Երեւանը Ադրբեջանի պատմական տարածք է, որ պետք է վերադարձվի: Ինչո՞ւ են Ալիեւի ստախոսությունից Սերժ Սարգսյանը կամ ՀՀ ԱԺ-ում մկկացողները վրդովվում: Եթե ճշմարտությունը մի կողմ է թողնվում, ապա ստախոսությունների մեջ ի՞նչ տարբերություն… Ակնհայտորեն` ոչ մի:







**Լուսինե Պետրոսյան**