Մեր ժողովրդի մոտ հիվանդության աստիճանի է հասնում ոչ ադեկվատությունը

Մեր ժողովրդի մոտ հիվանդության աստիճանի է հասնում ոչ ադեկվատությունը
1890-ական թվականների սկզբներին Օսմանյան Կայսրության բնակչությունը 28 մլն էր, որից 3 մլն-ը հայեր էին, ընդամենը 13%, սակայն նրանց ձեռքում էր գտնվում այդ ժամանակվա արդյունաբերության 26 %-ը, կայսրություն ներմուծվող ապրանքների 60%-ը հայերն էին բերում, արտահանման 40%-ը նույնպես հայ վաճառականներն էին ապահովում, նրանք էին վերահսկում նաև ներքին առևտրի 80%-ը: Հայերին էին պատկանում հսկայական հողատարածքներ, այգիներ, հյուրանոցներ, գործարաններ, նավեր, առեւտրի եւ բանկային կենտրոններ, ինչպես նաեւ անթիվ արհեստանոցներ ու գյուղատնտեսության ոլորտի մեծ մասը:



Նույն ժամանակահատվածի դրությամբ, աշխարհի ավելի քան 1/6 մասը կազմող եւ շուրջ 135 մլն բնակչություն ունեցող ցարական Ռուսաստանում հայերը, որոնց թվաքանակը 2 մլն էր, գերմանացիների, ռուսների և հրեաների հետ տնօրինում էին արդյունաբերությունը (հայության ձեռքում էր գտնվում Ռուսական Կայսրության նավթարդյունաբերության մոտ 38%-ը), հայերը տնօրինում էին հսկայական կապիտալի, ունեին բանկեր, գործարաններ, որոշ բնագավառում անգամ մենաշնորհներ: Այսինքն այդ երկու կայսրություններում հայերը, չնայած իրենց թվաքանակի սակավությանը, ունեին հսկայական տնտեսական ներուժ, որը ուղղակի անհամատեղելի էր այդ տերություններում բնակվող մյուս ազգությունների հետ: Անգամ ռուսներն ու թուրքերը, որպես այդ տերությունների կայսերաստեղծ դոմինանտ հանրույթներ, եթե դիտարկում ենք տոկոսային հարաբերակցությամբ հայերի հետ, ապա համեմատության մեջ շատ խղճուկ դիրքերում են հայտնվում:



Ի դեպ, և՛ Օսմանյան կայսրությունում, և՛ Ռուսական կայսրությունում հայերը ունեին ամենաբարձր կրթական ցենզը համեմատած մնացած բոլոր ազգային ու կրոնական խմբերի հետ (այդ առումով հայերի ցուցանիշների հետ համադրելի էին միայն լեհերի ու բալթյան երկրների ժողովուրդների ցուցանիշները): Գրականության, թատրոնի ու արվեստների ասպարեզում մեր նախնիները այդ ժամանակ նույնպես կարելի է ասել, որ համաքայլ էին շարժվում եվրոպական առաջադեմ ժողովուրդների հետ: Ուրեմն ի՞նչն էր պատճառը, որ մեր ազգը, ունենալով այդպիսի հզոր մարդկային ու ֆինանսատնտեսական ռեսուրսներ, հաշված տարիների ընթացքում, կարելի է ասել, որ համարյա բնաջնջվեց, կորցնելով ամեն ինչ: Համենայն դեպս Օսմանյան Կայսրությունում իսպառ բնաջնջվեց, իսկ Ռուսական Կայսրությունում, իր պատմական հայրենիքի ընդամենը մի փոքր մասի վրա` մի կերպ ստեղծելով պետականություն, անգամ դա չկարողացավ պահպանել ու նորից անցավ Մոսկվայի ենթակայության տակ, և մենք, առ այսօր, այդ խղճուկ պսևդոպետականության կրողներն ենք, որը չի ապահովում մեր ժողովրդին որպես ազգ կայանալու համար բավարար պայմանները, ու չի կարողանում կասեցնել ավելի քան 100 տարի առաջ գործողության մեջ դրված հայոց ցեղասպանության ընթացքը:



Իհարկե, ես համաձայն եմ, որ այդ ամենը նախօրոք ծրագրված կերպով իրագործեցին որոշ համաշխարհային ֆինանսատնտեսական և կրոնաքաղաքական հզոր կլաններ, որոնք այն ժամանակ կանգնած էին և՛ Օսմանյան, և՛ Ռուսական, և՛ Ավստրո-Հունգարական և՛ Գերմանական Կայսրությունների կործանման ետևում, և հենց դա էր պատճառը, որ երբ ԱՄՆ-ի նախագահ Վիլսոնի ջանքերով կարծես թե կայանում էր Հայաստանի Հանրապետությունը մեր պատմական տարածքների վրա, որի արդյունքում մեր ժողովուրդը շատ արագ կկարողանար հաղթահարել ցեղասպանության հետևանքները, Ռուսաստանը, փաստորեն դեմ գնալով իր ազգային շահերին, օգնեց Թուրքիային ի չիք դարձնելու Վիլսոնյան Հայաստան ստեղծելու ծրագիրը, որովհետև և՛ Թուրքիայում և՛ Ռուսաստանում իշխանությունը իրենցով էին արել և հեղաշրջումների շնորհիվ ամբողջությամբ փաստացի զավթել էին այդ վերը նշած համաշխարհային օլիգարխիկ կլանների դրածոները, որոնք թքած ունեին և՛ Թուրքիայի և՛ Ռուսաստանի ազգային շահերի և, ընդհանրապես մարդկանց իրավունքների և հումանիստական ցանկացած դրսևորումների վրա:



Նրանք բոլորովին այլ մոտիվացիաներ ունեին: Բայց, անգամ հաշվի առնելով այս ամենը, երբ ավելի մանրամասն ենք խորանում պատմական իրողությունների մեջ, ու սկսում ենք վերլուծել հայության պահվածքը որպես մեկ հավաքականություն, ապա աչք է ծակում մի հանգամանք. այն է, որ մեր ժողովրդի մոտ ուղղակի հիվանդության աստիճանի է հասնում ոչ ադեկվատությունը: Ես առաջ միամտորեն կարծում էի, որ դա ցեղասպանության սինդրոմն է մեր ժողովրդի մեջ, սակայն ամեն ինչ ցույց է տալիս, որ դա եղել է նաև ցեղասպանությունից առաջ ու հենց դա է եղել ցեղասպանվելու հիմնական պատճառը, որովհետև եթե մեր ժողովուրդը այն ժամանակ կարողանար ադեկվատ կերպով գնահատեր իրադրությունը, ապա ինչքան էլ համաշխարհային մասշտաբի դավադրություններ կազմակերպվեին հայության դեմ, միևնույնն է այդպիսի հսկայական ռեսուրսների գոնե մի փոքր մասի մոբիլիզացման դեպքում հնարավոր կլիներ կասեցնել ցանկացած դավադրություն, և ավելի ամրապնդել սեփական դիրքերը մեր տարածաշրջանում և աշխարհում ընդհանրապես, ու այսօր չէինք լինի խեղճ ու վերացող տեսակ, այլ կլինեինք համաշխարհային մասշտաբի հզոր հանրույթ, որի հետ աշխարհի հզորները հաշվի կնստեին:



Հիմա այդ հիվանդությունը ավելի ու ավելի է խորանում, դրանում համոզվում եմ ամեն աստծո օր, հայ մարդկանց հետ շփվելու արդյունքում: Հաճախ մի քանի բուհ ավարտած ու լավ կարդացած ինչ-որ մեկի հետ խոսելուց ինձ բռնեցնում եմ այն մտքի վրա, որ դեմս ոչ ադեկվատ մարդ է կանգնած: Ես օտարազգի մարդկանց հետ բավականին շատ եմ շփվել, նույնիսկ կրթական ցենզ չունեցողները լրիվ ադեկվատ են իրականությունը գնահատելու առումով: Իսկ հայության մոտ, ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ կոլեկտիվ փսիխոզի էպիդեմիա կա, որի վարակակիրներն են մեր ժողովրդի բացարձակ մեծամասնությունը։



**Թորոս Ալեքսանյան**