Նապռավլենի ունե՞ս

Նապռավլենի ունե՞ս
Ինձ լոռեցի մի աղջիկ է պատմել, ես էլ ձեզ պատմեմ:



Շատ հին պատմություն է՝ սովետի ժամանակների, որ պատահել է իրենց գյուղացու հետ: Այդ իրական պատմությունը շատ արդիական թվաց ինձ առանձին դեղամիջոցներ միայն դեղատոմսով «բաց թողնելու» ՀՀ առողջապահության նախարարության այս վերջին նոու հաուի հետ կապված:



Երևի հիշում եք, որ սովետի ժամանակ շատ ընդունված էր «նապռավլենի» (ուղեգիր) կոչվող թուղթը, որի առկայության դեպքում միայն բժիշկը կբարեհաճեր զննել հիվանդին, կամ հիվանդանոցը մահճակալ կհատկացներ:



Սովետի այդ երանելի տարիներին է իմ ծանոթ աղջկա գյուղում պատահել այս դեպքը:



Ուրեմն այդ գյուղում մի հայտնի այգեգող է լինում` «բախչագող»: Այնքան հայտնի, որ բոլորը նրան բախչագող Հանես են ասելիս եղել: Այս Հանեսը, մի մութ գիշեր հորեղբոր տղայի սայլակավոր մոտոցիկլետով գնում է գողության՝ գյուղի վերևի այգիները:



-Գերաս, հենց էս բախչեն էլ կմտնենք,- ասում է Հանեսը հորեղբոր տղային, երբ հասնում են Իսպիր բիձու այգուն:



Գերասը մի տեսակ է լինում, երբ տեսնում է բարձր ցանկապատը՝ փայտի սուր-սուր ցցերով.



-Ադա կարա՞նք վեր ըլենք:



-Վեր ըլողը ես եմ, դու ես մտածըըը՞մ…



-Գիդեմ,- ասում է Գերասը,- ես քեզ հմար եմ մտածըմ:



Մոտոցիկլետը քաշում են մի թփի հետև, Գերասը «աթանդա» է կանգնում այգու ծայրին, որ «մարդ-իսան» գա՝ շվվացնի` Հանեսին իմաց տա: Հանեսս էլ ձեռքի պարկը գցում է ցանկապատից ներս ու սկսում է մագլցել:



Այստեղ լոռեցի աղջիկը մի քիչ կարմրեց.



-Չգիտեմ մնացածը ոնց պատմեմ:



-Պատմիր, պատմիր, հետաքրքիր է:



-Ա հետաքրքիր չի է, խայտառակություն ա…



-Ոչինչ պատմիր:



Որ շատ զոռեցի պատմեց` իր գրական խոսքը տեղ-տեղ համեմելով լոռվա բարբառով:



Էս Հանեսն էդ ա, վեր ըլում զաբոռին ու հոպ անըմ, որ թռչի բախչեն, մին էլ մի գոռոց, մի գոռոց…



-Ա հո դու շաշ չես, խի ես գոռըմ, ա կլսեն, է,- վախեցած ձեն ա տալի Գերասը:



-Գերաս մեռա, հասի…Իսպիր բիձա ես քու…



Գերասը վեր ա ըլում զաբոռին թե չէ, Հանեսն էն կռնից ձեռը երկարացնըմ ա, թե՝ քաշի արա, քաշի, մեռա…



Էդ ա, Հանեսին հանըմ ա բախչից, տենըմ ա Հանեսը ձեռը քմակին ա դրել ու մի տեսակ ա ոտներն իրար առաջ դնըմ:



-Ա Հանես, ա ի՞նչ էլավ քեզ…



-Սուս Գերաս, սուս, քշի հիվանդանոց:



-Հանես, լավ չե՞ս…



-Դու լավ կլեի՞ր, որ սուր ցիցը քամակդ մտներ…



Գերասը մտիկ ա անըմ Հանեսի հետևին՝ ինչ տենա՝ ցիցը կոտրվել ու մի կես մետրի չափ դուս ա ցցվել Հանեսի քմակից:



-Վա~յ, Հանես ջան, էս ինչ էլա՞վ…



-Դրա վախտը չի, մոտոն խոդ տուր:



-Ա բա ո՞նց տես նստիլ:



Հանեսը ճարը գտնում է: Բրձրանըմ ա կայլասկեն, ծնգները դեմ ա անըմ նստարանին՝ գլուխը՝ հետ, ցիցն՝ առաջ: Մոտոն դառնըմ ա տանկի պես մի բան:



Էդ ա քանդված ճամփեքով, ցիցը թափ տալով քշըմ են հիվանդանոց՝ կողքի գեղը:



-Հանես լա՞վ ես,- ամեն թմբի վրով թռչելուց հարցնըմ ա Գերասը…



-Ա՛խ, Իսպիր բիձա, ես ու…,- ցավից գոռըմ էր Հանեսն ամեն անգամ:



Ուշ ժամի տեղ են հասնըմ, տենըմ են` հիվանդանոցի դուռ-կտուրը փակ: Ձեն են տալի, դուռն են ծեծըմ, մինչև մի սիպտակ խալաթով կնիկ դուռը բացում ա, թե ով եք, ինչ եք, ինչ եք ուզըմ էս ժամին: Գերասը առաջ ա գալի.



-Հիվանդ եմ բերել, վռազ ընդունեք, շտապ դեպք ա:



-Հիվանդին սարիցն ես բերե՞լ:



-Չէ, մեր գեղիցը:



-Հա~ա~, հլա դեսն արի, տենամ, դո՞ւ ես հիվանդը:



-Հա, ես եմ,- կմկմըմ ա Հանեսն ու ոտները հազիվ քցելով գալի առաջ:



-Քեզ ի՞նչ ա էլէլ…



-Քիրա ջան, վատ ա, պտի փորի վրա պառկացնեք,- վրա ա տալի Գերասը:



-Ասիր էլի, պտի պառկացնեք, նապռավլենի ունե՞ք, նապռավլենին ո՞ւր ա…



Ըտեղ Հանեսը չի համբերըմ, ցավն էլ մի կռնից ա զոռըմ: Գոռըմ ա էդ կընգա վրա.



-Ա հրես նապռավլենին, հրես, քմակմըս ա…



-Վերջը, բուժում ե՞ն Հանեսին,- հարցրեցի աղջկան:



-Հա, բա ոնց, նապռավլենին որ տենըմ են, վռազ պառկացնըմ են…



**Հ.Գ.** _Փաստորեն, եթե ինձ պետք է հատկապես մի դեղ, որ առանց դեղատոմսի չի վաճառվում, ես չեմ կարող աշխատանքից դուրս գալ և գնել այն: Հենց դիմեմ դեղատուն, ինձ հարցնելու են՝ «նապռավլենի» ունե՞ս: Դե արի ու, ատամիդ սուր ցավով, գնա, «նապռավլենի» ճարի:_



**Էդիկ Անդրեասյան**



##### ​