Նախկին վարչապետի կազմակերպությունը տապալել է բոլոր աշխատանքները

Նախկին վարչապետի կազմակերպությունը տապալել է բոլոր աշխատանքները
Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի վերանորոգման աշխատանքների ձգձգմանն ու դրա պատճառներին անդրադարձել ենք: Նշել ենք, որ երկարամյա ավանդույթներ ունեցող այս թատրոնի հիմնանորոգման աշխատանքներն ստանձնած «Մոնոլիտ կապիտալշին» ՍՊԸ-ն մի շարք խախտումներ է թույլ տվել՝ որոշ աշխատանքներ կատարել է թերի ու անորակ, բացի այդ՝ խախտել է նաեւ շինաշխատանքներն ավարտելու՝ պայմանագրով սահմանված ժամկետը: Կապալառուի՝ «Մոնոլիտ կապիտալշին» ՍՊԸ-ի կողմից քաղհայց էր ներկայացվել դատարան, որը դեռեւս սույն հայցով վճիռ չի կայացրել: Մենք Արարատի մարզպետարանին հարցեր էինք ուղղել՝ պարզելու թատրոնի հիմնանորոգման համար պետբյուջեից հատկացված գումարի, կապալառուի հետ կնքված պայմանագրում նշված գումարի չափերի, կատարված եւ կիսատ մնացած շինաշխատանքների ծավալի եւ այլ խնդիրների վերաբերյալ:



Մարզպետարանից ստացված պատասխանում նշվում է, որ թատրոնի հիմնանորոգման համար պետբյուջեով հատկացվել է 80 միլիոն, այդ թվում՝ շինմոնտաժային աշխատանքների համար՝ 74 միլիոն 024 հազար դրամ (հարկ է նշել, որ կառավարությունն անցյալ տարի պահուստային ֆոնդից Արարատի մարզին, հրատապ խնդիրների լուծման նպատակով, հատկացրել էր 139 մլն 719 հազար 500 դրամ, որից, մասնավորապես, թատրոնի հիմնանորոգման աշխատանքների համար նախատեսված էր ծախսել 25 մլն 654 հազար 300 դրամ: Այսինքն՝ թատրոնի հիմնանորոգման համար պետբյուջեից, ընդհանուր առմամբ, հատկացվել է 105 միլիոն դրամ): 2016 թվականին տեղի ունեցած մրցույթում հաղթած վերոհիշյալ ՍՊԸ-ի հետ կնքվել է 54 միլիոն 311 հազար 913 դրամի շինաշխատանքների պայմանագիր (շինաշխատանքներն սկսվել են 2016 թ․ սեպտեմբերի 24-ից): Ինչպես հայտնում են մարզպետարանից՝ 54 միլիոն 311 հազար 913 դրամ պայմանագրային գումարից 2016-2017 թթ․ իրականացվել են 38 միլիոն 466 հազար 603 դրամի շինմոնտաժային աշխատանքներ, կամ կատարվել է պայմանագրով ստանձնած աշխատանքների 70.8 տոկոսը, չեն իրականացվել 15 միլիոն 845 հազար 310 դրամի աշխատանքները՝ 29.2 տոկոսը:



Կապալառուին, դատելով մեզ ուղարկված պատասխանից, այս պահի դրությամբ կատարողական ակտերի դիմաց վճարվել է 38 միլիոն 466 հազար 603 դրամ (2016-ին՝ 28 միլիոն 657 հազար 663, 2017-ին՝ 9 միլիոն 808 հազար 940 դրամ): Քանի որ, ինչպես արդեն նշվեց, քաղհայց է ներկայացվել դատարան, որով վճիռ դեռեւս չի կայացվել, շինաշխատանքներն առկախված են, մարզպետարանն էլ կիսատ մնացած աշխատանքներն ավարտելու նպատակով դեռեւս մրցույթ չի հայտարարել՝ սպասում են դատարանի վճռին: Թատրոնի տնօրինությունը, ինչպես նաեւ մարզպետն ու մշակույթի նախարարը, նկատենք, խիստ դժգոհ են կատարված աշխատանքների որակից եւ արդեն քանիցս ստուգողական այցելություն են կատարել թատրոն: Մարզպետարան ուղարկված մեր հարցման մեջ խնդրել էինք հայտնել նաեւ, թե, բացի վերոհիշյալ թատրոնից, մարզի էլ որ օբյեկտների շինաշխատանքներն է կատարել նշյալ ՍՊԸ-ն, եւ արդյո՞ք մարզպետարանը գոհ է կատարված աշխատանքից:



Պարզվում է՝ «Մոնոպոլ կապիտալշինը» 2016-2017 թթ․ ընթացքում մարզի եւս 5 օբյեկտներում ծառայություններն է մատուցել: Մասնավորապես՝ ստանձնել է Գեղանիստի մանկապարտեզի վերանորոգումը, Արմաշի միջնակարգ դպրոցի 3-րդ մասնաշենքի՝ 2015-ին սկսված ներքին հարդարման աշխատանքները, 2-րդ մասնաշենքի վերանորոգման, Շահումյանի միջնակարգ դպրոցի ընթացիկ եւ Դալարի մանկապարտեզի վերանորոգման, բակի բարեկարգման, Քաղցրաշենի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները, որոնց վերջնաժամկետը սահմանված է եղել 2017 թ․ հուլիսի 31-ը: Սակայն շինկազմակերպության կողմից ժամկետների խախտման պատճառով պայմանագրերը միակողմանի լուծվել են, իսկ աշխատանքները դեռ ավարտված չեն: Նշենք, որ «Մոնոլիտ կապիտալշին» ՍՊԸ-ն կապվում է Հովիկ Աբրահամյանի անվան հետ, եւ հենց նրա վարչապետության օրոք էլ այս ընկերությունն սկսել է մեծ թափով գործունեություն իրականացնել՝ հաղթելով կառավարության կողմից հայտարարված համապատասխան մրցույթներում: Մասնավորապես՝ 2015 թ. կնքված մեկ այլ պայմանագրով ՍՊԸ-ն ստանձնել է նաեւ մարզի Գետազատ համայնքի մանկապարտեզի վերանորոգման աշխատանքները՝ կնքվել է 14 միլիոն 873 հազար 230 դրամի պայմանագիր։









**Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ**