Քանդել մինչեւ վերջ

Քանդել մինչեւ վերջ
Եվ այսպես․ այսօր արդեն Հայաստանի խորհրդարանը կընտրի նոր ՀՀ նախագահ, եւ մենք կթեւակոխենք մեր երկրի պատմության նոր փուլը, որտեղ ձեւը կգերակշռի բովանդակությանը։



Հաջորդ տարիներին մենք կառնչվենք նույն գործիչներին, որոնց պաշտոնների անունները մի փոքր կփոխվեն, բայց գործառույթները կմնան նույնը։ Այսինքն՝ սերնդափոխություն չի լինի։ Նաեւ կարձանագրենք, որ մենք՝ շարքային քաղաքացիներս, հայտնվել ենք դիտորդի դերում եւ անգամ համապետական նշանակության ընտրություններին կարող ենք մասնակցել ընդամենը համակարգչի կամ հեռուստացույցի էկրանի առջեւ նստած՝ Ազգային ժողովում կամ կառավարությունում գտնվողների թերի ու հիմնականում վրդովվեցուցիչ ելույթներին հետեւելով։



Մեր ազդեցությունը երկրում իշխանության ձեւավորման հարցում հասցվել է նվազագույնի, իսկ միակ լծակը, որը պահպանել ենք՝ խորհրդարանի ձեւավորումը, այնքան է վարկաբեկվել ու ձեւախեղվել, որ ընտրողը բացարձակապես չի գիտակցում իր կապն Ազգային ժողովի, Ազգային ժողովի կապը՝ կառավարության, եւ, վերջապես՝ Ազգային ժողովի ու կառավարության կապը հասարակության կյանքի ու կենսամակարդակի հետ։ Իրոք, մեզանում անդառնալի փոփոխություններ են տեղի ունենում՝ ինչպես հասարակական հոգեբանության ու գիտակցության, այնպես էլ հանրային ինստիտուտների եւ պետական կառավարման համակարգում։



Հանրապետականի թեթեւ ձեռքով քանդվում են նախկին, դժվարությամբ սաղմնավորված ինստիտուտները, տոտալիտար եւ ավտորիտար պետություններին բնորոշ տարրեր են ներդրվում՝ սկսած քծնանքի պաշտամունքից, վերջացրած Սահմանադրությունը ոտնահարելու ցինիզմով։ Իսկ մարդն ավելի ու ավելի է օտարվում մեր իրականությունից, եւ փոքրիկ հույսը, որ մի օր կապրի ազատ, առողջ եւ զարգացող երկրում, գնալով մեռնում է՝ տեղը զիջելով հուսահատությանը։