Ալբերտ Մկրտչյանը եղավ իր կյանքի վավերագիրը

Ալբերտ Մկրտչյանը եղավ իր կյանքի վավերագիրը
Փետրվարի 28-ին երկարատեւ հիվանդությունից հետո կյանքից հեռացավ ռեժիսոր, սցենարիստ, ՀՀ ժողովրդական արտիստ Ալբերտ Մկրտչյանը, իսկ ընդամենը մեկ օր առաջ` փետրվարի 27-ին, լրացել էր նրա 81-ամյակը։ Ալբերտ Մկրտչյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով:



Ալբերտ Մկրտչյանը սիրված դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի փոքր եղբայրն էր։ Մկրտչյան եղբայրները հայ կինոյին եւ հայ հանդիսատեսին նվիրեցին այնպիսի մնայուն գործեր, ինչպիսիք են «Մեր մանկության տանգոն», «Հին օրերի երգը», «Տխուր փողոցի լուսաբացը», «Ուրախ ավտոբուսը» եւ էլի շատ ֆիլմեր ու բեմադրություններ, որոնք դարձել են մերը, սիրվել սերունդների կողմից։



Ինչպես ժամանակին Հենրիկ Մալյանն էր նրան բնութագրել, Ալբերտ Մկրտչյանի գաղտնիքը հենց նրանում էր, որ նա իրենից դուրս ոչ մի ճանապարհ չուներ․ «Նրա բոլոր հեքիաթները պահպանված են իր մեջ, նրա բոլոր ուրախությունները, կասկածներն ու տառապանքներն իր ներսում են, իր խորքում, իր մանկության ու պատանեկության մեջ… Նրա բոլոր հույզերն իրենն են, միայն ու միայն իրենը եւ թարմ են, անսովոր ու եզակի, եւ ես` նրա ավագ ընկերն ու բարեկամը, հաստատ գիտեմ, որ այդ կուտակումները խորն են ու անսպառ, որ ամեն մի շերտի հետեւում կա մի այլ շերտ՝ ավելի գրավիչ, ավելի հուզիչ, ավելի լուսավոր: Ես սիրում եմ Ալբերտի փխրուն հոգու առնական արվեստը, ճիշտ ու ճշմարիտ, շիտակ ու անկրկնելի… մեր կինոյի ոլորուն ուղու ներկա հատվածում, երբ մի լռելյայն ու անզիջում պայքար է գնում, պայքար հայկական կինոյի վաղվա համար, Ալբերտ Մկրտչյանի կինոյի տեսակը ես ընդունում եմ անվերապահորեն, ներքին մի հրճվանքով ու հավերժական խանդավառությամբ»:



Ա․ Մկրտչյանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել նաեւ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը, ով իր խոսքում նշել է, որ հայկական կինոն մեծ կորուստ է կրել։ «Ալբերտ Մկրտչյանի առաջին իսկ ֆիլմերը՝ «Լուսանկարը», «Հուշարձանը», «Բովտունը», եկան ապացուցելու, որ հայկական կինո է մտնում ուրույն կինոմտածողությամբ մի անհատ, որն իր բացառիկ տեղն է ունենալու կինոաշխարհում:



Կինոռեժիսորը թույլ չէր տալու սխալվել, որովհետեւ նրա տաղանդի ու ձեռագրի արգասիքը եղան այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Կյանքի լավագույն կեսը», «Խոշոր շահում»-ը, «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն», «Ուրախ ավտոբուս»-ը, «Տխուր փողոցի լուսաբացը»:



Զգայուն ֆիլմեր, որոնք անսահմանորեն սիրեց մեր ժողովուրդը՝ դրանցում տեսնելով իր կենսագրության դրվագները, իր ապրած օրերի ժամանակը, որովհետեւ կինոռեժիսորն ինքը նկարահանել էր իր ապրածը, իր կյանքի վավերագիրը եւ նկարահանել էր մեծ տաղանդով, սիրով, նվիրումով, իր մասնագիտությանը, կինոյին, սկզբունքներին հավատարիմ, իր կինոլեզվին անդավաճան:



Նրա կինոն նաեւ դերասանական համաստեղությունների կինո էր, որը հայ դերասանական արվեստի մեծերին հնարավորություն տվեց նորովի հանդես գալ: Եվ պատահական չէ, որ Ալբերտ Մկրտչյանը հենց արտիստական թատրոնի ստեղծողը եղավ, որովհետեւ նաեւ բեմադրիչ էր եւ իր կյանքի մի մասը նվիրել էր բեմադրական արվեստին:



Ալբերտ Մկրտչյանը, ծնված լինելով Գյումրիում, իր մեջ խորապես կրելով հարազատ Գյումրին, կարողացավ նաեւ իր կինոյի միջոցով սերունդներին փոխանցել նաեւ Գյումրիի ավանդական, հոգեւոր ու մշակութային շերտերը՝ իր բոլոր դրսեւորումներով: Ալբերտ Մկրտչյանի զգայուն կինոն միշտ լինելու է հայկական կինոյի պատվավոր դիրքերում»,- իր խոսքում նշել է Հարություն Խաչատրյանը:



Ալբերտ Մկրտչյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 1-ին, ժամը 18:00-20:00-ը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը՝ մարտի 2-ին, ժամը 11:00-13:00-ը, «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում (Երևան, Մովսես Խորենացու փող., 18 շենք): Հուղարկավորությունը՝ Երևանի քաղաքային պանթեոնում: