Աստղացուցարան-գիտական կենտրոնի ստեղծումը տիեզերքը կբերի Հայաստան

Աստղացուցարան-գիտական կենտրոնի ստեղծումը տիեզերքը կբերի Հայաստան
«Մարդու 1.5 կգ ուղեղը կարողացել է բացահայտել գենի կոդը, ստեղծել լույսի արագությանը հասնող հեռահաղորդակցության միջոց, տիեզերանավ ուղարկել արեգակնային համակարգից դուրս, եւ այս ամենում նրան օգնել է գիտությունը: Մարդն աշխարհը եւ տիեզերքը բացահայտել է 5 զգայարանների եւ գիտության միջոցով: Գիտությունը բացահայտումների կարեւորագույն գործիք է եւ, միաժամանակ՝ արվեստի բարձրագույն տեսակ»,- համոզված է քաղաքագետ, հրապարակախոս **Արմեն Գրիգորյանը**, ում կարծիքով՝ Հայաստանում գիտության նկատմամբ հետաքրքրությունը բարձրացնելու, տիեզերքը Հայաստան բերելու, գիտելիքի ձեռքբերումը խրախուսելու համար աստղացուցարանի եւ գիտական կենտրոնի ստեղծումը շատ կարեւոր քայլ կլինի:



Ըստ այդմ՝ տիեզերքը նվաճելու համար մի քանի կարեւոր առաջնային հարցեր պետք է լուծել։ Անհրաժեշտ է, որ մարդիկ հետաքրքրված լինեն այս հարցով, ենթակառուցվածքներ ստեղծվեն, ունենան տնտեսական հնարավորություններ՝ մեծ ծրագրեր իրականացնելու, եւ գիտելիք՝ այդ ամենը կազմակերպելու համար։ «Կենտրոնը պետք է հասանելի լինի բնակչության համար եւ իր բնույթով լինի գիտության թանգարան, որը կունենա ինտերակտիվ ցուցադրություններ՝ հնարավորություն ընձեռելով այցելուներին փորձարկումներ կատարել եւ բացահայտել գիտության օրենքները: Իսկ աստղացուցարանն ինտերակտիվ ցուցադրությունների միջոցով հնարավորություն կտա բացահայտել տիեզերքի գաղտնիքները»,- ասում է Արմեն Գրիգորյանը:



Ի դեպ, օրեր առաջ ԿԳ նախարարությունից տեղեկացրին, որ 2018 թվականին Հայաստանում ժամանակակից պլանետարիում կկառուցվի, ինչը, ըստ Գրիգորյանի, իրենց նախաձեռնության հետ կապ չունի․ «Մեր խմբի ծրագիրն ավելի մեծ է։ Մենք մտածում ենք ոչ թե միայն աստղացուցարան կառուցել, այլ նաեւ՝ գիտության թանգարան, գիտական կենտրոն, այսինքն՝ սա ավելի լայն է, քան կառավարությունը ծրագրում է կառուցել»։ Հնարավո՞ր է ապագայում համագործակցեն եւ մեկտեղեն իրենց ջանքերն ու ռեսուրսները։ Արմեն Գրիգորյանը նշեց, որ դեռ նման քննարկում չի եղել, ինչպես նաեւ՝ առաջարկ, բայց փաստն այն է, որ այսօր ամբողջ աշխարհում ակտիվ միտում կա գիտությունը պոպուլյար դարձնելու․ «Այդ պահանջը կա ձեւակերպված, հիմա մնում է ձեւավորել այն կազմակերպությունը, որը, այդ պահանջին համապատասխան, հանրությանն ինչ-որ բան կառաջարկի։ Կարծում եմ՝ ինչքան շատ նման կենտրոններ լինեն, այնքան ավելի լավ, թող երկուսը լինի, դրանք որեւիցե ձեւով իրար չեն խանագարի։ Ավելին՝ մենք ունենք 2 մլն-ից ավելի բնակչություն, իսկ դպրոցական տարիքի մոտ 400 հազար աշակերտի եւ բոլորին այդ ամենը հասանելի դարձնելու համար նույնիսկ մի քանի հատ է պետք»։



Գիտության թանգարանի թիրախը կլինեն դպրոցական երեխաները, որոնց սերը գիտության հանդեպ, ըստ Գրիգորյանի, կարող է փոխել Հայաստանը: Կենտրոնը հասանելի կդառնա նաեւ մարզերի երեխաների համար․ «Հիմնական նպատակն այն է, որ մաքսիմալ թվով երեխաների հասանելի լինի կենտրոնը, իսկ քանի որ մեր ազգաբնակչության մեծ մասն ապրում է Երեւանում, ապա արդյունավետ կլինի, որ այն Երեւանում կառուցվի»։



Ինչպես ֆեյսբուքյան հարթությունում, այնպես էլ իրական կյանքում արձագանքողներ շատ են եղել։ Գաղափարն իրագործելու համար արդեն կա խումբ, որը փորձում է այն հստակեցնել եւ մտածել հետագա քայլերի մասին․ «Առաջին հանդիպմանը մոտ 10 հոգի կար, մի մասին էլ պարզապես օրը հարմար չէր, բայց ֆեյսբուքյան խմբում մոտ 40 հոգի կա, որ ուզում են այդ ուղղությամբ աշխատել։ Հիմա մենք աշխատում ենք գաղափարի հստակեցման վրա, թե այդ գիտական կենտրոնն ու աստղացուցարանն ինչպիսին պետք է լինի՝ գալիք շաբաթվա մեջ էլի հանդիպում կունենանք եւ կհստակեցնենք մեր մնացած պլանները»։



Որտեղի՞ց են պատրաստվում ֆինանսավորում գտնել, երբ տարեցտարի գիտությանը տրվող գումարները կրճատվում են, այս պայմաններում որքանո՞վ է իրատեսական դրա իրագործումը։ Արմեն Գրիգորյանն այս ձեռնարկի իրագործումը տեսնում է ոչ միայն ներսի ռեսուրսների, այլեւ միջազգային դոնորների, անհատների եւ այնպիսի կազմակերպությունների ներգրավմամբ, ովքեր հետաքրքրված են գիտության զարգացմամբ։ Աստղացուցարանն իրագործելու համար շատ մեծ գումարներ են պահանջվում, բայց սկզբի համար անհրաժեշտ է մոտ 200 հազար դոլար։ «Տեսնելով այդ վտանգը, որ կառավարությունը գնում է գիտության եւ կրթության բյուջեի նվազեցմանը, կարծում ենք, որ գիտության հանդեպ հասարակության հետաքրքրությունը կարող է գոնե այս պրոցեսը կանգնեցնել եւ լրիվ այլ ուղղությամբ տանել։ Սա նաեւ խթան կհանդիսանա, որպեսզի հասարակությունը կրթության եւ գիտության մասին ավելի շատ խոսի։ Պետք է հաշվի առնել նաեւ այն, որ դա մենք ոչ թե կրթության, գիտության բյուջեով ենք անելու, այլ լրիվ ուրիշ ճանապարհով»,- ասում է նա ու նկատում, որ թանգարանը, խթանելով կրթության զարգացումը, կարեւոր ազդեցություն կունենա նաեւ տնտեսության զարգացման համար, ինչպես նաեւ զբոսաշրջային այցեքարտ կդառնա Հայաստանի համար:



Արմեն Գրիգորյանը մատնացույց է անում միջազգային պրակտիկան․ աշխարհի շատ երկրներում կան նման կենտրոններ, ինքը եղել է Պորտուգալիայի աստղացուցարանում, Վարշավայի Կոպեռնիկոսի անվան գիտական կենտրոնում, որը նաեւ աստղացուցարան ունի․ «Փորձը ցույց է տալիս, որ դրանք շատ դրական ազդեցություն են ունենում հասարակության վրա, եւ գիտության հանդեպ հետաքրքրությունն էլ գալիս է նմանատիպ կենտրոններից։ Իմ մոտ էլ այդ գաղափարը եկել է այդ աստղացուցարանն այցելելուց, որ կարելի է նման բան անել նաեւ մեզ մոտ»։