Հիվանդանոցը որոշել են միացնել հոսպիտալին. դժգոհություն է հասունանում

Հիվանդանոցը որոշել են միացնել հոսպիտալին. դժգոհություն է հասունանում
Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի հիվանդանոցում տարիներ շարունակ նույն անմխիթար վիճակն է՝ խարխուլ պատեր, անշուք հիվանդասենյակներ։ Վարդենիսցիները մեզ հետ զրույցում ասացին, որ ոչ միայն շենքային պայմաններն են վատ, այլ հիվանդանոցը չունի արդիական սարքավորումներ, ունի մասնագետների պակաս. «Շատ դեպքերում Երեւան ենք գնում, բայց դա էլ մեզ վրա թանկ է նստում: Մարզի որոշ քաղաքներում հիվանդանոցները վերանորոգվում եւ վերակառուցվում են, իսկ Վարդենիսի հիվանդանոցը, որը սպասարկում է տասնյակից ավելի համայնքների, վատ վիճակում է գտնվում: Հիմա էլ որոշել են հիվանդանոցը միացնել զինվորական հոսպիտալին: Հոսպիտալն էլ չի փայլում իր բարեկարգ վիճակով»,- ասում էին վարդենիսցիները:



Ի դեպ, ոչ միայն Վարդենիսի բնակիչներն են դժգոհ, որ նախագիծ կա՝ քաղաքային հիվանդանոցը միացնել զինվորական հոսպիտալին, հիվանդանոցի աշխատակիցներն էլ իրենց հերթին մտահոգ են, որ միանալու արդյունքում գործազուրկ կդառնան: Թե ի՞նչ վիճակում է այժմ հիվանդանոցը, ունի մասնագետներ եւ համապատասխան սարքավորումներ, զինվորական հոսպիտալին միավորվելով կլինեն կրճատումներ, թե ոչ՝ հետաքրքրվեցինք «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ տնօրեն Հովհաննես Հակոբյանից:



Նա, մեր հարցը լսելով, ասաց. «Ինչի՞ հետ կապված եք հարցնում, ի՞նչ կա: Այդ ամեն ինչը, չակերտավոր ասած սառեցված վիճակում է, որովհետեւ հարցը քննարկվում է թե առողջապահության եւ պաշտպանության նախարություններում, որոշել են Վարդենիսի հիվանդանոցը միացնել զինվորական հոսպիտալին»:



**-Ինչ կտա այդ միացումը, արդյո՞ք զինվորական հոսպիտալի պայմանները ավելի լավ են:**



Ինչ կտա, թե ինչ չի տա, դա հիմա իմ որոշելիքը չի, կառավարությունը գիտի: Մեր հիվանդանոցի համեմատ հոսպիտալը բարվոք վիճակում է գտնվում:



**-Հոսպիտալին միավորվելու դեպքում կրճատո՞ւմներ կլինեն:**



Ձեր բոլոր հարցերին ես իդեալական տիրապետում եմ, դա իմ պատասխանելու հարցը չի: Ձեր բոլոր հարցերն ուղղեք մարզպետարան: Լրատվամիջոցների հարցերին մենք չենք պատասխանում, դիմեք մարզպետարան, Ձեզ սպառիչ պատասխան կտան, թե քանի՞ աշխատողներ ունի ԲԿ-ն, կլինեն կրճատումներ, թե՞ ոչ, որքա՞ն աշխատավարձ են ստանում, աշխատողները գո՞հ են, թե դժգո՞հ են:



**-Որպես տնօրեն, դուք իրավասություն չունե՞ք հարցերին պատասխանելու:**



Չէ, այդ իրավասությունը ես չունեմ:



**-Մարզպետարանի կողմից Ձեզ խիստ նկատողություն է հայտարարվել, ինչո՞ւմ եք թերացել:**



-Կային աշխատանքային բաներ, որը իրենից լուրջ բան չէր ներկայացնում: Թերացման հետ կապված հիվանդանոցը ոչ ֆինանսական վիճակով է տուժել, ոչ մարդկային ներուժի, ոչ էլ բուժվող հիվանդին վնաս հասցնելով: Եթե լուրջ բան լիներ աշխատանքից կարող էին հեռացնել:



**Նելլի Կարապետյան**