«Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները»՝ նաեվ հայերեն

«Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները»՝ նաեվ հայերեն
Աշխարհում ամենաշատ վաճառվող գրքերից մեկը՝ Սթիվեն Քովիի «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» բեսթսելերը, թարգմանվել է հայերեն: 2011 թ. «Time» ամսագիրը գիրքն ընդգրկել է «Բիզնեսի կառավարման վրա ամենամեծ ներգործությունն ունեցող 25 գրքերի» ցանկում:



Ստեղծագործությունը հայերեն թարգմանել է Ալինա Միրզոյանը, գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը:



«Աշխարհում, ինչպես նաեւ Հայաստանում, մեծ են մոտիվացիոն, բիզնես գրականության նկատմամբ հետաքրքրությունն ու պահանջը: Մարդիկ սկսել են հետաքրքրվել գործարարությամբ, ավելի շատ են հաճախում թրեյնինգների: Սթիվեն Քովիի այս գիրքն օգնել է բազում մարդկանց բարելավել, փոխել սեփական կյանքը, հասնել հաջողության՝ օգտագործելով գրքում առկա մեթոդները: Քովին պարզ, մատչելի լեզվով բացահայտում է հաջողության հասնելու գաղտնիքները, կիսվում անձնական փորձով, ինչն առավել հետաքրքիր է դարձնում այս գիրքը: «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» բեսթսելեր է ամբողջ աշխարհում, այն դասավանդում են կրթական հաստատություններում: Հուսով ենք, որ այն կօգնի նաեւ մեր հասարակությանը՝ հասնելու հաջողությունների ու փոխելու սեփական կյանքը»,- ընդգծում է «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն **Շավարշ Կարապետյանը**:



«Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» գրքում հեղինակ Սթիվեն Քովին ներկայացնում է ամբողջական, սկզբունքների վրա հիմնված մոտեցում անձնական եւ մասնագիտական խնդիրների լուծման համար: Քովին խորաթափանց դիտարկումներով եւ սուր պատմություններով քայլ առ քայլ բացահայտում է արդարությամբ, ազնվությամբ եւ մարդկային արժանապատվությամբ ապրելու ճանապարհը՝ սկզբունքներ, որոնք մեզ տալիս են փոփոխություններին հարմարվելու ապահովություն, ինչպես նաեւ իմաստնություն եւ ուժ՝ օգտվելու այն հնարավորություններից, որ փոփոխությունն է ստեղծում: «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» գիրքը 1990 թվականից շարունակում է մնալ բեսթսելեր բիզնես ոլորտում՝ ավելի քան 30 միլիոն վաճառված օրինակով: