Գագիկ Հարությունյան՝ ցմահ պաշտոնյան

Գագիկ Հարությունյան՝ ցմահ պաշտոնյան

Իշխանական կոալիցիան ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված նոր դատական բարձրագույն մարմնի` Բարձրագույն դատական խորհրդի կազմում այսօր ԱԺ քառօրյա հերթական նիստում առաջադրեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի, ՍԴ նախագահի խորհրդական Գևորգ Դանիելյանի, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Սերգեյ Մեղրյանի, Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս Լիպարիտ Մելիքջանյանի և Փաստաբանական դպրոցի դասախոս, Հայաստանի հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահ Հայկ Հովհաննիսյանի թեկնածությունները:

Բարձրագույն դատական խորհրդի 10 անդամներից 5-ին ընտրում է դատավորների ընդհանուր ժողովը, իսկ մյուս 5-ին՝ Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով։ Բարձրագույն դատական խորհրդի անդամներն ընտրվում են երեք կամ հինգ տարի ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի: Դատական խորհրդի կազմը պատգամավորները կհաստատեն փակ գաղտնի քվեարկությամբ, իսկ ընտրվելու դեպքում խորհրդի նախագահն է լինելու Գագիկ Հարությունյանը: Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը չափազանց լուրջ սահմանադրական լիազորություններ ունեցող մարմին է, ավելին՝ այն լինելու է դատական համակարգի անկախության առաջնային երաշխավորն ու բարեփոխումների իրականացման շարժիչ ուժը։ Վերոհիշյալ բնորոշումներն իհարկե իմը չեն, այլ Աժ-ն է Բարձրագույն դատական խորհրդին նման առաքելություն շնորհել, իսկ իշխանական պատգամավորներն էլ այդպիսի որակումներ տվել։ Ավելին՝ այսօր ԱԺ-ում առաջնային պլան մղվեց իշխանությունների տարանջատման սկզբունքը վերջապես կյանքի կոչելու հրամայականը, որի առաջնային գրավականներից մեկը դատական համակարգի լիակատար անկախության ապահովումն է։

Ձևակերպումներին այս ինչ-որ կերպ հնարավոր կլիներ հավատալ, եթե խորհրդի թեկնածուների կազմում առաջին հերթին չլիներ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը։ Իհարկե ԱԺ-ում նրա հասցեին այսօր չափազանց շատ հաճոյախոսություններ հնչեցին, բայց ամեն ինչ այդքան էլ հստակ չէ։ Պետական կառավարման համակարգի առաջնային խնդիրն իշխանությունների տարանջատման սկզբունքի ձևախեղումն է, այսինքն Հայաստանի Հանրապետության գոյության ամբողջ ընթացքում տեղի է ունեցել օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների սերտաճման աստիճանական գործընթաց, որի արդյունքում ձևավորվել է ավտորիտար համակարգ: Այլ խոսքով ասած, ամբողջ իշխանությունը կենտրոնացվել է մեկ մարդու` հանրապետության նախագահի ձեռքում: Փաստորեն սահմանադրական կարգն այս ամբողջ ընթացքում լիարժեք չի գործել և արդյունքում դատական համակարգը հայտնվել է տոտալ վերահսկողության պայմաններում։ Ասվածի համատեքստում նկատենք, որ Գագիկ Հարությունյանը անկախության հռչակումից ի վեր զբաղեցրել է առանցքային պաշտոններ և պահպանել իր կարգավիճակը բոլոր նախագահների օրոք։ 1991-96 թթ․ եղել է Հանրապետության փոխնախագահ, իսկ 1996 թ․ փետրվարի 6-ից մինչ օրս Սահմանադրական դատարանի նախագահ։ Այսինքն մոտ 28 տարի Գագիկ Հարությունյանն իշխանության է եղել։ Հաշվի առնելով այս փաստը պետք է խոստովանենք, որ, ՍԴ նախագահը օժտված է բացառիկ ճկունությամբ ու մանևրելու կարողությամբ, քանի որ Հանրապետության նախագահներից յուրաքանչյուրն իր հետ բերել է իր խաղի կանոններն ու կառավարման «փիլիսոփայությունը»։

Փաստորեն Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման ընթացքում սահմանադրական կարգը լիարժեք չի գործել, իշխանությունների տարանջատման սկզբունքը չի ապահովվել և արդյունքում պետությունը պարբերաբար հայտնվել է սահմանադրական ճգնաժամերի մեջ, որոնց ժամանակ ՍԴ-ն մշտապես միակողմանի՝ հօգուտ իշխանությունների որոշումներ է կայացրել։ Այսքանից հետո նա վերստին հավակնում է մի նոր, ոչ պակաս առանցքային պաշտոնի, իսկ իշխանական «թամադաները» նրան են վերագրում սահմանադրական իրավունքի հիմնադիր հայր պատվանունը։ Իսկապես զավեշտալի է։

Սահմանադրական դատարանի ամենաաղմկահարույց որոշումը կապված է 2008 թ․ նախագահական ընտրությունների հետ։ Վիկիլիքսի գաղտնազերծած փաստաթղթերից մեկի համաձայն մարտի 6-ի ուշ երեկոյան Հայաստանի ՍԴ դատարանի 9 դատավորներից Վալերի Պողոսյանը, գաղտնի կապ է հաստատել ԱՄՆ դեսպանատան հետ՝ հրատապ հանդիպում կազմակերպելու խնդրանքով: Նա հայտնել է դեսպանատան պաշտոնյաներին, որ նախագահ Քոչարյանը ճնշումների միջոցով նախապես կանխորոշել է մարտի 8-ին ակնկալվող ՍԴ վճռի ճակատագիրը։ Հիշեցնենք, որ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը Սահմանադրական դատարանում բողոքարկել էր 2008 թ․ փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները: ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փեննինգթոնը Հայաստանի ՊԱԿ-ի նախկին ղեկավար և ՍԴ անդամ Վալերի Պողոսյանի հետ տեղի ունեցած խորհրդապահական հանդիպման արդյունքներով 2008 թ․ հեռագիր է ուղարկել ԱՄՆ պետքարտուղարություն։

Վիկիլիքսի խայտառակ բովանդակությամբ այս փաստաթղթի մասին ի՞նչ կարող են ասել Գագիկ Հարությունյանն ու նրա պաշտամունքով զբաղվող խորհրդարանականները։ Մի՞թե նոր պաշտոնում նա փոխվելու է, վերականգնելու՞ է սահմանադրական կարգը, ապահովելո՞ւ է իշխանությունների տարանջատման սկզբունքը։ Իսկ ինչո՞ւ մինչ այդ չէր անում։ Դե, կասեն՝ կիսանախագահական համակարգում հնարավոր չէր։ Չկա որևէ գիտական հետազոտություն այն մասին, որ կիսանախագահական կառավարման համակարգը չի երաշխավորում իշխանությունների տարանջատման սկզբունքը: Չկա որևէ մասնագիտական հիմնավոր կարծիք այն մասին, որ 1995 թվականին ընդունված և 2005-ին բարեփոխված Սահմանադրությունը կարող էր արգելքներ առաջացնել անկախ դատական համակարգ ձևավորելու համար: Այսինքն՝ նոր կառավարման համակարգում Գագիկ Հարությունյանը վերստին ծառայելու է Սերժ Սարգսյանին՝ սահմանադրությունը ծառայեցնելով մեկ անձի իշխանության ամրապնդման և շարունակականության համար։