Մարտի 1-ին ընդառաջ Մյասնիկյանի արձանի հարակից տարածքը բացվել է

Մարտի 1-ին ընդառաջ Մյասնիկյանի արձանի հարակից տարածքը բացվել է
Մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգել ցանկացող քաղաքացիները հնարավորություն կունենան մոտենալ եւ ծաղիկներ դնել Երեւանի Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ։ Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի Ելք խմբակցության ավագանու անդամ, Երևանի ավագանու Կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը։



Հիշեցնենք՝ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանը եւ դրա ետնամասում գտնվող այգին այս ընթացքում շրջափակված են պաստառներով: Այստեղ ձեռնարկվել են բարեկարգման եւ շատրվանների կառուցման աշխատանքներ, որոնք ստանձնել է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը՝ որպես նվեր Երեւանին՝ 2800-ամյակի առթիվ: Այս տարի լրանում է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների տասներորդ տարելիցը, ավանդույթի համաձայն, քաղաքացիները եւ քաղաքական ուժերը այցելում են Մյասնիկյանի արձանի տարածք՝ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին:



Նշենք, որ օրեր առաջ Արայիկ Հարությունյանն այս հարցով գրությամբ դիմել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ Գրության մեջ, մասնավորապես, ասված էր. «Հարգելի՛ պարոն Մարգարյան, խնդիրը հետեւյալն է՝ հազարավոր մարդիկ Մարտի 1-ին այցելելու են այս հրապարակ, ուր ավանդաբար ծաղիկներ են դնում Մյասնիկյանի արձանի պատվանդանին ի հիշատակ 2008 թվականի Մարտի 1-ին իշխանությունների կողմից սպանված 10 քաղաքացիների: Ղեկավարվելով «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ եւ 37-րդ հոդվածի 2-րդ մասերով՝ խնդրում եմ ինձ տալ հակիրճ եւ հստակ պատասխան՝ բացվելո՞ւ է արդյոք Մյասնիկյանի արձանի հարակից տարածքի՝ վերակառուցման համար կառուցված ցանկապատի փոքր հատվածը միայն Մարտի 1-ին՝ այդ իրադարձությունների 10-րդ տարելիցի օրն, ինչը թույլ կտա քաղաքացիներին մոտենալ այդ վայրին, հարգել զոհերի հիշատակը: Սա ակնհայտորեն թույլ կտա նաեւ խուսափել «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրակակացվող այս ձեռնարկի շուրջ ավելորդ լարվածությունից»։