Ինքնասպանությո՞ւն, թե՞ սպանություն

Ինքնասպանությո՞ւն, թե՞ սպանություն
Իրավապահներն ու ԱԻՆ աշխատակիցներն 2 շաբաթ որոնում էին անհետ կորած 55-ամյա Տիգրան Հակոբյանին, ով դուրս էր եկել տանից փետրվարի 13-ին ու կորել:



Ջրափրկարարներն այսօր՝ ժամը 14:31-ին, Ախթամար կղզուց 3 կմ դեպի հյուսիս-արեւելք՝ «Սիսուան» ռեստորանի մոտակայքում հայտնաբերել են Երեւան քաղաքի բնակիչ Տիգրան Հակոբյանի դին: Տիգրան Հակոբյանը «Պրոմուտեա» ՍՊԸ-ի տնօրենն էր եւ, ըստ մեզ հասած տեղեկությունների, առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի բարեկամն է:



Դին այժմ գտնվում է Սեւանի ԲԿ-ում: Սեւանի դատական բժիշկ Սահակ Ավետիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դին դեռ չի տեսել եւ չի կարող ասել բռնության հետքեր կա՞ն թե ո՞չ. «Առավոտյան կարող ենք նախնական եզրակացություն տալ, այս պահին ոչինչ չեմ կարող ասել»: Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին՝ ժամը 08:47-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի թերակղզուն հարակից հանգստյան գոտու տարածքից կորել էր քաղաքացի։ Պարզվել էր, որ կորել է 1963 թ. ծնված Տ. Հ.-ը, ով որոնվում է ս. թ. փետրվարի 13-ից. ոստիկաններն ափամերձ հատվածում հայտնաբերել էին Տ. Հ.-ին պատկանող ծխախոտի տուփը եւ կրակայրիչը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն:



**Նելլի Կարապետյան**