«Հեղնար աղբյուր»-ից նորից ջուր կհոսի

«Հեղնար աղբյուր»-ից նորից ջուր կհոսի
«Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնությունն իր համախոհների եւ Վահրամաբերդ գյուղի բնակիչների հետ միասին հայտնաբերել է ռեժիսոր Արման Մանարյանի եւ օպերատոր Լեւոն Աթոյանցի «Հեղնար աղբյուր» սիրված ֆիլմի նշանավոր աղբյուրի տարածքը։



Ինչպես մեզ հետ զրույցում նշեց «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության ղեկավար, ռեժիսոր **Հայկ Բաբայանը**, տեղաբնակների հետ միասին անելու են ամեն ինչ, որպեսզի տարածքը վերականգնեն եւ պատմական վայր դարձնեն։



«Բնիկ այդ գյուղից, բայց ոչ գյուղում բնակվող շատ հեղինակավոր մարդ, ով չի ուզում իր անունը հայտնել, որոշեց մեզ հետ համագործակցել եւ վերակենդանացնել ամբողջ տարածքը։ Այժմ փնտրում ենք իսկական քարը, որի վրա գրված էր տեքստը, եթե անգամ չգտնենք հին հուշաքարը, նույն հին՝ ռետրո ոճով պատրաստելու ենք այն ու տեղադրելու ենք նույն վայրում, ճիշտ նույն ձեւով ու տառերով, որից ջուր է հոսելու։ Մաքրելու ենք տարածքը, բարեկարգելու ճանապարհը, տեղադրելու ենք նաեւ վահանակ, որ բոլորն իմանան ու հիշեն, որ Վահրամաբերդ գյուղում է եղել լեգենդար «Հեղնար աղբյուրը»։ Իմիջիայլոց, առաջին կում ջուրը կխմի ֆիլմի օպերատոր 88-ամյա Լեւոն Աթոյանցը»,- ասում է Հայկ Բաբայանն ու նկատում, որ հնարավոր է այս ձեռնարկը շարունակական բնույթ կրի մյուս հայկական ֆիլմերի դեպքում էլ։



Բաբայանն ընդգծում է՝ իրենք են կազմակերպում ամեն ինչ, իսկ աջակիցների թվում է ողջ գյուղը․ «Ամբողջ գյուղը մեր կողքին է՝ գյուղապետից սկսած մինչեւ տրակտորիստ ու եկեղեցու պահակ, որովհետեւ բովանդակությունը սրտանց է եւ մաքուր։ Միայն թե պետությունը մի փոքր աջակցի, կկարողանանք բոլոր պատմական տարածքները վերակենդանացնել»։



Ռեժիսորը դժվարանում է ասել, թե կոնկրետ երբ բացումը կլինի, բայց որքան հնարավոր է՝ շուտ․ «Բացման օրն իսկական տոն է լինելու, հրավիրելու ենք ողջ մնացած դերասաններին, մասնակիցներին եւ ամբողջ գյուղին, նույն երաժշտության հնչյունների ու ծափերի ներքո աղբյուրից կգա ջուրը...»։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**