Հաջորդ Հանրային խորհուրդը կգործի ավելի էֆեկտիվ եվ հաջող

Հաջորդ Հանրային խորհուրդը կգործի ավելի էֆեկտիվ եվ հաջող
Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ, Հանրային խորհրդի անդամ **Հովհաննես Հովհաննիսյանը** նույնպես մասնակցել է «Հանրային խորհրդի մասին» նոր օրենագծի մշակման աշխատանքներին, եւ առաջարկությունը՝ հանձնաժողովների թվի ավելացման հետ կապված, գնացել է հենց Հանրային խորհրդի կողմից։ «Որովհետեւ պրակտիկան ցույց տվեց, որ 12 հանձնաժողովների հիմքում ընկած էր Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների անալոգիան, բայց կյանքը ցույց տվեց, որ որոշ հանձնաժողովներ, որտեղ կան 300-ից ավելի ներկայացուցիչներ, հասարակական կազմակերություններ, իրենց անընդհատ հավաքել, քվորում ապահովել որեւէ հարցի կապակցությամբ՝ բարդ է։ Օրինակ՝ ունեինք գիտության, կրթության, երիտասարդության, սպորտի, մշակույթի հանձնաժողով, որը ե՛ւ բազմաոլորտ էր, ե՛ւ բազմանդամ, արդյունքում մշակույթն առանձնացվեց կրթությունից, գիտությունից»,- ասում է նա ու հավելում, որ գյուղատնտեսության եւ բնապահպանության հանձնաժողովից առանձնացվել է նաեւ բնապահպանությունը։



ԱԺ-ում քննարկված «Հանրային խորհրդի մասին» նոր օրինագծի համաձայն, ՀԽ-ն ունենալու է ոչ թե 36, այլ 45 անդամ եւ ֆինանսավորվելու է բյուջեից՝ առանձին տողով: Նոր օրենքով՝ Հանրային խորհրդում 12 ոլորտային հանձնաժողովների փոխարեն կլինեն 15-ը: ՀԽ-ի առաջին 15 անդամներին կնշանակի կառավարությունը։ Հովհաննիսյանը կարծում է, որ օրենքով կատարված այդ փոփոխություններն էականորեն կանդրադառնան Հանրային խորհրդի գործունեության վրա։



Ինչ վերաբերում է նրան, որ Հանրային խորհրդի դերը եւ, ընդհանրապես՝ կառույցն ամբողջովին քննադատել են ԱԺ պատգամավորները, այդ թվում՝ Նաիրա Զոհրաբյանը, ով նշել է, որ ՀԽ-ի առաջարկներին՝ եթերի որակից մինչեւ սուպերմարկետների թվի սահմանափակման հարցը, ոչ ոք ուշադրություն չի դարձրել եւ թքած են ունեցել այդ կառույցի խորհուրդների վրա, Հովհաննիսյանի կարծիքով, Հանրային խորհրդին միշտ էլ հեշտ է քննադատելը, որովհետեւ նրա որոշումները մինչ օրս եւ հետագայում էլ ունեն զուտ խորհրդատվական, խորհրդակցական բնույթ, ավելին՝ ԱԺ շատ պատգամավորներ Հանրային խորհրդի շատ արժեքավոր խորհուրդներ այնքան էլ լուրջ չեն ընկալել եւ ընդունել։ «Այնպես որ՝ այդ նույն մոտեցմամբ կարելի է նաեւ Ազգային ժողովին նույն պիտակները կպցնել ու նաեւ մյուս ոլորտներին, բայց խնդիրն այն է, որ չի կարելի Հանրային խորհրդի գործառույթներից վեր պահանջներ ներկայացնել դա խորհրդատվական մարմին է, իսկ որեւէ փաստաթղթում գրվա՞ծ է, որ խորհրդատվական մարմնի որոշումները պետք է լինեն իմպերատիվ եւ պարտադիր կերպով կատարվեն։ Մնացածն արդեն էթիկայի եւ քաղաքական գործիչների խղճի խնդիրն է։ Բայց որ Հանրային խորհրդի գործունեության ընթացքում բազմաթիվ խնդիրներ շտկվել են եւ լուծումներ են ստացել, դա այդպես է։ Բայց, իհարկե, այդ աշխատանքը շարունակական պետք է լինի, առաջիկա ամիսների ընթացքում Հանրային խորհուրդը ի մի է բերելու իր արածները, նաեւ չարածները եւ հաջորդ Հանրային խորհուրդը, արդեն նախորդի փորձն ունենալով, ավելի հաջող եւ էֆեկտիվ կգործի, հատկապես որ հիմա սահմանադրական կարգավիճակ ունեցող կառույց է, եւ այս առումով նրա խորհուրդները, ձայնն ավելի լսելի կլինեն»,- ասաց նա։







**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**