Սևակ Խանաղյանի հաղթանակը ընդունում են նույնիսկ Կամիլի երկրպագուները

Սևակ Խանաղյանի հաղթանակը ընդունում են նույնիսկ Կամիլի երկրպագուները
Ինչպես Հայտնի է՝ Եվրատեսիլ երգի միջազգային մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնելու է Սևակ Խանաղյանը։ Նախքան քվեարկության արդյունքների հրապարակելը Սևակի հետ մեկտեղ ֆավորիտ էր համարվում նաև «Կամիլ» բեմական կերպարով հանդես եկող Արսեն Գրիգորյանը։ Խանաղյանի հաղթանակը, դատելով մեր քաղաքացիների ֆեյսբուքյան գրառումներից, հանրության կողմից չափազանց դրական ընդունվեց։ Անգամ Կամիլի երկրպագուներն են համարում, որ Սևակի հաղթանակը արդար էր, և որ նա կկարողանա հավուր պատշաճի ներկայացնել Հայաստանը։ Երաժշտական քննադատ Ալեն Ավագյանը, ով ակտիվ հետևում է Եվրատեսիլին, կարծում է, որ ամեն բան արդար է, և դա արտացոլվում է նախ և առաջ միջազգային ժյուրիի կողմից Մգեր Արմենիային 1 միավոր տալով․



«Կարծում եմ՝ ամեն ինչ արդար էր: Նախ էն, որ միջազգային ժյուրին մեկ միավոր տվեց Մգերին: Անչափ ուրախ եմ, որ գնահատեցին «Նեմրա»-ին: Ուրախ եմ ,որ հեռուստադիտողի քվեարկությամբ Կամիլը բարձր հորիզոնական զբաղեցրեց, ինչը կոտրում է մեր հասարակության մասին լիքը կարծրատիպեր : Հաջողություն եմ մաղթում Սևակին՝ արժանի հաղթանակի առթիվ, բայց «Քամի» երգն իմ փլեյլիսթում չի լինի։ Թե հեռուստադիտողի, թե ժյուրիի քվեարկությամբ Սևակն առաջինն էր: Մեկ այլ հարց է, թե ովքեր են էդ միջազգային ժյուրին, հայտարարեցին, թե որ երկրներից են, բայց մենք այդպես էլ չիմացանք, թե ովքեր են ու առանձին-առանձին ինչպես են քվեարկել, միայն ցույց տվեցին ընդհանուր պատկերը, ինչը կարող է հող լինել որոշակի տարակուսանքի կամ անվստահության համար։ Այլ երկրների նախընտրական փուլերում եթե լինում է միջազգային ժյուրի, ապա յուրաքանչյուրը ինքն է հայտնում իր միավորները, օրինակ` այս տարի Իվետա Մուկուչյանը ընդգրկված էր միջազգային ժյուրիի կազմում Հայաստանից և անձամբ հայտնեց իր միավորները »։



Կամիլի երկրպագուներից Մուշեղ Կարապետյանն էլ կարծում է, որ Կամիլը կարող էր Եվրատեսիլում լավագույն արդյունքը գրանցել, քան միչ այս եղել է․



«Սևակը ֆավորիտներից մեկն էր , և բնական է, որ կարող էր հաղթել ։ Իհարկե, ես շատ ծանր եմ տարել ու տանում եմ այդ փաստը, որովհետև վստահ եմ , որ Կամիլը էս 11 տարվա մեջ լավագույն արդյունքը կարող էր ապահովել»։



Հավելենք, որ ֆեյսբուքահայությանը հատկապես դուր չի եկել այն հանգամանքը, որ չհայտարարվեց միջազգային ժյուրիի գնահատականները առանձին։ Նրանց պնդմամբ մյուս երկերներում դա պարտադիր պայման է։



**Կորյուն Սիմոնյան**