Որպեսզի անբարոյականությունը ծաղկի ու փթթի

Որպեսզի անբարոյականությունը ծաղկի ու փթթի
Վերջերս հայաստանյան փորձագետներից մեկն անդրադառնալով արաբական այն երկրներին, որոնք նավթի ու գազի մեծ պաշարներ ունենալով` հաշված տարիների ընթացքում ապահովեցին իրենց սրընթաց զարգացումը, հռետորական հարց հնչեցրեց առ այն, որ եթե Հայաստանի ընդերքում նույնպես հայտնաբերվեին այդպիսի հարստություններ, ապա Հայաստանը կկարողանա՞ր զարգացման նման տեմպեր ապահովել, թե՞ ոչ:



Ասեմ որ ոչ, որովհետև նախ Հայաստանը օտար պետության կողմից բռնազավթված է, ու Հայաստանի ընդերքի հարուստությունների հետ հայաստանցիներն ընդհանրապես ոչ մի անմիջական կապ չունեն, թերևս միայն վարձու աշխատողների կարգավիճակով այդ հանքավայրերի շահագործմանը մասնակցելուց բացի: Ի դեպ, Հայաստանի ընդերքը պակաս հարուստ չի, ու այն սուտ կարծրատիպը, որ իբր թե մեր երկրի ընդերքը աղքատ է, դիտավորյալ են մոգոնել ու ներարկել մեր հասարակության մեջ: Իսկ եթե անգամ մի պահ պատկերացնենք, որ Հայաստանը կվերականգնի իր ինքնիշխանությունը, ապա միևնույնն է այդ դեպքում նույնպես արաբական այդ երկրների հետ չի կարողանա համեմատվել այն պարզ պատճառով, որ մեր ժողովուրդը բարոյապես զիջում է այդ ժողովուրդներին (բարոյականությունը միայն սեռական վարքով չի սահմանափակվում, այն շատ ավելի լայն հասկացողություն է), որի արդյունքում մենք անհամեմատ ավելի պակաս մրցունակ ենք դառնում: Սոցիումի մեջ ցանկացած անհատ իր տարածքը (և՛ ֆիզիկական և՛ մենթալ առումներով) ունի, բայց դրա հետ միասին սոցիումը ունի ընդհանուր տարածքներ, որտեղ գործում են միջանձնային և անձ-սոցիում կոմունիկացիոն մեխանիզմները:



Անբարոյականությունը այն է, երբ անհատը շրջանցելով կամ ուղղակի ջարդելով այդ մեխանիզմները, փորձում է ներխուժել մյուսների տարածքները: Այս առումով հայկական հանրույթը խիստ անբարոյական է, ու դա տարբեր պատճառներ ունի, որոնցից ես ուզում եմ առանձնացնել այն հանգամանքը, որ մենք, ի տարբերությու,ն օրինակ, վերը նշված արաբական ժողովուրդների, ապրում ենք ավտորիտարիզմի ամենավատ տարբերակի պայմաններում։ Դա, այսպես կոչված, կրիպտոավտորիտարիզմն է, որը ավանդական (լեգիտիմ) ավտորիտարիզմից տարբերվում է ժողովրդավարության իմիտացիա անելով, չնայած այն բանին, որ ժողովրդավարության հետ ոչ մի կապ չունի ու իրականում սովորական կլեպտոկրատիկ ավտորիտարիզմ է: Այսինքն, ամեն ինչ արվում է բացահատ ստերի ու խաբեությունների վրա, և դա նորմա է դարձել մարդկանց համար: Սա ամենաբարենպաստ պայմանն է, որպեսզի անբարոյականությունը ուղղակի ծաղկի ու փթթի մեզանում: Իսկ ավանդական ավտորիտարիզմը (որը հատուկ է արևելյան ազգերին, մասնավորապես՝ արաբներին) սուտն ու կեղծիքը խստագույնս մերժում է, և ցանկացած իմիտացիա հասարակական, քաղաքական և տնտեսական հարաբերություններում անընդունելի է այդ համակարգում: Այնտեղ կա մարդկանց միջև դիֆերենցացիա, բայց դրա շուրջ կա, այսպես կոչված, հասարակական պայմանագիր, այսինքն, ներքին համաձայնություն սոցիումի անդամների գերակշիռ մեծամասնության մակարդակով:



Իսկ մեզանում ոչ դա կա, ոչ էլ ժողովրդավարությանը բնորոշ կոնսոլիդացիա սոցիումի ամեն մի անհատի իրավունքների ու ազատությունների գերակա լինելու գաղափարի շուրջ: Մնում է երրորդ տարբերակը` սուտն ու անբարոյականությունը...