Մանդատներից հրաժարվելը լուծում չէ

Մանդատներից հրաժարվելը լուծում չէ

Վրաստանում ընդդիմությունը շարունակում է բողոքի ակցիաները։ Մենք Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանին հարցրինք` Վրաստանում ի՞նչ սցենարով կարող են զարգանալ իրադարձությունները։

- Եթե ընդդիմությունը` խորհրդարան անցած 4 ուժերը հրաժարվեն մանդատներից, ի՞նչ տեղի կունենա։

- Այն, ինչ Վրաստանում է այսօր տեղի ունենում, նոր բան չէ` գրեթե բոլոր ընտրություններից հետո Վրաստանի ընդդիմությունը տարբեր պատճառաբանություններով ցանկություն չի ունեցել պառլամենտական ակտիվ աշխատանքին միանալու։ 2020 թ. ընտրություններից հետո էլ միայն միջնորդությամբ ներքաղաքական ճգնաժամում որոշ լուծումներ տրվեցին, եւ պառլամենտական ընդդիմությունը մտավ պառլամենտ։ Այսօր նույն բանն է տեղի ունենում: Նշենք, որ 4 ընդդիմադիր քաղաքական ուժեր են մտել, չորսից երեքն այսօր քիչ թե շատ նույն դիրքերից է խոսում, բայց Գախարիայի կուսակցության մասով այդքան վստահ չեմ լինի, որ իրենք այսօր ցանկություն չունեն պառլամենտական ակտիվ աշխատանքներին միանալու։ Այդ գործընթացները կան, կա դրսի ճնշում, նույնիսկ երեկվա բողոքի ցույցին տարբեր եվրոպական երկրների պառլամենտական հանձնաժողովների նախագահներ էին եկել եւ Վրաստանի ներքին գործերին, կարող ենք ասել, ինչ-որ չափով խառնվելով, բողոքի ցույցի ժամանակ ընդդիմությանն են աջակցել։ Չէի ասի, որ դա կարող է դրական ազդել Վրաստան-Արեւմուտք հարաբերությունների վրա: Իմ կարծիքով, երկու կողմն էլ պետք է ուշ թե շուտ գա մի վիճակի, երբ ստիպված կլինեն նստել երկխոսության՝ Վրաստան-Արեւմուտք հարաբերություններում ստեղծված ճգնաժամային վիճակից դուրս գալու համար, քանի որ մի բան է, երբ մենք տեսնում ենք քաղաքական ընտրված գործիչների ակտիվությունը, ուրիշ բան է, երբ կառավարություններն են այս հարաբերություններում կոշտ դիրքորոշումներ արտահայտում։ Այսօր դեռեւս կա Արեւմուտքից հստակ մեսիջ, որ պիտի ընտրություններից հետո եղած հարցերին պատասխաններ տրվեն, բոլոր խախտումները քննվեն, որոշումներ կայացվեն, բայց հստակ չճանաչել այս ընտրությունները` այսպիսի հայտարարություն դեռեւս չեմ տեսնում։ Մենք տեսնում ենք այսօր մի փուլ, որ հետընտրական գործընթացներ են ընթանում, բայց ուշ թե շուտ, իմ սուբյեկտիվ կարծիքով, ընդդիմությունն իր կարեւոր որոշումը պիտի կայացնի․ գալ խորհրդարան՝ ակտիվ ընդդիմադիր գործունեությամբ, եւ փորձել ռեւանշի հասնել գալիք տարվա տեղական կառավարման մարմինների ընտրություններում, ինչը նաեւ լուրջ նախադրյալ կլինի գալիք ընտրությունների համար, եւ կկարողանա ամեն մեկն իր ուղով գնալ` գուցե միասնական, կամ` դուրս գալ խորհրդարանից: Չէի ասի, որ այսօր իրենց մանդատները վայր դնելը հարցի լուծում կլինի։

- Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ։

- Մանդատները վայր դնելը բարդ պրոցես է, իրենց ցուցակները պիտի չեղարկեն, իսկ վստահ կլինե՞ն, որ իրենց 100-150 հոգանոց ցուցակներում մարդիկ՝ բոլորը, միակարծիք կլինեն։ Գուցե առաջին 10-ը կամ 20-ը հրաժարվեն մանդատներից, ցուցակով հաջորդները որոշեն, որ վերցնում են մանդատները, այդ ժամանակ որեւէ մեկի վրա ճնշում գործադրելն անհնարին կլինի։ Այլ մարդիկ կգան պառլամենտ: Սրանք շատ բարդ պրոցեսներ են, կան սահմանադրական որոշ բարդություններ: Ո՞նց է հրավիրվելու առաջին նիստը, եթե նախագահը ցանկություն չունի դա հրավիրելու: Բայց, իմ կարծիքով, սահմանադրական իրավունքի մասնագետները, քաղաքական տարբեր խմբեր կփորձեն այս իրավիճակից դուրս գալ։

- Իսկ հանրահավաքներն այնքան բազմամա՞րդ են, ինչպես ընտրություններից առաջ էր։

- Չէի ասի, որ ընտրություններից առաջ էլ էր շատ։ Բավականին ակտիվ էին Վրաստանի ընդդիմությունը եւ քաղհասարակությունը՝ օտարերկրյա ազդեցության օրենքն ընդունելուց հետո։ Այսօր հստակ է բոլորի համար, որ ընդդիմությունը ցանկանում է նոր ընտրություններ, բայց ո՞նց դրան հասնել, ի՞նչ քայլերով, ո՞ւմ հետ, ովքե՞ր են միանում, ովքե՞ր են այդ պրոցեսից դուրս մնում... այդ անորոշությունն ու բարձր սպասելիքները, որոնք հանրության ընդդիմադիր շրջանակներում կային, երբ չստացան փաստագրական հիմք, ինչ-որ չափով ազդեցին, հիասթափեցրին այդ շրջանակներին։ Գուցե այդ պատճառով էլ այն 600 հազար մարդը, ովքեր, ըստ պաշտոնական տվյալների, քվեարկել են ընդդիմության օգտին, դուրս չեն գալիս փողոցներ։ Առնվազն գոնե եթե ամեն հինգերորդը դուրս գար եւ բողոքարկեր, ապա բազմամարդ բողոքի ցույցեր կտեսնեինք։ Բայց այսօր դա չենք տեսնում, ինչը ցույց է տալիս, որ ընդդիմությունը բավականին բարդ խնդրի առաջ է կանգնելու։ Ինչ-որ մի պահի դադարեցնել այս պրոցեսն ու ինչ-ինչ հորդորներով` արտասահմանյան, արեւմտյան պառլամենտական գործունեությա՞նը միանալ, թե՞ շարունակել նույն բանը, բայց չտեսնելով հեռանկար այս պայքարում։

- Ճի՞շտ եմ հասկանում, որ Վրաստանն իր ընտրությունը կատարել է, եւ դա չափավոր արեւմտականությունն է։

- Բոլոր քաղաքական ուժերն էլ իրենց հռետորաբանությամբ արեւմտամետ են։ Որեւէ մեկը՝ խորհրդարան մտած այս քաղաքական 5 ուժերից, այլ ուղղության մասին չի խոսում։

- Բայց Վրաստանի նախագահն իշխանություններին ռուսական է անվանում։

- Բայց քայլերը եկեք նայենք, 2012 թվականից այս իշխանությունն է, ԵՄ-ի հետ վիզային ռեժիմը հանվեց, ԵՄ թեկնածու դարձան, ասոցացման համաձայնագիր եւ այլն, եւ այլն։ Մեր հասարակությունն էլ է դրա զոհը դարձել։ Իմ կարծիքով, սթափ գնահատելու համար մենք այդ նարատիվներից եւ այդ սեւ-սպիտակի տրամաբանությունից դուրս պետք է գանք, քանի որ կա ներքին պայքար իշխանության համար, եւ այդ պայքարում բոլոր այդ նարատիվները նեգատիվ օգտագործվել են երկու կողմից էլ, ինչն էլ ավելի է խորացրել այն բեւեռացումը, որը Վրաստանում կա, եւ ինչ-որ չափով ժողովրդավարությանը հարված է հասցվել: Մեղավորը բոլոր քաղաքական ուժերն են, որոնք կան Վրաստանի դաշտում․ ինչ-որ մեկին պետք չէ առանձնացնել, քանի որ դաշտը շատ սպեցիֆիկ է, եւ ինչ էլ արվում էր, երրորդ այլընտրանքային ուժ այս տարիների ընթացքում այդպես էլ չձեւավորվեց։ Դրա համար էլ այս ամեն ինչը բերեց դրան, որ պայքարն այդ երկընտրանքի մեջ էր` երկու կուսակցություն, երկու լիդեր, այստեղ արդեն օգտագործվեց արտաքին քաղաքականության նարատիվը՝ մեկը մյուսին ասում է ռուսամետ, մյուսն ասում է՝ գլոբալ պատերազմի կուսակցության ներկայացուցիչ: Այդ նարատիվները, որոնք օգտագործվում են Վրաստանում թե՛ փորձագետների, թե՛ որոշ լրագրողների թեթեւ ձեռքով, մասն էին այդ պրոցեսի, կարծրատիպեր ստեղծեցին, ինչը, իմ կարծիքով, սխալ էր։