Մի «քամակի» պատմություն

Մի «քամակի» պատմություն
Վերջին շրջանում սոցցանցերի սեքս խորհրդանիշ դարձած Լիլի Մորտոն՝ նույն ինքը՝ Լիլիթ Մարտիրոսյանը, միանգամից մուտք գործեց հեռուստաեթեր։ Առաջիններից մեկը Հ2-ի եթերում հեռարձակվող «Քաղցած սպասում էին» հաղորդաշարն էր։ Կարելի է ասել, որ հենց այդ հաղորդումը հայ իրականության Քիմի համար ճանապարհ հարթեց դեպի հեռուստատեսություն։ Հաղորդման ընթացքում էլ Սուրեն Շահվերդյանը, պարբերաբար «նամյոկներ» տալով, կարողացավ «Յութուբում» իրեն անհրաժեշտ դիտումները ապահովել։ Արդյունքում ստացվեց, որ գայլերը մնացին կուշտ, իսկ ոչխարները՝ ողջ․ Լիլի Մորտոն դարձավ հայտնի, իսկ Սուրեն Շահվերդյանն էլ ապահովեց իր հաղորդման ռեյտինգը։



Սուրեն Շահվերդյանի նախադեպով ոգևորված՝ նույնը արեց նաև «Պանարմենիանը»։ Նախ «Արմենիա TV-ն» «IQ մարզանք» կատարեց Լիլիի հետ՝ ցույց տալով նրա շիկահեր ինտելեկտը։ Բայց սա դեռ ամենը չէր։ Հերթն արդեն էրոտիկ հարցազրույցինն էր։ Մորտոն հագավ իր «սեքս զինանոցի» կաշվե զենքն ու զրահը և սկսեց «հալածել» հարցազրուցավարին։ Ցուցադրեց կիսամերկ լուսանկարվելու «արվեստը» այնպես, կարծես թե դա առանձնահատուք շնորք է և միայն իրեն է հասու։



Մորտոն ներկայացվեց որպես համարձակության «իդեալ»։ Չէ՞ որ համացանցում «քամակը» նկարելու և տեղադրելու համար, անխոս, մեծ համարձակություն է պետք։ Սակայն նման «համարձակներ» Հայաստանում շատ կան, դեռ ավելին՝ կոնկրետ կանգնելու տեղեր էլ ունեն։ Թե ի՞նչով էր Մորտոյի քամակը առանձնահատուկ, դեռ պարզ չէ։



Եթե մինչ այս սեփական բարեմասնությունների հաշվին հայտնի էին դառնում որոշ երգչուհիներ, որոնց դեպքում ձայնային տվյալները մղվում էին 4-րդ պլան, ապա Մորտոյի դեպքում՝ որևէ ուրիշ տաղանդի մասին խոսք անգամ չի լինում, որը կկարողանար գոնե չնչին չափով կոծկել նրա արևափառ հետույքի ու կրծքերի փայլը։



Արդյունքում մենք ձեզ հետ ականատես ենք դառնում պլաստիկ վիրահատության զորեղ ուժին և հայկական հեռուստաընկերությունների կողմից տեղական Քիմ Քարդաշյան պատրաստելու քաղաքականությանը։ Պարզից էլ պարզ է, որ շուտով Մորտոն կնկարահանվի մի քանի ֆիլմում, ավելի հայտնի կդառնա ու, երբ բավարարի ներքին լսարարնի պահանջները, «կարտահանվի» արտասահման։ Ինչ վատ է՝ միանգամից երկու Քիմ կունենաք, Մորտոն էլ կգա Հայաստան, բարեգործություններ կանի։ Դե լավ, երազանքների ետևից չընկնենք։



Ասելիքը այն է, որ սոցցանցերում կարելի է նկարվել ցանկացած ոճով ու պոզայով, դա կոնկրետ մարդու խնդիրն է, բայց դա եթեր բերելը, գովազդելը, տոլմա փաթաթել տալը մեզ համար մի տեսակ «պերեդոզ» կլինի։ Ի՞նչ կասեք։



**Կորյուն Սիմոնյան**