Խիստ չափազանցված եմ համարում, որ 2018-ին Հրանտ Մաթեւոսյանի թանգարանը բաց կլինի

Խիստ չափազանցված եմ համարում, որ 2018-ին Հրանտ Մաթեւոսյանի թանգարանը բաց կլինի
«Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի շինարարությունն ակտիվ փուլում է, սակայն թե երբ կավարտվի շինարարությունը, ու թանգարանն իր դռները երբ կբացի այցելուների առաջ, «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային հիմնադրամի տնօրեն **Դավիթ Մաթեւոսյանը** դժվարանում է ասել, քանի որ շինարարության ավարտի հետ կապված՝ տարբեր դասիչներ պետք է կիրառել․ ճարտարապետների, շինարարների համար դա շենքի կառուցումն է, ինչը, սակայն, չի նշանակում, թե շենքի շինարարության ավարտից հետո «Հրանտ Մաթեւոսյան» կենտրոն-թանգարանն անմիջապես կսկսի աշխատանքը․ «Մենք ունենք հսկայական ծավալի գործ եւ մոտավորապես նույն տեւողության, կարծում եմ՝ 1 կամ 2 տարվա ինտենսիվ աշխատանքի գործ ունենք՝ թանգարանը բացման նախապատրաստելու, ցուցահանդեսային էքսպոզիցիոն մաս պատրաստելու եւ, իհարկե, այդ ամեն ինչից առաջ աշխատակազմ ձեւավորելու համար»։



Դավիթ Մաթեւոսյանի համար դեռ հասկանալի չէ, թե կենտրոն-թանգարանը որ գերատեսչության ենթակայության ներքո եւ ինչ իրավակազմակերպչական ձեւով է գործելու, այսինքն՝ այն ենթակա է լինելու քաղաքապետարանի՞ն, թե՞ մշակույթի նախարարությանը, լինելու է մասնավո՞ր, թե՞ պետական օբյեկտ։ «Ինչպիսի ծախսեր է պետությունն իր վրա ստանձնելու, մենք ինչ ենք անելու՝ այդ ամեն ինչը դեռ հստակ չէ, գումարած ներքին հարդարման, էքսպոզիցիոն աշխատանքները, ցուցահանդեսի նախապատրաստումը․ այդ ամեն ինչը բյուջետային հատկացումներ է պահանջում, որպեսզի աշխատանքները սկսվեն իրականացվել»,- ասաց նա ու նկատեց, որ որոշ քայլեր արել են էսքիզների ուղղությամբ՝ ճարտարապետների, մասնագետների հետ խորհրդակցելով․ «Բայց ռեալ աշխատանքներ ստանձնելու համար պետք է իմանանք, որ այդ մարդիկ իրենց աշխատանքի համար վճարվում են, մի խոսքով՝ դա աշխատանք է ենթադրում։ Իսկ դրա համար պետք է նախնական քայլեր արված լինեին, եթե այդ ամենը՝ գումարած աշխատակազմի ձեւավորման հարցը, կազմակերպչական, իրավական ձեւի հստակեցումը, վաղուց արված լինեին, ինչը դեռ պնդում էինք հունիս-հուլիս ամիսներին, մենք հիմա շատ ավելի առաջ կլինեինք եւ ժամանակ չէինք կորցնի։ Հիմա մենք սպասում ենք, որ ինչ-որ բան տեղի ունենա, դրանից հետո հասկանանք, թե հաջորդ փուլում ինչ ենք անում, կառավարությունն էլ որոշի՝ այդ հաջորդ փուլը պետք է տեղի ունենա՞, թե՞ ոչ, գումար հատկացնի կամ չհատկացնի, այն պարզ պատճառով, որ մեր բյուջեն ունի որոշակի սղություն»։



Թեեւ Դավիթ Մաթեւոսյանը պաշտոնական պատասխան չունի, թե երբ կավարտվի շինարարությունը, բայց, որպես Հրանտ Մաթեւոսյանի ժառանգորդ, հասարակական եւ հանրային վերահսկողություն է իրականացնում, լինում է շինհրապարակում, զրուցում մասնագետների հետ, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ փետրվարի վերջին պետք է շենքի շինարարությունն ավարտվի։



«Ես դարձյալ ոչ պաշտոնապես տեղյակ եմ, որ կառավարությունում քննարկվում է այն խնդիրը, որի մասով մենք տագնապել էինք եւ բարձրաձայնել էինք։ Դա այն է, որ շենքի նախագծային 3-րդ հարկը, որ նախնական տարբերակում եղել է, եւ միայն այդ հարկի առկայությամբ է հնարավոր շենքի լիարժեք կենսագործունեությունը եւ ֆունկցիոնալ կողմն ապահովել, դեռ պլանների մեջ է։ Խոսքը գնում է ժամանակավոր ցուցասրահի եւ կացարան-արվեստանոցի պահանջի մասին։ Բայց մենք ունենք նաեւ միջավայրի՝ զբոսայգու ձեւավորման, լանդշաֆտային դիզայնի խնդիրը»։



Մինչեւ իրավաբանական, կազմակերպչական հարցերը չլուծվեն, թանգարանի բովանդակության, ցուցանմուշների, էքսպոզիցիայի ձեւավորման մասին խոսելը վաղ է․ «Ինչպե՞ս է հնարավոր առանց դիզայներների աշխատանքի, էքսպոզիցիոն կոնցեպտի հաստատման, ձեւավորման, առանց ցուցանմուշների, աշխատակազմի, խոսել դրա մասին։ Այս պահին մենք ուղղակի ամրագրում ենք, որ շինարարությունը մի փուլում հասնում է իր հաջող եւ որակյալ ավարտին։ Այն շփոթությունը, որ թանգարանը 2018-ի ընթացքում բաց կլինի, կաշխատի, կհյուրընկալի մարդկանց, խիստ չափազանցված եմ համարում, որովհետեւ դեռ 3 տարի առաջ սպասում էինք, որ շենքը կսկսի ձեւավորվել եւ պատրաստ կլինի, բայց մենք տեսանք այն, ինչ տեսանք՝ 2004-ին հղացած նախագիծը 2018-ին նոր իր առաջին փուլում շինարարական կենսագործումն է անում, հիմա սպասենք հաջորդ փուլերին եւ համբերությամբ առաջ գնանք»։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**