Հայաստանում հաստատվում է Հանրապետական կուսակցության մենիշխանությունը

Հայաստանում հաստատվում է Հանրապետական կուսակցության մենիշխանությունը

Ո՞վ է լինելու Հայաստանի հաջորդ վարչապետը: Ներկայումս սա Հայաստանի ներքաղաքական կյանքի թերևս ամենասուր հարցադրումն է, քանի որ խորհրդարանական համակարգում պետության կառավարման բոլոր լծակները կենտրոնցավելու են վարչապետի ձեռքում: Հասարակական-քաղաքական շրջանակները գրեթե չեն կասկածում, որ վարչապետի պաշտոնը ստանձնելու Սերժ Սարգսյանը: Իսկապես դրա համար կան բոլոր նպաստավոր պայմանները: Բայց, անկախ ամեն ինչից, չի կարելի բացառել նաև իրադարձությունների զարգացման այլ հավանական սցենարներ, նույնիսկ եթե դրանց կյանքի կոչման հնարավորությունները չափազանց քիչ են:

Իրավիճակի համակողմանի և համալիր վերլուծության դեպքում ամեն ինչ պարզ է դառնում, և խճանկարի տրամաբանությամբ ուրվագծվում է իրավիճակի բուն պատկերը: Սահմանադրական հանրաքվեի արդյունքում փոխվել է ոչ միայն պետական կառավարման համակարգը, այլ նաև պետականության ողջ բովանդակությունը: Կատարվել է արագ և լայնածավալ անցում, իսկ այդ տեղաշարժը ապահովել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Մինչև սահմանադրական հանրաքվեն ամեն ինչ հստակ էր. Կար համակարգ, այն ուներ նախագահ, վարչապետ-կառավարություն, խորհրդարան և կուսակցություն, որն ուներ ցեմենտի միավորող գործառույթ և ակումբի կարգավիճակ, որտեղ խմբված էին կապիտալիստական տարրերը: Պետության ղեկը գտնվում էր նախագահի ձեռքում, նա էր տնօրինում իրար սերտաճած գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունները:

Այժմ համակարգն այդ սպառվել է և առաջին հերթին շարունակականության տեսանկյունից: Վերոհիշյալը Սերժ Սարգսյանի առջև ծառացած բարդագույն խնդիր էր, ինչը ստիպեց նրան արագ անցում իրականացնել և նոր համակարգ կառուցել: Արդյունքում վերևում թվարկված հերթականությունը փոխվեց՝ նախագահ-վարչապետ-կառավարություն-խորհրդարան-կուսակցություն համակարգին փոխարինելու է գալիս կուսակցություն-խորհրդարան-վարչապետ-կառավարություն համակարգը: Այսինքն, Հայաստանում հաստատվում է կուսակցապետություն: Իշխանության է գալիս մեկ կուսակցություն: Սահմանադրությամբ ընդգծվում է դրա առանձնահատուկ կարգավիճակն ու դերը, և պետությունը արդեն իսկ կառավարվում է կուսակցության մեջ կամ հետևում պատսպարված ինչ-որ ազդեցիկ գործիչների կողմից: Այսինքն որքան էլ վարչապետը միահեծան կարգավիճակ ունենա, այնուամենայնիվ, կենտրոնական դերը պատկանում է կուսակցությանը, որն ի դեպ միատարր չէ, այլ կազմված է իրար դեմ մարտնչող տարասեռ ուժերից: Այսինքն՝ վարչապետը ներկուսակցական ազդեցիկ բևեռների միջև հաշտեցնողի և հավասարակշռողի դեր է ստանձնելու՝ ենթարկվելով դրանց առանձին-առանձին ճնշումներին:

Սա մանրամասն մտածված և բավականին էֆեկտիվ ծրագիր է: Դրա իրականացումը կենսական անհրաժեշտություն է Սերժ Սարգսյանի և նրա ակումբի համար: Գործընթացը պարտադրվել է ֆինանսական, քաղաքական և տնտեսական մի շարք մարտահրավերներից ելնելով, որոնք ինտենսիվորեն մաշեցրել էին գործող համակարգը: Դրա շուրջը պտտվող միավորները աստիճանաբար կորցնում էին ձգողականության ուժն ու հավասարակշիռ ընթացքը: Իսկ շարունակականության խնդիրը մաշվող համակարգի համար անշուշտ կատալիզատորի դեր էր խաղալու՝ արագացնելով քայքայման պրոցեսը: Ինչպես տեսնում ենք, սահմանադրական հանրաքվեն լուծեց բոլոր այդ խնդիրները: Նոր համակարգը արդեն իսկ կառուցված է, իսկ անցումն էլ՝ իրականացված: Մնում է միայն ապահովել էվակուացիան, այսինքն, Սերժ Սարգսյանի ակումբի փոխադրումը դեպի նոր համակարգ: Դա ըստ էության կիրականացվի ապրիլին, երբ արդեն բոլոր հարցերը վերջնականապես կգտնեն իրենց պատասխանները:

Սցենարներից մեկի համաձայն հնարավոր է, որ Սերժ Սարգսյանը առանց վարչապետի պաշտոնը ստանձնելու և միայն ՀՀԿ նախագահի կարգավիճակով, կարողանա իր ձեռքում պահել պետության կառավարման ղեկը: Նոր համակարգի տրամաբանությունը տալիս է դրա համար բոլոր նպաստավոր պայմանները: Ավելին՝ Սարգսյանը կարող է և կուսակցության նախագահի պաշտոնն էլ չզբաղեցնել, այլ ստանձնել որևէ ոչ այնքան առանցքային կուսակցական պաշտոն և նորից կառավարել երկիրը: Իրավիճակը այսպես կարող է շարունակվել մինչև որ կուսակցության ներսում ներքին հեղաշրջում կլինի, և պետությունը կսկսեն կառավարել այդ նույն կուսակցության այլ անդամներ: Ըստ էության կուսակցական հեղաշրջումները կարող են հաճախակի կրկնվող երևույթ դառնալ: Զարմանալ պետք չէ, պարզապես կուսակցապետությունների կառուցվածքային էությունն է այդպիսին:

Բոլոր այս կանխատեսումները պատմության մեջ ունեն իրենց նախադեպերը: Օրինակ՝ Սիրիայի Բաաս կուսակցության 1960-ական թթ. պրակտիկան: 1966 թ. փետրվարի 23-ին Սալահ Ջադիդը և Հաֆեզ Ասադը Սիրիայում իրականացրեցին հերթական զինված հեղաշրջումը: Ասադը նշանակվեց պաշտպանության նախարար, իսկ Ջադիդը, համեստ և ոչ առանցքային կուսակցական պաշտոն ստանձնելով, փաստացի ղեկավարում էր ամբողջ երկիրը: Իրավիճակն այդ շարունակվեց մինչև 1970 թ., երբ պաշտպանության նախարար Հաֆեզ Ասադը զինված հեղաշրջում իրականացրեց և հեռացրեց Ջադիդին: Ի տարբերություն Ջադիդի` Ասադը դարձավ Սիրիայի նախագահ: Փաստորեն Սիրիայում հաստատվել էր մեկ կուսակցության մենիշխանություն, որի առանձին անդամներ վիճարկում էին իշխանությունը, իսկ նրանցից մեկը երկիրը ղեկավարում էր առանց որևէ պաշտոն ստանձնելու: Սերժ Սարգսյանը կարող է կանգ առնել հենց վերջին տարբերակի վրա:

Բնականաբար Հայաստանում իրավիճակը մի փոքր այլ է: Այստեղ բացակայում է զինվորականության այն ազդեցիկ ինստիտուտը, որը կա արաբական երկրներում և Թուրքիայում: Եգիպտոսում, Սիրիայում, Իրաքում Թուրքիայում և այլ երկրներում զինվորականությունն այն կենսունակ այլընտրանքն էր, որը հակակշռում էր իսլամիզմին և քաղաքական միավորներին: Ինչպես նշեցինք, Հայաստանում այդ այլընտրանքը չկա, դեռ ավելին՝ Սերժ Սարգսյանը, ՊՆ նախարարի պաշտոնում Վիգեն Սարգսյանին նշանակելով, էլ ավելի նվազեցրեց զինվորականության դերը և քաղաքական գործընթացներին միջամտելու միտումը: Ի դեպ` համանման գործընթաց կատարվում է նաև Թուրքիայում:

Բայց եթե Հայաստանում բացակայում է ազդեցիկ զինվորականության ինստիտուտը, ապա անկասկած կարող է գործել կոմունիստական կուսակցության պրակտիկան: Այսինքն, պետությունը գլխավորելու է կուսակցության ղեկավարը, իսկ իշխանության փոփոխությունը լինելու է դրա ներսում տեղի ունեցող հեղաշրջումների կամ էլ գաղտնի դռնփակ ընտրությունների միջոցով, երբ գործող կուսակցապետը մահանա կամ էլ՝ չեզոքացվի: Իոսիֆ Ստալինի մահվանից հետո այդպես ընտրվել է Նիկիտա Խրուշչովը: Լինելով ԽՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար՝ նա իշխանությունից հեռացվեց կուսակցության ներսում տեղի ունեցած գաղտնի հեղաշրջման արդյունքում, երբ հանգիստն էր վայելում Աբխազիայի ծովեզերքում: Այսպիսով Հայաստանում հաստատվում է Հանրապետական կուսակցության մենիշխանությունը: Իշխանություններին հաջողվեց սրընթաց կերպով ապահովել իրենց վերարտադրությունն ու Սարգսյանի հավերժացման գործընթացները:

Սարգսյանը ունի երկու տարբերակ: 1. Չզբաղեցնել որևէ առանցքային պաշտոն, բայց շարունակել կառավարել երկիրը, 2. Դրժել խոստումն ու դառնալ վարչապետ: Աժ նախագահաի կարգավիճակով երկրի կառավարման տարբերակը ի սկզբանե բացառվել է Սերժ Սարգսյանի կողմից: Դրանից ելնելով նա նույնիսկ ՀՀԿ-ի նախընտրական ցուցակում չկար:

Ամենահավանական տարբերակը երկորդն է, քանի որ վերջին ամիսներին կառավարության ու ԱԺ-ի կողմից շրջանառության մեջ դրված օրենքների գրեթե բոլոր նախագծերը կարծես թե միտված են ապահովելու հենց այդ փոփոխությունը՝ սուպեր նախագահից դեպի սուպեր վարչապետ: