Հոլիվուդյան կինոինդուստրիայի կանանց վիճակը մտահոգիչ է. հարցում

Հոլիվուդյան կինոինդուստրիայի կանանց վիճակը մտահոգիչ է. հարցում
Հոլիվուդի կինոինդուստրիայում աշխատող կանանց 94 տոկոսը ենթարկվել է սեռական հետապնդումների կամ բռնությունների: Այսպիսի արդյունք է արձանագրել USA Today թերթի հարցումը: Կանայք իրենց համարում են սեռական ոտնձգությունների զոհ:



Պարտադրված սեռական հարաբերությունների մասին հայտնել է հոլիվուդյան կանանց 21 տոկոսը: Հարցվածների 29 տոկոսը հայտարերել է, որ ոմանք, առանց իրենց թույլտվության, ցուցադրել են սեռական օրգանները: Կանանց 39 տոկոսը սեքսուալ բնույթի լուսանկարներ է ստացել, թեև նման խնդրանքով ոչ մեկի չի դիմել:



Ուսումնասիրության հեղինակները հարցումն անցկացրել են տարբեր մասնագիտությունների տեր 843 կանանց շրջանում: Նրանց մեջ եղել են պրոդյուսերներ, դերասանուհիներ, ռեժիսորներ, սցենարիստներ և խմբագիրներ:



Սեռական բռնությունների ենթարկվածների մեծ թիվը բուռն արձագանք է առաջացրել սոցցանցերում: Ոմանք լուրջ են մոտենում խնդրին և նշում, որ կանայք, ցավոք, նույն վիճակում են նաև այլ ոլորտներում: Այլ օգտատերեր հումորով են վերաբերվել հարցման արդյունքներին:



«Հոլիվուդի կանանց 94 տոկոսը պնդում է, որ սեռական բռնությունների է ենթարկվել: Հավանաբար, մնացած 6 տոկոսը Վուդի Ալենին չի հանդիպել»,- գրել է մի օգտատեր:



Մեկ ուրիշն էլ նշել է, որ հոլիվուդյան կանանց 6 տոկոսը, երևի, ազնիվ կանայք են և չեն ցանկացել իրենց պատմություններով փառքի 15 րոպե նվաճել:



Հիշեցնենք, որ 2017թ. հոկտեմբերին մի քանի տասնյակ կին իրենց նկատմամբ սեռական ոտնձգություններ և բռնաբարության փորձ կատարելու մեջ մեղադրել էին հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին: Նրանց մեջ էին Կարա Դելևինը, Լեա Սեյդուն և Անժելիկա Ջոլին: