Սեփական տարածք է, սեփականատերն էլ պարտավոր չէ տեղեկացնել, թե ինչ է կառուցում

Սեփական տարածք է, սեփականատերն էլ պարտավոր չէ տեղեկացնել, թե ինչ է կառուցում
Մի քանի ժամ է` համացանցում շրջանառվում է մի լուսանկար, որտեղ Գառնիի քարերի սիմֆոնիայի անմիջական հարեւանությամբ փայտաշեն կոնստրուկցիաներ են տեղակայված, բեռնատար է կանգնած, շինարարական եռուզեռ է, ու դա այն դեպքում,երբ Քարերի սիմֆոնիան ընդգրկված է ՀՀ բնության հուշարձանների ցանկում եւ համարվում է բնական հուշարձան։



Բնապահպանության նախարարի խորհրդական Արծրուն Պեպանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս պահի դրությամբ բնապահպանական տեսչությունը տեղեկացված է, պետք է գնա, ստուգումներ իրականացնի եւ պարզի իրավիճակը․ «Այդ մարդը սեփականության իրավունք ունի հենց այդ հատվածներում, որը ձեռք է բերել մի 10 տարի առաջ, եւ տեսչությունը պետք է գնա, տեսնի նրա սեփականության սահմանները եւ բնության հուշարձանի սահմանները, արդյոք դրա հետ կապված խնդիր կա՞, թե՞ ոչ։ Սա պետք է արվի քարտեզներով, կոորդինատներով, որը դեռ ճշտված չէ»,-ասաց Պեպանյանն ու հավելեց․ «Քանի որ դա սեփական տարածք է, ապա սեփականատերը պարտավոր էլ չէ տեղեկացնել, թե ինչ է կառուցում այդտեղ, ըստ օրենքի այդպես է։ Եթե փոքր, ժամանակավոր կառույց է, իրենք պարտավոր էլ չեն դիմել նախարարություն։ Եթե սահմանների հետ խնդիր չունենա, ապա դա տնտեսական գործնեություն է, որը մեզ չի առնչվում»։



Ըստ Պեպանյանի, եթե կոորդինատների խախտում լինի, նոր կարող են միջամտել, հակառակ դեպքում՝ դա մարդու մասնավոր տարածք է։