Միայն կուսակցական չլինելը դեռ չի նշանակում, որ այդ մարդն անկախ է

Միայն կուսակցական չլինելը դեռ չի նշանակում, որ այդ մարդն անկախ է
_Երեկ Ազգային ժողովը հրավիրել էր խորհրդարանական լսումներ՝ բարձրագույն կրթության ոլորտի հիմնախնդիրների թեմայով:_



Քննարկման ընթացքում Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ **Անահիտ Բախշյանն** իր մտահոգությունը հայտնեց, որ երկար քննարկումներից հետո կառավարություն է գալիս մի նախագիծ, որում ասվում է, որ բուհի կառավարման խորհրդի կազմը հաստատում է վարչապետը, ինչն ուղիղ հակասության մեջ է այն մարտահրավերին, որը ենթադրում է այս օրենքը՝ ապաքաղաքականացնել եւ բարձրացնել բուհի ինքնավարությունը․ «Չի՛ կարող բուհի ինքնավարությունը բարձրանալ, եթե վարչապետը պետք է հաստատի բուհի կառավարման կազմը»:



«Ելք» խմբակցության մյուս անդամ, ԵՊՀ դասախոս **Արայիկ Հարությունյանին** հետաքրքրում էր, թե ովքեր են լինելու կառավարման խորհրդում ընդգրկվող գործատուները․ «Ես կարծում եմ, որ կառավարման խորհուրդների հաստատումը վարչապետի կողմից լրջագույն խնդիրներ է առաջացնում. վարչապե՞տն է հիմնադիրն այս ամեն ինչի»։ ԱԺ փոխնախագահ **Միքայել Մելքումյանն** էլ իր խոսքում նկատեց, որ սա համատիրության մասին օրենք չէ, այլ բարձրագույն կրթության մասին օրենք, որից կախված է ազգի ապագան, ուստի բոլոր հարցերը պետք է ներգրավված լինեն։ «Եթե այս օրենքն ԱԺ-ի մի մասն է պաշտպանելու, ապա ես այն կհամարեմ ժամանակավրեպ: Այն բարի նպատակները, որոնք դրված էին սկզբում, տորպեդահարվում են, նահանջ են ապրում»: Ըստ նրա՝ կրթական համակարգում փլուզում է տեղի ունենում, որը հիմա ձեւակերպում են որպես ռեֆորմ։



Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներին ու հիմնախնդիրներին անդրադարձավ նաեւ ՀՀԿ-ական **Կարեն Ավագյանը**, ով կարծում է, որ բուհերի կառավարման խորհրդում ուսանողները պետք է ունենան ձայների ոչ թե 10, ինչպես ներկայիս օրինագծով է սահմանվում, այլ 25 տոկոս՝ ինչպես միշտ եղել է։



«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության համակարգող **Դավիթ Պետրոսյանի** կարծիքով՝ Կարեն Ավագյանի հայտարարությունն ավելի շատ պոպուլիստական է, քան պայմանավորված ուսանողների շահերով․ «Կարեն Ավագյանը Երիտասարդական հիմնադրամի նախագահն է, ուսանողների հետ շփում ունի, Երիտասարդական հիմնադրամն էլ համալսարանի հետ կապ ունի, որովհետեւ համալսարանից այնտեղ գումար է գնում, եւ հետո՝ ուսանողներին զեղչեր են տալիս։ Ուսանողներն իրենց շահառու խմբերից են, եւ գուցե դրանով է պայմանավորված նման հայտարարությունը»։



Ուսանողների ներգրավվածությունը 10 տոկոս կլինի, թե 25, Պետրոսյանի կարծիքով՝ առանձնապես մեծ նշանակություն չունի, որովհետեւ․ «Հիմնականում ուսանողները չեն կարողանում ազդել այդ որոշումների վրա, որովհետեւ եթե ռեկտորատը եւ գիտխորհուրդը կողմ են քվեարկում, իսկ իրենք սովորաբար այդպես էլ անում են, դրանից հետո ուսանողությունը թե ոնց կքվեարկի, արդեն երկրորդական է դառնում»։



Նա նշում է, որ թեեւ ԵՊՀ ուսխորհրդի նախագահը հանրապետական չէ, բայց մյուս բուհերում հանրապետական են։ Իսկ այն, որ, ըստ օրինագծի, բուհերի կառավարման խորհուրդները փորձ է արվում դարձնել ապաքաղաքական, Պետրոսյանն ընդգծում է, որ միայն կուսակցական չլինելը դեռ չի նշանակում, որ այդ մարդն անկախ է։ «Այդ արգումենտն ավելի լուրջ հետազոտության կարիք ունի եւ ըստ համակարգի պետք է դիտարկվի։ Այստեղ կարեւոր կետն այն է, որ կառավարման խորհուրդը հաստատելու է վարչապետը, իսկ խորհուրդը որոշումների ընդունման վրա ազդեցություն չի ունենալու։ Իրենք նշում են, որ վարչապետի գործը միայն հաստատելը պետք է լինի, բայց սա Անգլիայի թագուհու իրավիճակը չէ, որ նա միայն օրենքները ստորագրի, այստեղ նա ավանդույթի ուժով նաեւ ընտրության պրոցեսի վրա է ազդեցություն ունենալու»,- ասում է Դավիթ Պետրոսյանն ու ընդգծում, որ օրինագծում հաշմանդամություն ունեցողների խնդիրների հետ կապված՝ ոչինչ չի արվել, թեեւ բազմիցս արվել են առաջարկություններ, եւ համալսարանը պարտավոր է մի շարք փոփոխությունների գնալ։



ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան **Ռուբեն Մելքոնյանն** օրենքին ծանոթ է եւ, տարիքային սահմանափակման հետ կապված, ըստ որի՝ 70 տարին լրացած անձը գիտամանկավարժական պաշտոնների մրցույթին չի կարող մասնակցել, որոշակի տարբերակված մոտեցում ունի։ «Իհարկե, ցանկալի չէ, որ մասնագետը, ով տասնամյակների, տարիների ընթացքում կայացել է եւ ունի իր գիտելիքները փոխանցելու ներուժ, արհեստականորեն դուրս մղվի պրոցեսից, բայց, միեւնույն ժամանակ, հակառակ ծայրահեղությունն էլ կա, որ երբեմն դա խոչընդոտում է առողջ սերնդափոխությանը։ Կարծում եմ՝ այդ հարցում պետք է լինի միջանկյալ տարբերակ, մի լուծում, երբ փորձ կուտակած մարդիկ պետք է հնարավորություն ունենան շարունակել իրենց գիտելիքները փոխանցել։ Կարող է վարչական պաշտոնի համար մրցույթին չմասնակցեն, բայց դրա համար բուհերում կան այլ մեխանիզմներ, այդ նույն մարդիկ կարող են պայմանագրով շարունակել աշխատել, դասավանդել, լինել խորհրդատու։ Կան նաեւ ոլորտներ, որտեղ տարիքային այդ սահմանները շատ բարձր են, այսինքն՝ արհեստականորեն սերնդափոխության հնարավորությունը չեզոքացված է, քանի որ նույն այդ ավագ սերնդի մարդիկ երբեմն խոչընդոտել են ավելի երիտասարդների կայացմանը»,- ասում է նա ու ընդգծում, որ պետք է խուսափել այդ երկու ծայրահեղությունից, երբ տեղ է տրվում միայն ավագներին, կամ էլ երբ արվում է կոպիտ սերնդափոխություն, ավագներին հանում են ու բերում են երիտասարդներին, միայն այն բանի համար, որ նրանք երիտասարդ են։



Ռուբեն Մելքոնյանի դիտարկումներից մեկն էլ վերաբերում է օրենքով նախատեսված գիտական խորհրդի եւ ռեկտորի գործառույթներին․ «Ըստ դրա՝ գիտական խորհրդի նախագահը չի կարող լինել ռեկտորը, լինելու է մեկ այլ անձ։ Զուգահեռ լինելու է ռեկտոր, որն իրականացնելու է նաեւ գիտխորհրդի ընդունած որոշումները։ Փաստորեն՝ ռեկտորը, դեկաններն առանձին կառույց են, գիտխորհուրդն իր նախագահով՝ այլ կառույց, ինչքանով ես եմ հասկացել։ Այստեղ կա կազմակերպչական որոշակի սխալ, նույն ֆակուլտետի օրինակով նրա գիտխորհրդի ղեկավարը դեկանն է, որը եւ խորհրդի աշխատանքներն է կոորդինացնում, ընդունած որոշումներին է մասնակցում եւ այդ որոշումների իրագործմանը։ Եթե լինի այլ մարմին, ապա, վստահ եմ, ստեղծվելու է ոչ առողջ մրցակցային վիճակ, երբ գիտխորհրդի նախագահը փորձելու է իր լծակները կիրառել՝ կախման մեջ պահելու ռեկտորին, իսկ ռեկտորն էլ փորձելու է քայլեր անել՝ շրջանցելու համար այդ ամենը։ Կարծում եմ՝ կարելի է ինչ-որ փոփոխություններ անել, բայց, միեւնույն ժամանակ, գիտխորհրդի նախագահը չի կարող լինել ոչ ռեկտորը, հատկապես հայկական իրականությունը հաշվի առնելով՝ կարող է սկսվել բացահայտ երկիշխանություն, որը կարող է անառողջ մթնոլորտ ստեղծել եւ բացասական դեր խաղալ»։



Մելքոնյանի կարծիքով՝ լավ է, որ գիտական խորհուրդը մեծ ֆունկցիաներ ունենա, բայց ներկայիս գիտական խորհուրդները կարողանում են արդեն բավականին դրական միջավայր ձեւավորել։ Նա ընդգծում է՝ հայկական իրողությունները, ընկալումները պետք է անպայման հաշվի առնել, քանի որ կարող են եվրոպական տիրույթում՝ կրթության ասպարեզում, որոշ դրույթներ լինել, որ մենք ուզենանք փոխառել, բայց հայկական իրականության մեջ դրանք լավ չադապտացվեն՝ պայմանավորված որոշակի առանձնահատկություններով։



Ռուբեն Մելքոնյանը նկատում է՝ չնայած լավ աշխատված օրենք է, բայց չի կարող ասել, որ ամեն ինչ կատարյալ է, կան աշխատելու տեղեր, քննարկելու հարցեր։ «Ես կարծում եմ՝ չպետք է լինի դոգմատիկ մոտեցում, որ սա եվրոպական է ու պետք է փոխառել, պետք է գտնենք ոսկե միջինը եւ այդ ոսկե միջինի ընթացքում չպետք է խուսափենք այն դրականից, որ եղել է խորհրդային շրջանի կրթական համակարգում եւ դրանից առաջ եղած եւ հիմա մեր օրերի կրթական համակարգում ի հայտ եկած դրական երեւույթներից»,- ասում է նա ու հավելում, որ օրենքի նախագիծը որոշակի քննարկում անցել է բուհերում, բայց բուհի դասախոսների մեծ մասին օբյեկտիվորեն այն կարող է չհետաքրքրել՝ այն աստիճան, որ նրանք նույնիկ չվերցնեն ու կարդան այդ մի քանի տասնյակ էջը։



Ի դեպ, որպես հավելում նշենք եւ փաստենք, որ այս օրերին զանգահարել ենք, շրջել, հանդիպել տարբեր բուհերի մոտ 2 տասնյակի հասնող ամբիոնի վարիչների, երիտասարդ եւ ավագ սերնդի դասախոսների հետ, փորձել նրանցից հետաքրքրվել, թե ինչ են մտածում «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծի մասին, ինչ առարկություններ ունեն, բայց պատկերն ավելի քան տխուր էր․ դասախոսներն ուղղակի տեղյակ չեն, լսել են ինչ-որ բան, բայց չեն կարող եւ չեն ուզում խոսել։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**