ԲԴԽ անդամները գոնե իրավաբանական հանրության շրջանում պետք է լինեն ճանաչված եւ գնահատված

ԲԴԽ անդամները գոնե իրավաբանական հանրության շրջանում պետք է լինեն ճանաչված եւ գնահատված
_Հարցազրույց վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ __**Դավիթ Ավետիսյանի**__ հետ, սկիզբը _[_նախորդ_](https://www.hraparak.am/posts/5a8d0e04480c9236d46bf14a/%D5%B4%D5%AB%D5%A5%D5%A4%D5%AB-%D5%BE%D5%B3%D5%BC%D5%AB-%D5%B0%D5%AB%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%BE%D6%80%D5%A1-%D5%A4%D5%A1%D5%BF%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%AB%D5%B6-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A1%D5%BD%D5%AD%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BF%D5%BE%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A5%D5%B6%D5%A9%D5%A1%D6%80%D5%AF%D5%A5%D5%AC%D5%B6-%D5%A1%D5%B6%D5%A9%D5%B8%D6%82%D5%B5%D5%AC%D5%A1%D5%BF%D6%80%D5%A5%D5%AC%D5%AB-%D5%A7)_ համարում։_



**- Վերջերս օրենսդրական փոփոխություն կատարվեց, որով դատարանը հնարավորություն է ստանում, որպես պատիժ, դատավարական կողմերի, այդ թվում՝ փաստաբանների նկատմամբ տուգանքներ կիրառել, մինչեւ 100 հազար դրամի չափով։ Չի՞ խարխլի արդյոք սա փաստաբանական ինստիտուտի անկախությունը։ Ինչպե՞ս եք վերաբերվում փաստաբանների բողոքի ակցիաներին, եւ, Ձեր կարծիքով, ինչո՞ւ չեն բողոքում դատախազները։**



Դատական տուգանքի ինստիտուտը գոյություն ունի եւ արդյունավետ կերպով գործում է բազմաթիվ երկրներում: Դատախազի կամ պաշտպանի կամքով արդարադատությունը չի կարող կանգ առնել, այն պետք է իրականացվի նույնիսկ արտակարգ իրավիճակներում: Օրինակ՝ ինչ անել, երբ դատախազը կամ պաշտպանը, առանց հարգելի պատճառի, դատական նիստին չի ներկայանում կամ առանց նախագահողի թույլտվության նիստերի դահլիճից թողնում-հեռանում է, իսկ նրանց վերադասներին ուղարկված միջնորդությունները պատշաճ արձագանքի չեն արժանանում: Իհարկե, հասկանում եմ փաստաբանների մտահոգությունները: Խնդիրն իրավակիրառ պրակտիկայի մեջ է լինելու, արդյո՞ք այն խտրական բնույթ չի կրելու, ասենք՝ չի կիրառվելու նույնական արարք կատարած դատախազի նկատմամբ, արդյոք այդ սանկցիան նպատակ չի՞ հետապնդելու, որ պաշտպանը չկարողանա իրականացնել իր մասնագիտական պարտականությունները, արդյոք դրանք չե՞ն կիրառվելու ոչ լուրջ խախտումների դեպքերում: Այստեղ իրավական մշակույթի խնդիր է առաջանում, որի ձեւավորման հարցում լուրջ անելիք ունեն ե՛ւ դատավորները, ե՛ւ փաստաբանները, ե՛ւ դատախազները: Դատավորի հայեցողությունն էլ անսահմանափակ չպետք է լինի, տուգանքի կիրառման հիմքերն օրենքով հստակ սահմանված պետք է լինեն, բացի այդ՝ պետք է երաշխավորված լինի տուգանք կիրառելու որոշման դատական բողոքարկման հնարավորությունը: Իր նկատմամբ կիրառված տուգանքի հետ համաձայն չլինելու դեպքում փաստաբանը կարող է օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում բողոքարկել այն վերադաս դատարան: Բողոքարկման ինստիտուտի առկայության պայմաններում հնարավոր է վերհանել դատավորի կողմից այս սանկցիայի անհիմն կիրառման դեպքերը եւ դատավորի պատասխանատվության հարց բարձրացնել: Դատական նոր օրենսգիրքը սահմանել է դատական սանկցիա կիրառելու հիմքերը եւ ամրագրում կատարել այն մասին, որ դատավորը պարտավոր է իր վարքագծով կանխել եւ նվազագույնի հասցնել դատական սանկցիա կիրառելու անհրաժեշտությունը եւ դեպքերը: Դատական բարձրագույն խորհուրդը կարող է հանդիսանալ այս ինստիտուտի արդյունավետ կիրառման երաշխավորը:



**- Մյուս օրենսդրական նորամուծությունը՝ ԱԺ-ի ներման իրավունքը ՀՀ նախագահից փոխանցվեց ՀՀ վարչապետին։ Վարչապետի ներկայացմամբ պետք է նախագահը վավերացնի, իսկ եթե համաձայն չէ, կարող է դիմել Սահմանադրական դատարան։ Ձեր գնահատականը։**



Ներման իրավունքը պատկանում է ՀՀ նախագահին: Իսկ թե որ մարմինը նրան այդպիսի միջնորդություն ներկայացնելու իրավունք կստանա, դա երկրի օրենսդիր մարմնի խնդիրն է, կարեւորն այն է, որ լուծումը լինի արդյունավետ եւ օգնի հանրապետության նախագահին, որ նա կարողանա իրականացնել ներում շնորհելու իր բացառիկ իրավունքը:



**- Մյուս ցավոտ խնդիրը․ Հայաստանում այսօր 100-ից ավելի ցմահ ազատազրկված կա, ինչո՞ւ մինչ օրս նրանցից որեւէ մեկի նկատմամբ ներում կամ վաղաժամկետ ազատման դրույթը չի կիրառվում։ Առհասարակ՝ վաղաժամկետ ազատման նորմի գործունեության, անկախ կոչվող հանձնաժողովների մասին Ձեր կարծիքը կուզեինք լսել։**



2017 թվականի մարտի 1-ին ընդունված եւ 2017 թվականի հունիսի 1-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ 2016 թվականի մայիսի 17-ին ընդունված եւ 2018 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ազատազրկման ձեւով պատիժ կրող դատապարտյալին երաշխավորվել է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվելու հարցի կապակցությամբ դատական պաշտպանություն հայցելու իրավունքը: Մասնավորապես, եթե նախկինում համապատասխան հանձնաժողովի միայն դրական եզրակացության պայմաններում էր դատարանը քննարկման առարկա դարձնում պայմանական վաղաժամկետ ազատվելու հարցը, ապա օրենսդրական փոփոխությամբ սահմանվել է, որ, անկախ եզրակացության բնույթից, օրենքով նախատեսված պատժի նվազագույն ժամկետը կրելուց հետո յուրաքանչյուր դատապարտյալին երաշխավորված է դատարանի կողմից իր պայմանական վաղաժամկետ ազատման հարցի քննության հնարավորությունը: Քննության արդյունքում, հաշվի առնելով նաեւ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի խորհրդատվական բնույթ կրող եզրակացությունը, դատապարտյալը կարող է պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե դատարանը հանգում է հետեւության, որ ուղղվելու համար դատապարտյալը նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չունի, քանի որ պատժի կրման ընթացքում դրսեւորել է պատշաճ վարքագիծ, եւ նրա կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը ցածր է: Քրեական օրենսգիրքը մանրամասն կարգավորման է ենթարկել պատշաճ վարքագծի դրսեւորման եւ դատապարտյալի կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականությունը գնահատելիս հաշվի առնվող հանգամանքները:



Նման մանրամասն օրենսդրական կարգավորումների եւ, ամենակարեւորը՝ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի պարտադիր դատական քննության երաշխիքի առկայության պայմաններում, կարծում եմ, տեսանելի ապագայում իրավիճակը կփոխվի:



**- Բարձրագույն դատական խորհուրդ է ձեւավորվելու՝ կազմված այդ թվում՝ ոչ դատավորներից։ Ի՞նչ կարգավիճակ կունենա այդ մարմինը։ Ի՞նչ ռիսկեր եք Դուք տեսնում։ Արդյոք սա չի՞ նմանվելու «վերադաս» մարմնի, որն իր ձեռքում կկենտրոնացնի արդարադատության նախարարության, վճռաբեկ դատարանի ֆունկցիաները եւ կնվազեցնի դատական համակարգի անկախությունը։ Արդյոք ԲԴԽ-ն իշխանությունների ձեռքին գործիք չ՞ի դառնալու։**



Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որի սահմանադրական առաքելությունն է՝ երաշխավորել դատարանների եւ դատավորների անկախությունը: Այս առաքելության իրականացման համար սահմանադրական օրենքով՝ ՀՀ դատական օրենսգրքով, Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունների շրջանակ է սահմանվել: ԲԴԽ-ն չի փոխարինելու վճռաբեկ դատարանին կամ արդարադատության նախարարությանը: Վճռաբեկ դատարանն ընդհանուր իրավասության բարձրագույն դատական ատյան է, որը շարունակելու է իրականացնել դեռեւս 2005 թ․ սահմանադրական բարեփոխումներով իրեն վերապահված՝ օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթը:



Ձեր նշած՝ «վերադաս մարմնի նմանվելը», «իր ձեռքում այլ մարմինների գործառույթները կենտրոնացնելը», «դատական համակարգի անկախությունը նվազեցնելը», «գործիք դառնալը» եւ այլն, իմ կարծիքով, ԲԴԽ-ի կողմից իր սահմանադրական կարգավիճակին եւ առաքելությանը համապատասխան գործելու դեպքում պետք է բացառվեն: Իհարկե, ցանկացած մարմնի նկատմամբ հանրային վստահությունը որոշվում է այդ կառույցը ներկայացնող անհատներով: Այդ առումով շատ կարեւոր է, որ իրացվեն Սահմանադրության 174 հոդվածի պահանջները եւ այդ կառույցում ընդգրկվեն մասնագիտական բարձր որակներ ունեցող եւ հեղինակավոր իրավաբաններ: Գոնե իրավաբանական հանրության շրջանակներում նրանք պետք է լինեն ճանաչված եւ գնահատված: Հակառակ պարագայում՝ սահմանադրական մարմինը կսկսի դիսֆունկցիա իրականացնել, ինչն էլ անխուսափելիորեն կարդիականացնի դրա արդյունավետության քննարկման անհրաժեշտությունը:



**- Եվ, վերջապես, Երեւանի միասնական դատարանի մասին:**



Կարծում եմ՝ արդյունավետ լուծում է: Երեւանը մեկ միասնական դատական տարածք դարձնելու նախադրյալները վաղուց էին հասունացել, եւ այդ դատարանի ստեղծմամբ հնարավոր դարձավ լուծել դատական համակարգի առջեւ ծառացած մի շարք խնդիրներ: Մասնավորապես՝ տարբեր վարչական շրջանների դատարանների դատավորների ծանրաբեռնվածության միջեւ առկա էին հսկայական տարբերություններ, կային դատարաններ, որոնք գերծանրաբեռնված էին: Այս հարցը հնարավոր դարձավ հաղթահարել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ստեղծմամբ եւ գործերը Երեւան քաղաքի համապատասխան մասնագիտացման բոլոր դատավորներին մեկ միասնական ցուցակով մակագրելու արդյունքում:



Նախքան Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ստեղծումը, տարբեր վարչական շրջանների աշխարհագրական տարածքով պայմանավորված, ընդդատության խնդիրներ էին առկա: Երբեմն ոչ հստակ քարտեզագրության պատճառով դժվար էր որոշել, թե որ դատարանի դատական տարածքում է կատարվել հանցագործությունը: Այս խնդիրը եւս վերացավ այս դատարանի ստեղծմամբ: Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ստեղծմամբ լուծվեց մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը բացառապես քրեական մասնագիտացմամբ դատավորներին մակագրելու հարցը: Նախկինում ներկայացված միջնորդությունները քննում էին նաեւ քաղաքացիական մասնագիտացման դատավորները, ինչը բազմաթիվ խնդիրներ էր առաջացնում:



Ասվածին զուգահեռ հարկ է նաեւ նշել, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված միջնորդությունները բացառապես քրեական մասնագիտացման դատավորներին մակագրվելու դեպքում գերծանրաբեռնվածության խնդիր կարող է առաջանալ: Բանն այն է, որ եթե նախկինում նշված միջնորդությունները քննվում էին քրեական եւ քաղաքացիական մասնագիտացման դատավորների կողմից, ապա այսուհետ քննվելու են միայն քրեական մասնագիտացման դատավորների կողմից, այսինքն՝ նույն ծավալի աշխատանքն իրականացվելու է ավելի քիչ թվով դատավորների կողմից: Կարծում եմ՝ ապագայում քրեական մասնագիտացման դատավորների թվի ավելացման հարց կարող է առաջանալ՝ պայմանավորված նման ծանրաբեռնվածությամբ:



**Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ**