Սկանդալ Կամերային երաժշտության տանը․ ղեկավարը հայհոյում է, աշխատակիցներն էլ՝ գողություն անում

Սկանդալ Կամերային երաժշտության տանը․ ղեկավարը հայհոյում է, աշխատակիցներն էլ՝ գողություն անում
Կամերային երաժշտության տան նախկին աշխատակիցներից մի քանիսն ահազանգում են, որ տան ղեկավար Վաչե Հովեյանը չարաշահում է իր պաշտոնական դիրքը, անգամ՝ ֆիզիկական հետապնդման ենթարկում։ **Hraparak.am**-ին նախկին աշխատակից Լիանան Գրիգորյանը պատմեց, որ Հովեյանը ազատվում է աշխատողներից՝ իր մարդկանց բերելու համար։



«Իր ծանոթներին է տեղավորում, աշխատավարձը կտրուկ իջեցրել է։ Մի տղայի աշխատավարձը 165-ից իջեցրել է 45 հազար դրամ։ Ինքը միջանցքներում հայհոյանքներ է շռայլում աշխատակիցներին։ Մեզ նաեւ Ֆիզիկական հետապնդումների է ենթարկում, մարդկանց է ուղարկում, որպեսզի մեզ հետապնդեն, իմ մեքենայի ակն են իջեցրել։ Մի խոսքով՝ ինչ ուզում, անում է»,-պատմեց Լիանա Գրիգորյանը, որը Կամերային երաժշտության տանը աշխատել է որպես կադրերի բաժնի վարիչ։



Մեր զրուցակցի խոսքով՝ իրենք դիմել են մշակույթի նախարարություն, սակայն այնտեղից հիմնավոր պատասխան չեն ստացել․ «Մենք դիմել ենք մշակույթի նախարարություն, իրենք պատասխանել են՝ դատական հայցով լուծեք հարցերը։ Մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանն է Հովեյանին աջակցում, իրենք բարեկամական լավ հարաբերություններ ունեն»։



Վաչե Հովեյանը մեզ հետ զրույցում նախ խնդրեց հարցերը գրավոր ուղարկել, այնուհետեւ մի քանի բառ ասաց իրեն ուղղված մեղադրանքներին․ «Շատ ու շատ մարդիկ շատ մեղադրանքներ կարող են առաջադրել, մեղադրյալ չեմ ես, մեղադրյալները լինում են դատարանում։ Մեկ-մեկ ստիպված ենք լինում վիրահատական միջոցների դիմել, որպեսզի Կամերային երաժշտության ազգային կենտրոնը աշխատի իր բնականոն ռեժիմով, կրճատումներ եղել են ամբողջ մշակույթի դաշտում։ Ինչի՞ հատկապես կամերային։ Մարդիկ կամ դիմում են գրել, մարդիկ կան, որոնք հեռացվել են ոչ պարտաճանաչ աշխատելու համար, իսկ կրճատումները կապ ունեն ամբողջ դաշտի հետ։ Օտար կադրեր գոյություն չունեն, գոյություն ունեն պրոֆեսիոնալ եւ ոչ պորֆեսիոնալ աշխատակիցներ, գոյություն ունեն բարեխիղճ եւ անբարեխիղճ աշխատակիցներ, գոյություն ունեն գողություն անող աշխատակիցներ եւ գողություն չանող աշխատակիցներ։ Այժմ իր դեմ 7 դատական հայց կա՝ 3 նախկին աշխատակիցների կողմից»։



Վաչե Հովեյանը չմանրամասնեց՝ խոսքը ինչ գողության մասին է, միայն նշեց, որ մտածում է՝ ոստիկանություն հաղորդում ներկայացնի, թե ոչ․«Երբ որ զանգում են դահլիճի համար պայմանավորվելու եւ նպատակային դահլիճին արտաբյուջեն փորձում են վերացնել, ես դա էլ եմ համարում գողություն»։



**Աննա Պապիկյան**