Հայկական իրականությունը հաշվի առնելով, բուհում կարող է սկսվել բացահայտ երկիշխանություն

Հայկական իրականությունը հաշվի առնելով, բուհում կարող է սկսվել բացահայտ երկիշխանություն
«Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծը, որն առաջիկայում կներկայացվի Ազգային ժողովի ընդունմանը, ենթադրում է մի շարք փոփոխություններ կրթական համակարգում, որի շուրջ վերջին ամիսներին հանրային քննարկումներ եղան։



Եթե շատերի կողմից ողջունվել է սույն օրենքի նախագծում բուհերի կառավարման խորհուրդներն ապաքաղաքական դարձնելու դրույթը, ապա մասնագիտական շրջանակներում խնդրահարույց է համարվել օրենքով սահմանված տարիքային սահմանափակումը, ըստ որի 70 տարին լրացած անձը գիտամանկավարժական պաշտոնների մրցույթին չի կարող մասնակցել։ Մինչդեռ տարիքային խնդիրն առկա է բոլոր բուհերում։



ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը օրենքին ծանոթ է եւ տարիքային սահմանափակման հետ կապված ունի որոշակի տարբերակված մոտեցում․ «Իհարկե, ցանկալի չէ, որ մասնագետը, ով տասնամյակների, տարիների ընթացքում կայացել է եւ ունի իր գիտելիքները փոխանցելու ներուժ, արհեստականորեն դուրս մղվի պրոցեսից, բայց միեւնույն ժամանակ հակառակ ծայրահեղությունն էլ կա, որ երբեմն դա խոչընդոտում է առողջ սերընդափոխությանը։ Կարծում եմ՝ այդ հարցում պետք է լինի միջանկյալ տարբերակ, մի լուծում, երբ փորձ կուտակած մարդիկ պետք է հնարավորություն ունենան շարունակել իրենց գիտելիքները փոխանցել։ Կարող է վարչական պաշտոնի համար մրցույթին չմասնակցեն, բայց դրա համար բուհերում կան այլ մեխանզիմներ, այդ նույն մարդիկ կարող են պայմանագրով շարունակել աշխատել, դասավանդել, լինել խորհրդատու։ Կան նաեւ ոլորտներ, որտեղ տարիքային այդ սահմանները շատ բարձր են, այսինքն արհեստականորեն սերընդափոխության հնարավորությունը չեզոքացված է, քանի որ նույն այդ ավագ սերնդի մարդիկ երբեմն խոչընդոտել են ավելի երիտասարդների կայացմանը։ Կարծում եմ՝ միջանկյան լուծման պարագայում այս թերացումը պետք է լուծվի, ստեղծվի շարունակման դպրոց, որտեղ հնարավորություն կունենան ավելի ցածր տարիքային խմբի մարդիկ իրենց հնարավորությունները նույնպես ռեալիզացնել վարչական աշխատանքում»,-ասում է նա ու ընդգծում, որ պետք է խուսափել այդ երկու ծայրահեղություններից, երբ տեղ է տրվում միայն ավագներին կամ էլ երբ արվում է կոպիտ սերընդափոխություն, ավագներին հանում են ու բերում են երիտասարդներին, միայն այն բանի համար, որ նրանք երիտասարդ են։



Ռուբեն Մելքոնյանի դիտարկումներից մեկն էլ վերաբերում է օրենքով նախատեսված գիտական խորհրդի եւ ռեկտորի գործառույթներին․ «Ըստ դրա, գիտական խորհրդի նախագահը չի կարող լինել ռեկտորը, լինելու է մեկ այլ անձ։ Զուգահեռ լինելու է ռեկտոր, որը իրականացնելու է նաեւ գիտխորհրդի ընդունած որոշումները։ Փաստորեն ռեկտորը, դեկանները առանձին կառույց են, գիտխորհուրդը, իր նախագահով այլ կառույց, ինչքանով ես եմ հասկացել։ Այստեղ կա կազմակերպչական որոշակի սխալ, նույն ֆակուլտետի օրինակով նրա գիտխորհրդի ղեկավարը դեկանն է, որը եւ խորհրդի աշխատանքներն է կորդինացնում եւ ընդունած որոշումներին է մասնակցում եւ այդ որոշումների իրագործմանը։ Եթե լինի այլ մարմին, ապա վստահ եմ ստեղծվելու է ոչ առողջ մրցակցային վիճակ, երբ գիտխորհրդի նախագահը փորձելու է իր լծակները կիրառել՝ կախման մեջ պահելու ռեկտորին, իսկ ռեկտորն էլ փորձելու է քայլեր անել շրջանցելու համար այդ ամենը։ Կարծում եմ՝ կարելի է ինչ որ փոփոխություններ անել, բայց միեւնույն ժամանակ գիտխորհրդի նախագահը չի կարող լինել ոչ ռեկտորը, հատկապես հայկական իրականությունը հաշվի առնելով, կարող է սկսվել բացահայտ երկիշխանություն, որը կարող է անառողջ մթնոլորտ ստեղծել եւ բացասական դեր խաղալ»։



Մելքոնյանի կարծիքով, լավ է որ գիտական խորհուրդը մեծ ֆունկցիաներ ունենա, բայց ներկայիս գիտական խորհուրդները կարողանում են արդեն բավականին դրական միջավայր ձեւավորել։ Նա ընդգծում է՝ հայկական իրողությունները, ընկալումները պետք է անպայման հաշվի առնել, քանի որ կարող են եվրոպական տիրույթում՝ կրթության ասպարեզում, որոշ դրույթներ լինել, որ մենք ուզենանք փոխառել, բայց հայկական իրականության մեջ դրանք լավ չադապտացվեն՝ պայամանավորված որոշակի առանձնահատկություններով։



Ռուբեն Մելքոնյանը նկատում է՝ չնայած լավ աշխատված օրենք է, բայց չի կարող ասել, որ ամեն ինչ կատարյալ է, կան աշխատելու տեղեր, քննարկելու հարցեր, այդուհանդերձ, այն կարծիքին է, որ պետք չէ կուրորեն հետեւել եւ վերցնել այն, ինչ համարվում է եվրոպական, որովհետեւ մենք նույնպես ունենք լավ կրթական ավանդույթներ, որոնք կարող ենք հարմարեցնել ներկայիս իրողություններին․ «Ես կարծում եմ չպետք է լինի դոգմատիկ մոտեցում, որ սա եվրոպական է ու պետք է փոխառել, պետք է գտնենք ոսկե միջինը եւ այդ ոսկե միջինի ընթացքում չպետք է խուսափենք այն դրականից, որ եղել է խորհրդային շրջանի կրթական համակարգում եւ դրանից առաջ եղած եւ հիմա մեր օրերի կրթական համակարգում ի հայտ եկած դրական երեւույթներից»,-ասում է նա ու հավելում, որ օրենքի նախագիծը որոշակի քննարկում անցել է բուհերում, բայց բուհի դասախոսների մեծ մասին օբյեկտիվորեն այն կարող է չհետաքրքրել եւ նրանք նույնիկ չվերցնեն ու չկարդան այդ մի քանի տասնյակ էջը։



**Սոնա Ադամյան**