Ղեկը տվել են այդ մարդու ձեռքը, ասում են՝ քշի, բայց ո՞ւր քշի, ոչ մեկը չգիտի

Ղեկը տվել են այդ մարդու ձեռքը, ասում են՝ քշի, բայց ո՞ւր քշի, ոչ մեկը չգիտի
**Հարցազրույց ՀՀ ժողովրդական արտիստ, բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանի հետ**։



-**Պարոն Խառատյան, «Լա Բոհեմ» ներկայացումը, որն անցած տարի հաջողությամբ ներկայացվեց հանդիսատեսին եւ անձամբ Ազնավուրին, այս ընթացքում ընդամենը 3 անգամ է բեմ բարձրացել, թեեւ ներկայացումն ընդգրկվեց թատրոնի խաղացանկում։ Ո՞րն է պատճառը**։



-Չգիտեմ, շատ անգամ ինքս եմ հարցրել, թե ինչու ներկայացումը չի գնում, բայց ոչ մեկը պատասխան չունի։ Չնայած որ Կոնստանտին Օրբելյանը Լոս Անջելեսում հայտարարեց, որ ամենապահանջված եւ ֆինանս բերող ներկայացումն է։ Այդքանով հանդերձ, անհասկանալի է, թե ինչու, այսինքն՝ ես ինձ համար գիտեմ, թե ինչու չի գնում, որովհետեւ ինքը բարդ, աշխատանք պահանջող ներկայացում է, իսկ մեր օպերային թատրոնը բարդություններից փախնում է։ Նման որակի ներկայացման համար հմտություն է պետք, մտքի ուժ, բալետային խումբը պետք է անընդհատ աշխատի, ֆորմայի մեջ լինի, կարողանա մտածել։ Իսկ մեզ մոտ ամենադյուրին ձեւն է՝ մի հատ «Գայանե» տալ, «Սպարտակ», «Պողիկտոս», որը Տիգրան Լեւոնյանը բեմադրել էր, ու լավ է, որ վերականգնեցին, որովհետեւ միակ պրոֆեսիոնալ ներկայացումներից էր։ Թե չէ անընդհատ «Անուշ» է գնում, որտեղ մենք ներկայանում ենք որպես գյուղացի, իհարկե՝ բեմը կարող է ցույց տալ գյուղի ոգին, բայց ո՛չ տրեխն ու ցեխը։ Սովետական Միության ժամանակ մենք համարվում էինք ծայրամաս ու ապահովում էինք այդ գեղջկական մակարդակը, ու դա մինչեւ այսօր իներցիայով գնում է։ «Գայանեի» դեպքում ես առաջարկեցի թատրոնի ղեկավարությանը, որ հրավիրեն շատ հետաքրքիր մի խորեոգրաֆի՝ Ալեքսեյ Ռատմանսկուն, որպեսզի գա եւ նորովի բեմադրի «Գայանեն», բայց չուզեցին։ Շատ տխուր է, որ մենք այսօր այսպես ենք ներկայանում՝ «Անուշ» օպերան եւ «Գայանե» բալետը մեր բրենդներն են, եւ ով գալիս է Հայաստան, առաջինը սա են ցուցադրում՝ առանց հասկանալու, որ արդեն ինչքան ժամանակ է ներկայացնելով սա որպես մեր էություն, նվաստացնում ենք մեզ, լրիվ կորցրել ենք մեր հաղթողի կերպարը։ Այսօր միայն տանկերը չեն հարցեր որոշում, այլ նաեւ հոգեւոր արժեքները։ Օրինակ՝ ֆրանսիացին, գերմանացին կամ ռուսը երբեք ֆոլկլորով չի գալիս Հայաստան ու ներկայացնում դա որպես իր ինքնություն, իրենք միշտ դասականի մեջ են, որովհետեւ դա ամենաբարձր երեւույթն է։ Մենք շատ մեծ պոտենցիալ ունենք, բայց չենք կարողանում դա դրսեւորել, ցուցադրել։



-**Քանի որ օպերային թատրոնում վերջին տարիներին տարբեր խմորումներ եղան, շատերի հույսը նոր նախարարն էր եւ նոր տնօրենը։ Բայց թատրոնի տնօրեն եւ գեղղեկավար Կոնստանտին Օրբելյանի գրաֆիկը, քաղաքից բացակայությունները կտրուկ նվազեցրին այդ հույսերը**։



-Օրբելյանը շատ հետաքրքիր անձնավորություն է, բայց ցավն այն է, որ հայերեն չգիտի, ու դա հաճախ իր դեմ է աշխատում։ Մի անգամ նա հատուկ հավաքեց բալետային խմբին, որոնք հայերեն իրեն ասում էին, որ չեն ուզում աշխատել 1-2 ժամից ավել։ Հարցրի՝ հասկանո՞ւմ ես ինչ են ասում, ասում է՝ ոչ…, եթե ոչ, ուրեմն ինչի՞ ես հավաքել այդ մարդկանց, ովքեր քո դեմ են խոսում։ Մեզ մոտ կան մտածողներ, ովքեր խաղի կանոններն են դնում, եւ կան կատարողներ։ Կոնստանտին Օրբելյանի խնդիրը հենց դա է, որ ինքը կատարող է։ Ինքը նաեւ հոգնել է այս հարաբերություններից, քաշքշուկներից, չգիտի թատրոնի էությունը, թե ֆունկցիոնալ առումով ինչպիսին պետք է լինի այն, որն է դրա առաքելությունը։ Ինքը նաեւ լավ չգիտի Հայաստանը, իմիջիայլոց, մենք էլ դեռ փնտրում ենք, թե որն է այսօր հայկականությունն այս կամ այն ներկայացման մեջ, օրինակ՝ հայ մարդը կատարում է Բեթհովեն, ինչքանո՞վ է Բեթհովենը հայանում կամ հակառակը դառնում։ Երբ մարդը չգիտի, թե ուր գնա, իրավիճակն անհույս է, ղեկը տվել են այդ մարդու ձեռքը, ասում են՝ քշի, բայց ո՞ւր քշի, ոչ մեկը չգիտի։ Նույնն էլ՝ մեր նախարարը, չգիտի ինչ ասի կամ անի, ես արդեն քանի տարի է՝ դիմում եմ նրան, խնդրում եմ, որ ինձ պատասխանի, թե ինչու իմ կողմից դրված 30 վերնագիր ներկայացումները չեն գնում եւ խաղացանկում չկան։



-**Եվ ո՞րն է պատասխանը**։



-Ո՛չ թատրոնից եւ ո՛չ նախարարությունից ինձ չեն պատասխանում։ Նախարարն ասում է, որ շուտով կկանչի՝ կպարզաբանեն, բայց ես հասկանում եմ, ինձ կանչեն, ի՞նչ ասեն։ Օպերային թատրոնում ո՛չ օպերայով, ո՛չ բալետով չեն կարողանում ցույց տալ, թե մենք ուր ենք գնում, բայց երկու պաշտոններն էլ տվել են մի մարդու ձեռքը։ Ես չեմ կարող տեսնել, թե այսպես անիմաստ մեր մարդկային եւ ֆինանսական ռեսուրսները ոնց են գնում-կորում։



-**Բայց տարեվերջյան ասուլիսի ընթացքում մեծ գոհունակությամբ ներկայացվեցին թատրոնի կատարած աշխատանքը, նոր բեմադրությունները, այս տարի կփոխադրվեն եւ կներկայացվեն «Շչելկունչիկ» եւ «Չիպոլինո» բալետները**։



-Շատ լավ ծանոթ եմ նրանց ներկայացրած աշխատանքներին, բայց ծանոթ եմ նաեւ համաշխարհային մասշտաբի թատրոններին, գիտեմ, թե նրանցից որ մեկն ուր է գնում, ինչ է ներկայացնում, եւ այդ ամենով իրենց հետ կիսվել եմ։ Ես Կոնստանտինին հարցրի՝ այդ ռուսական բալետները բերելով՝ ի՞նչ ես ուզում ասել, «Չիպոլինոն» կոնկրետ ո՞ր խնդիրը պետք է լուծի հայկականության մեջ, մի երեխա ասեք, որ այսօր իր այփադի վրա Չիպոլինոյի խաղ է խաղում, ո՛չ հոգեբանություն գիտեն, ո՛չ ուղղվածություն, հենց այնպես անուններ են ասում, որոնք ժամանակին համընթաց չեն։



Մեր թատրոնը միշտ կատարող է եղել, տարիներ են եղել՝ լավ կատարող է եղել, տարիներ էլ՝ վատ։ Մի անգամ է եղել, երբ 70-ականներին Մաքսիմ Մարտիրոսյանն «Անտունի» բեմադրեց, ու դրանով մեր միտքն սկսեց առաջ գնալ, աշխատել։ Այդ ժամանակ նրան այստեղից քշեցին, ու նա գնաց Ռուսաստան։ Այստեղ մնացել են շատ պատկառելի մարդիկ, բայց իրենք բոլորը կատարող են եւ ռուսական բալետի ուղղվածությունը պահող, մենք հայկականություն չենք մշակել ո՛չ «Գայանեի» մեջ, ո՛չ «Սպարտակի»։ Ես փորձեցի «Զույգ արեգակներով» ցույց տալ, թե որն է մեր ճանապարհը, ոնց պետք է գնանք, դա փակվեց՝ անհասկանալի ձեւով։ Մինչդեռ ներկայացնում էի, թե որոնք են հայկական արժեքները, այսօրվա մոտեցումները, աբստրակտ մտածելակերպը, ազատությունը եւ դրա մեջ բեմական լուծումները, տվել էի մեր ազգի էությունը, որով պետք է առաջնորդվենք։ Բայց չհասկացվեց, եւ դա նորմալ է, պիտի նաեւ չհասկանաս, դա հո քյաբաբ չէ՞ դյուրամարս, պետք է մտածես, հասկանաս, թե որտեղից ես գալիս․ ներկայացումը նաեւ դա պետք է սովորեցնի։



-**Ի դեպ, վարչապետը վերջերս այցելելով մշակույթի նախարարություն՝ հենց ինքնության, հայկականության խնդիրներն էր բարձրաձայնել, մի կողմից աբսուրդ է, երբ 21-րդ դարում նոր ենք փորձում ճշտել մեր ինքնությունը, մյուս կողմից էլ՝ առանց խնդիրները հստակ ձեւակերպելու հնարավոր չէ նպատակային աշխատանք տանել**։



-2009-ին, երբ եկա Հայաստան, այդ նույն խնդիրները դրեցի մեր ղեկավարության առաջ ու այդ հարցերը կամաց-կամաց լուծելով՝ գնում էի, որովհետեւ սրանք ամենակարեւորն են՝ հայկական ինքնությունը, էությունը, թե ինչպես կարող ենք ներկայանալ աշխարհին։ Ու երբ տեսա, որ վարչապետն այդ հարցերն առաջ է քաշել, շատ ուրախացա, բայց, միեւնույն ժամանակ, տխրեցի, որովհետեւ 2 հազար տարի է անցել, բայց անընդհատ ուրիշներից կոպիա ենք անում՝ առանց իմանալու, թե մեր ակունքները որտեղից են գալիս, ինչից կարող ենք սնվել, որ ծեսերից։



-**Դուք օրերս նաեւ նամակ եք գրել նախարարին, որտեղ նշել եք, որ 2016-ից ուզում եք հանդիպել իրեն եւ ներկայացնել բալետային արվեստի զարգացման ռազմավարությունը, բայց արձագանք չեք ստանում։ Ո՞րն է պատճառը**։



-Պատճառ չկա, բայց պատճառը, կարծում եմ, նաեւ նրանում է, որ ինքը չգիտի, թե ինչ ասի ինձ։ Ես շատ եմ անհանգստանում այս վիճակի համար։ Մեր ժողովուրդն ինչո՞ւ է գնում դուրս, որովհետեւ այնտեղ արդեն այս ուղղվածությունները հստակ են, մշակված, բոլորը գիտեն, թե ով ուր է գնում, մեզ մոտ ոչ ոք չգիտի, թե ինչ է կատարվում։ Այսօր թատրոնը շատ հստակ ուղղվածություն պետք է ունենա, թատրոնը պետք է հասկանա, թե ինչու «Անուշ» օպերան կամ «Գայանե» բալետն այնպես, ինչպես հիմա է գնում, չի կարող գնալ, որովհետեւ չի համապատասխանում այսօրվա բեմադրական մտածելակերպին, հնարքներին, էսթետիկային, փիլիսոփայությանը, սիմվոլիզմին, այսինքն՝ միագծանի, տափակ, պլակատային ներկայացումներ են, որոնք հայ ժողովրդին ներկայացնում են գեղջկական մակարդակի վրա։ 88թ․ Ռուսաստանն իր թերթերում Հայաստանին ներկայացնում էր անատամ, փափախը գլխներին տատիկ-պապիկների տեսքով, այսինքն՝ այս վերաբերմունքը մինչ այսօր կա, մենք իներցիայով դա ենք ցույց տալիս։ Տուրիստն էլ գալիս՝ մեզ տեսնում է այդ մակարդակի վրա ու չի իմանում, որ 4-5-րդ դարում մենք Մեսրոպ Մաշտոցի երաժշտությունն ունեինք, իսկ 10-րդ դարում՝ Նարեկացի, հետո՝ Արշիլ Գորկի, որ դարձավ համաշխարհային դեմք։ Այդ տրեխներն ու փափախներն էլ են մեր մասը, դրանից էլ չենք փախնում, արվեստի եռանկյունու մեջ՝ ներքեւում, ռաբիզն էլ իր տեղն ունի, ֆոլկլորն էլ, էստրադան էլ, բայց ամենավերեւում մաքուր արվեստն է, որը ներկայացնում է մեր ոգին՝ իր ամենաբարձր արտահայտության մեջ։ Մենք նաեւ պետք է մրցույթ հայտարարենք, թե «Անուշը» ոնց կարող ենք նորովի մատուցել։ Մի քանի տարի առաջ Սերժ Ավետիքյանի կողմից փորձ արվեց, որը խիստ քննադատվեց, բայց դա առաջին փորձն էր, որը վաղը մեզ թույլ կտար ավելի հետաքրքիր լուծումներ գտնել, որովհետեւ «Անուշի» գաղափարը շատ ավելի բարձր է։ Ես չեմ ասում՝ աբստրակտ ձեւով ներկայացնել այդ կոնֆլիկտը, բայց պետք է նորովի ներկայացնել։



-**Եթե Օպերայում, նախարարությունում գոհ են արդյունքներից եւ եղած ներկայացումներով կարողանում են հանդիսատեսի, տոմսերի վաճառքի աճ գրանցել՝ ինչպես իրենք են ասում, ինչո՞ւ պետք է նոր մոտեցում եւ գործելաոճ որդեգրեն։ Որքանո՞վ կստացվի համոզել**։



-Պետք չէ համոզել ոչ մեկին, պետք է խնդիր դնել յուրաքանչյուրի առաջ եւ պահանջել, որ հաշվետու լինեն մեր երկրի առաջ․ երբ պատասխանատվություն չկա, պիտի անընդհատ փախնեն։ Հետո՝ ես չեմ հավատում իրենց ներկայացրած թվերին, դատարկ դահլիճներ են, չգիտեմ որտեղից են նման թվեր ներկայացնում։ Վիճակը շատ տխուր է։



-**Ձեր նամակում նշել եք, որ Էստոնիայի ազգային օպերայի եւ բալետի թատրոնը, որտեղ աշխատակազմը 300 անձով պակաս է մեր թատրոնից, մեկ տարում ներկայացնում է 300-ից ավելի օպերային, բալետային ներկայացումներ եւ կրթական ծրագրեր, իսկ մեր թատրոնը՝ մոտ 60 միջոցառում**:



-Այո, Էստոնիան, որ համարյա մեր երկրի չափ բնակչություն ունի, Էստոնիայի թատրոնը 400 հոգանոց աշխատակազմ ունի եւ տարեկան տալիս է 310-311 ներկայացում։ Մեր թատրոնը, որ 700 հոգի աշխատակազմ ունի, տարեկան տալիս է 60, այն էլ՝ միջոցառում։



-**Ռեա՞լ է այդ թիվը**։



-Այո, բոլորը ֆորմայի մեջ են մնում, անընդհատ լավացնում են իրենց ունակությունները, դրա կողքին դրվում են նաեւ մտածողների, բեմադրողների խնդիրները։



-**Որպես հակափաստարկ՝ Ձեզ կասեն, որ ցանկություն կա, բայց ֆինանս չկա երկրում, եւ, իսկապես՝ այս տարի 7 տոկոսով կրճատվել են մշակույթի ոլորտին տրվող գումարները։ Այս պայմաններում ինչպե՞ս է հնարավոր Ձեր սահմանած նշաձողին հասնել**։



-Ես 25 տարի Ամերիկայում եմ աշխատել, եւ այնտեղ պետությունը գրեթե մասնակցություն չունի, զրո ամբողջ քանի տոկոս է հատկացնում, բայց արվեստը ծաղկում է։ Ուրեմն մոդելները կան, երբ դու արժանի գործ ես անում, որի արժեքը բոլորը հասկանում են, գումարն ինքն իրեն գալիս է։ Գործը գտնում է իր ֆինանսները, այսօր ֆինանս չկա, որովհետեւ արժանի գործ չկա, հենց դա եղավ՝ ֆինանսն էլ կլինի։ Դա ուղղակի պատճառաբանություն է, որ փախնեն գործից։ Մեր երկիրը հենց պատասխանատուներ ունեցավ, ամեն ինչ լավ կլինի։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**