Վեպում ստեղծվող պետություն

Վեպում ստեղծվող պետություն
«Հայաստանում պետականածին ու պետական ինստիտուտների, քաղաքացու ու պետության կապի, բանակի մասին վեպեր չեն գրվում։ Եթե գրվում էլ են, ապա քիչ են եւ մասամբ են այս հարցերին անդրադառնում», - «Բուկինիստ» գրախանութում ասել է Սերժ Սարգսյանը՝ իհարկե, առանց պարզաբանելու, թե ինչ նկատի ունի, կոնկրետ ինչպիսի ստեղծագործություն է ակնկալում, որ այդօրինակ վեպերում արարչական, կոնցեպտուալ, պետականակերտ կառույցնե՞ր սկզբնադրվեն, եւ հետո, իսկ հետո՞ ինչ լինի. պետության քաղաքացին կարդա այդ վեպը՝ գաղափարներ, իմաստասիրություններ, սկզբունքնե՞ր քաղի պետության, ինստիտուտների, քաղաքացու, բանակի վերաբերյալ եւ զուտ այդ ճանապարհո՞վ ըմբռնի քաղաքակրթական, մշակութային հսկայածավալ, բարդ ու հակասական երեւույթները, ինչպիսիք են՝ պետությունը, բանակը, իշխանությունը, հասարակությունը եւ այլն:



Ըստ այս զավեշտալի, թանձր ուտոպիստական դիրքորոշման (ի՜նչ հավատամք․ պարզվում է՝ նախագահը վստահ է գրականության զորեղ, բացառիկ ներգործության վրա), այո՝ հենց այդպես էլ կա, տրամախոհություն է, ըստ այդմ՝ փաստորեն, պետությունը պետություն է դառնում նախ գրականության մեջ, ապա նոր՝ ինքն իր բնույթի:



Այս արտառոց անմտության լրջախոհ պնդումն իրատեսության սահմաններից անդին է: Պետություններ վեպերում ստեղծվում են, քանդվում, բայց պետությունը վեպի ժանրից չի ծնվում ու վեպի ժանրով չի կործանվում: Եթե նախագահը նման բան է հայտարարում, թե պետական ինստիտուտների, քաղաքացու ու պետության կապի, բանակի մասին վեպեր չեն գրվում (ի դեպ, վեպը մեծամտաբար դիտարկելով որպես մնացյալից բարձր, միահեծան ժանր)՝ չիմանալով կամ, ամենայն հավանականությամբ, մերժելով այն, ինչ գրվել է տարիների ընթացքում, քանզի երեւում է՝ իր համար պետությունը, դրա կառավարման ձեւը, բանակը, պետական ինստիտուտներ մերկացնող, քննադատող, սիստեմի դեմ բողոքող, սիստեմը մերժող, այլակերպ գաղափարներ բերող գրքերն ընդհանրապես չեն դասվում «պետականածին», անգամ մերձ թեմաների հետ փոխառնչվող ստեղծագործությունների շարքը:



Ինչեւէ, Չարենցի «Երկիր Նաիրիում», Գուրգեն Մահարու «Այրվող այգեստաններում», Կոստան Զարյանի «Նավը լեռան վրա» վեպում, Հրանտ Մաթեւոսյանի գործերում, իհարկե՝ նաեւ ժամանակակից հայ գրականության մեջ, քիչ չեն նախագահի կողմից այդ ցանկալի բազմաշերտ մոտիվներն ու ընդգրկումները, սիմվոլներն ու ալեգորիաները, որոնց ազդեցությունն ու ներգործությունը պիտի որ վաղուց հեղաշրջած լինեին, այսպես ասած՝ «բարվոք ու դրական» իմաստով, նաեւ հենց իրենց՝ ամենուր պետության, նրա անցյալի, ներկայի, ապագայի, պետականաշինության անունից հանդես եկող ՀՀ իշխանությանը:



Եվ, ուրեմ,ն Սերժ Սարգսյանն ի՜նչ հիմնարար կերպով է խթանում ժամանակակից հայ գրողներին՝ վեր ընկեք ու քաղաքացու, պետության կապի, բանակի մասին մեծագույն վեպեր կերտեք, դարձեք խիղճը ազգի, անմահացրեց ձեր անունը հայ գրականության անդաստաններում, ոգեւորեք մարդկանց, որ չգնան երկրից, սահման պահեն, նահատակվեն, եւ գուցե հենց դո՞ւք օգնեք ՀՀԿ-ին, հենց ձեր վեպերո՞վ նրանք կարողանան պահպանել պետության խարխլված հիմքերը, հիշեք Րաֆֆու ժամանակներն ու խանդավառվեք․ հիշում եք՝ հարյուր տարի առաջ, նրա գրքերից ոգեշնչված, մարդիկ զենք էին վերցնում, մղվում պայքարի, ո՞վ իմանա, գուցե ձեր գրքերն էլ փրկեն, ասենք, երկրի կործանված տնտեսությունը, տնտեսական գերաճ ապահովեն: Ահա, Հայաստանում ապրող ինը հարյուր հազար աղքատ, սոցիալապես անապահով մարդիկ, նստած՝ ձեր պետականաստեղծ վեպերին են սպասում, եւ, ամենակարեւորը՝ սպասում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:





**Արամ ՊԱՉՅԱՆ**